Թրամփը հյուրընկալել է Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետին
Գլխավոր » Լրահոս » Թրամփը հյուրընկալել է Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետին

Թրամփը հյուրընկալել է Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետին

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Միացյալ Նահանգներում հատուկ հյուրընկալման է արժանացել ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփի, այլեւ՝ ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը: Նա Վաշինգտոն էր ժամանել իր երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պաշտոնական պատվիրակության կազմում:

«Ես ներկայացնում եմ մեր երկրի ամենամեծ նահանգը, բայց երբեք չեմ մոռանա, ամեն օր հայությունս կզգամ», — ասել է Գլեդիս Բերեջիկլյանը, ով Վաշինգտոնում գտնվող Արամյան տանը իր կյանքի ճանապարհի մասին է պատմել երիտասարդներին:

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի խոսքով՝ Ավստրալիայի 50-հազարանոց հայ համայնքը շուրջ կես դարի պատմություն ունի ու թեեւ ԱՄՆ-ի համայնքի նման ազդեցիկ չէ, այնուամենայնիվ, կարեւոր դեր է խաղում երկրի կյանքում:

Ինչ վերաբերում է արտերկրում հայկական մշակույթի ու լեզվի պահպանությանը, ապա այդ գործում իր կյանքում հիմնական դերը խաղացել է ընտանիքն ու հայ համայնքը: «Որեւէ երկրում կարող եք ապրել, բայց շատ կարեւոր է, որ մեր հայապահպանման պայքարը շարունակվի»,-եզրափակել է նա:

1