«Միացում»․ Պետք է հին կարգախոսին տալ նոր բովանդակություն. Հրաչյա Արզումանյան
Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ապառաժ»-ը զրուցել է Ստեփանակերտի «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական եւ ազգային անվտանգության խնդիրների փորձագետ, ԱՀ ԱԳՆ նախարարի խորհրդական Հրաչյա Արզումանյանի հետ։
— Ինչպե՞ս եք գնահատում Արցախյան շարժումը հայ ժողովրդի իդեալների իրականացման տեսանկյունից։
— Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ տեղի է ունեցել 1988 թվականին՝ արտահայտվելով «միացում» կարգախոսով, ունի շատ խորն արմատներ։ Արցախյան շարժումը Մեծ եղեռնի եւ 20-րդ դարում ընդունված որոշումների հետեւանք է, երբ Թուրքիայի ազդեցության տակ բոլշեւիկ-քեմալականները Արցախը եւ Նախիջեւանը հանձնել են Ադրբեջանին։ Հայ ժողովրդի՝ դարերով կուտակված՝ պետականությունը վերականգնելու ցանկությունը, հույսը եւ կամքն արտահայտվեցին 1988 թվականին։
Հայությունը գիտակցում էր, որ Արցախի հայությանը սպասվում է Արեւմտյան Հայաստանի հայության ճակատագիրը։ Այդ իսկ պատճառով Արցախի առջեւ դրված էր երկու նպատակ՝ Արցախի հայության փրկությունն ու Արցախի միացումը Հայաստանին։
Փորձի պակասության եւ ճակատագրի բերումով որոշվեց, որ այդ նպատակներին կարելի է հասնել միայն հայկական 2 պետությունների միջոցով։ Ճանաչված-չճանաչված՝ երկրորդական խնդիր էր։ 30 տարի անց կարող ենք արձանագրել, որ հաջողեցինք։ Այսօրվա դրությամբ մենք ունենք երկու պետություն, երկու կառավարման համակարգ, բայց իրականում մենք ունենք դե ֆակտո մեկ Հայաստան։ Հայաստանն ու Արցախն ունեն միասնական զինված ուժեր, ազգային անվտանգության համակարգ, միասնական ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական ոլորտ, կրթական համակարգ եւ այլն: Կարելի է ասել, որ 95 տոկոսով միացումը տեղի է ունեցել։
Արցախյան շարժումն ապացուցեց, որ մենք ի վիճակի ենք դնել համաժողովրդական խնդիրներ եւ լուծել դրանք։ Արցախյան շարժումը եւ հաղթանակը առաջընթաց եւ փոփոխություն դարձավ հայության համար։ Հայ ազգի միասնությունը տեղի էր ունենում միայն վերքի, աղետի եւ այն հիշատակի շուրջ, որ մեզ կոտորել են։ Արցախյան շարժումը եւ հաղթանակը կոտրել են այդ կարծրատիպը։ Մենք հասկացանք, որ կարող ենք լինել ոչ միայն զոհի դերում, այլ ի վիճակի ենք կռվել եւ հաղթանակել։
— Ի՞նչ նշանակություն է ունեցել Արցախյան շարժումը գլոբալ քաղաքական տեսանկյունից։
— Գլոբալ իմաստով՝ ակնհայտ է, որ 30 տարի առաջ նախաձեռնված գործընթացը 20-րդ դարավերջին տեղի ունեցող փոփոխությունների միայն մեկ բաժինն է։ Արցախյան շարժումն ուներ ոչ միայն տարածքային-քաղաքական, այլ գլոբալ-քաղաքական նշանակություն։ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք կարողացել ենք առաջ քաշել եւ լուծել համահայկական խնդիրներ։ Այն փորձառությունը, որը մենք ձեռք են բերել այս 30 տարվա ընթացքում, ունիկալ է եւ օգտագործվելու է առաջիկա հայկական խնդիրների լուծման համար։
— Ինչպես Արցախյան շարժման օրերին, այնպես էլ այսօր՝ աշխարհում ազատության ձգտող ժողովուրդների ու երկրների թիվը չի կրճատվում։ Ըստ Ձեզ՝ տարբերվու՞մ են արդյոք ազատության ձգտող ժողովուրդների ցանկություններն ու տեսլականները:
— Ազատության իդեալն, իհարկե, անխտիր եւ անփոփոխ է բոլոր ժողովուրդների համար, բայց ազատության ձեւը եւ այդ իդեալի իրականացումն ու տեսլականը բնականաբար տարբեր են։ Ազատության հայկական բանաձեւը տարբերվում է Հարավային Սուդանի՝ ազատության մասին պատկերացումից։ Դա բնական է։ Ազատ եւ անկախ լինելու ազգերի իրավունքն ընդհանուր է՝ որպես երեւույթ, բայց չպետք է ընդհանրացնել Արցախի, Աբխազիայի, Հարավայի Օսիայի, Պրեդնիստրովիայի խնդիրը չճանաչված երկրների կարգախոսի տակ։ Արցախյան հարցի լուծումը բացառապես արցախյան է լինելու։
— Ինչպե՞ս եք գնահատում Արցախյան հիմնահարցի կարգավորման ներկա փուլը եւ ի՞նչ հեռանկար եք տեսնում:
— Արցախյան խնդիրը, որ դրված էր հայ ժողովրդի առջեւ 1988 թվականին, լուծված է։ Մենք հասել ենք մեր նպատակին՝ Արցախի հայությունը փրկված է, Արցախը դե ֆակտո միացել է Հայաստանին։ Հայ ազգի համար այդ խնդիրը փակ է։ Մնացել են միջազգային ասպեկտները՝ Արցախի Հանրապետության ճանաչումը, իսկ դա արտաքին ասպարեզի խնդիր է։ Անկախ նրանից, թե երբ եւ ինչպես կլուծվի այդ խնդիրը, 21-րդ դարում հայ ժողովուրդի առջեւ ծառացած են այլ, որակապես ավելի բարդ խնդիրներ։ Եվ այդ նոր խնդիրները լինելու է ավելի մեծ չափացույցով, որովհետեւ մենք, տարածաշրջանը եւ աշխարհը փոխվել ենք։ Այդ իսկ պատճառով՝ հայ ազգը պետք է դադարեցնի հետ նայել։ Լավ կամ վատ ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրը 20 դարի վերջում այդ արդեն ամրագրվել է պատմության գրքերում, դարձել են հայոց պատմության մի մաս։ Այսօր մենք ունենք սահմաններ, պաշտպանության և ազգային անվտանգության համակարգ, երկիր եւ հնարավորություններ։ Վերջ։ Պետք է խոսենք եւ մտածենք այն խնդիրների մասին, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջեւ 21-րդ դարում։
Մենք ապրում ենք հետխորհրդային տարածաշրջանում, որն այսօր բավականին պայմանական է։ Հետխորհրդային տարածքում տեսնում ենք կոնֆլիկտներ եւ զանազան երկրների ազդեցությունն այդ հակամարտությունների վրա: Կառուցվում է նոր երկիր, նոր աշխարհ, նոր գլոբալ համակարգ։ Այդ նոր գլոբալ համակարգում հայերն, իհարկե, կունենան հին-նոր հայկական խնդիրներ, եւ այդ խնդիրներն ավելի շատ կապված չեն լինելու կոնկրետ Արցախի հետ։ 21-րդ դարում մեր առջև կանգնաք են սպառնալիքներ և ազգային անվտանգության խնդիրներ, որոնք այլեւս լոկալ չեն։ Նման շքեղության մասին այլեւս կարող ենք մոռանալ։ Նոր ռազմական կոնֆլիկտներում ուղղակի ներքաշված են լինելու տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կենտրոննե։ Ծագած կոնֆլիկտները ավելի շուտ նմանվելու են Սիրիայում տեղի ունեցող իրավիճակին. շատ մասնակիցներ՝ իրենց շահերով։
— Հայ ժողովրդի ազատագրական պայքարի մեջ Արցախը միայն մի բաժինն է կազմում։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է Միացյալ Հայաստան երազանքի իրականացումը։
— Հակ դատը միջազգային, ռազմական, քաղաքական իմաստով մնում է չլուծված։ Այսօր մենք պետք է պատրաստվենք լուծելու այդ, քանի որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները նպատակ ունեն վերականգնելու Առաջին համաշխարհային պատերազմում ստեղծված իրավիճակը։ Իսկ դա բխում է հայկական շահերից։ Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ Վուդրո Վիլսոնի արբետրաժային վճիռը եւ Սաքս Պիկոյի որոշումը 21-րդ դարում կդառնան իրականություն։
Մենք, ցավոք սրտի, չունենք անհրաժեշտ ռազմական պոտենցիալ այդ խնդիրը լուծելու համար, բայց Արցախյան շարժմանը օրոք հայ ժողովուրդը եւս պատրաստ չէր։ Միայն շարժման ընթացքում գիտակցեցինք, որ մեր նպատակին կարող ենք հասնել զենքով։ Մենք անպատրաստ ենք մտել պատերազմի մեջ, եւ այդ դասը պետք է հաշվի առնել։ Այսօր մենք ունենք պետություն, մտավորականներ եւ համահայկական ներուժ նոր մարտահրավերներին պատրաստ լինելու համար։ Ցավոք սրտի, մինչեւ այսօր դասեր չենք քաղել։ Ապացույցը՝ Ապրիլյան պատերազմն էր։
Համահայկական խնդիրների մեջ մենք իրավունք չունենք սահմանափակվել միայն Արցախյան հաղթանակով։ Այս 30 տարին մենք միայն վայելել ենք եւ հասցրել սովորել նրան, որ մեզ պետք է օգնեն. համոզվել ենք, որ պարտավոր են։ Մեզ ժամանակ են տվել, սիրել եւ գուրգուրել են, իսկ հիմա եկել է ժամանակը՝ մտածել, որն է լինելու Արցախի խնդիրները 21 դարում, որն է լինելու Արցախի դերը համահայկական խնդիրների լուծման մեջ։
Եթե 20-րդ դարավերջին «միացում» կարգախոսով հասանք Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների միացմանը եւ լուծեցինք մեր ժողովրդի առաջ դրված խնդիրը, ապա 21-րդ դարում, դարձյալ օգտվելով հին կարգախոսից, պետք է այն լիցքավորենք նոր իմաստով, այն է՝ համայն հայության միացում: «Միացում»՝ հին կարգախոսին պետք է տալ նոր բովանդակություն։ Մեզ համար այժմ դա անհրաժեշտություն է։ Այդ միացումը պետք է կազմակերպվի, իսկ կարգախոսի հստակեցումը գուցե լինի առաջին քայլը մեծ խնդիրներ լուծելու համար։
Միացումը պետք է լինի ոչ թե տարերայնորեն, ինչը տեղի էր ունեցել 88-ին, 92-ին եւ ապրիլին, այլ՝ համակարգված։ Որեւէ արտակարգ իրադարձության ժամանակ միայն «միացումով» զբաղվելը չափազանց մեծ շքեղություն է։ Մենք պետք է սովորենք դնել ու լուծել համահայկական խնդիրներ նաեւ խաղաղ պայմաններում։
Արցախյան հաղթանակից հետո կանգնեցինք ավելի մեծ խնդիրների առջեւ, որոնց լուծման համար դեռեւս ժամանակ ունենք, սակայն, միեւնույն ժամանակ, պետք է շտապել։ Եթե Արցախի հարցը լուծում է գտել, ուրեմն պետք է փորձել կազմակերպվել եւ ավելի մեծ նպատակներ դնել հայ ժողովրդի առջեւ։ Օգտագործենք ձեռք բերված փորձառությունը ավելի մեծ խնդիրներ լուծելու համար։ Իսկ փորձը փաստում է՝ երբ հայ ժողովուրդը միավորվում եւ իր առջեւ նպատակ է դնում, նվաճում է այն։
Լուսինե Թեւոսյան