Մի պահ այն օրերից
«Ասկերանի վիճակը ծանր էր…
Պետք էր դիմակայել». Ալյոշա Գաբրիելյան
(Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր)
1987թ. ես Ասկերանի շրջանային կրթության վարչության ղեկավարն էի: Մեկ ամսով բացակայում էի Ղարաբաղից: Վերադառնալուց հետո տեսա, որ բավականին գործ է կատարվել: Նախաձեռնող խումբը (Սլավիկ Առուշանյան, Սլավիկ Միրզոյան, Ալբերտ Ավանեսյան, Կոմիտաս Դանիելյան) ինձ, որպես պաշտոնյա, առաջարկեց միանալ ստորագրություններին: Ես համաձայնեցի:
Ինձ համար վճռական էր 1988թ. հունվարի սկզբներին Նորագյուղում կայացած խիստ գաղտնի ժողովը, որտեղ պետք է նախանշվեին առաջիկա գործողությունները: Ժողովին մասնակցում էին նաև Իգոր Մուրադյանը, Վաչե Սարուխանյանը, որտեղ (հաշվի առնելով, որ մոտակա ժամանակներում կոլտնտեսություններում պետք է լինեն հաշվետու ժողովներ) որոշվեց՝ այդ ժողովներում Հայաստանի հետ վերամիավորման ինչ-որ բանաձևեր ընդունել: Նորագյուղի ժողովում էլ մշակվեց տեքստը:
Կոմկուսի կենտկոմի Արցախի դրածոների և Ադրբեջանի Կոմկուսի ղեկավարների կողմից արշավանք կազմակերպվեց Արցախի վրա: Տարբեր շրջկենտրոններում կուսակցական ակտիվին հրավիրում էին ժողովների, որպեսզի ապացուցեն, որ սա ազգայնական շարժում է, ժողովրդի ցանկությունը չէ, ինտերնացիոնալիզմը ավելի վեհ է, քան անջատողականների, ծայրահեղականների բռնած գործերը: Եթե մենք այդ ժամանակ քայլեր չձեռնարկեինք, ստացվելու էր, որ սա կազմակերպում է ծայրահեղականների մի խումբ, որոնց հեշտ է վերացնելը: Անհրաժեշտ էր ժողովրդին ոտքի կանգնեցնել: Ասկերանի թերթի խմբագիր Կոմիտաս Դանիելյանի գրասենյակում կայացած հավաքի ժամանակ մտավախություն կար, որ եթե ժողովուրդը չկանգնի, չընդդիմանա Ադրբեջանի Կոմկուսի և Ղարաբաղի նրանց դրածոների ձեռնարկած քայլերին, ապա հեշտությամբ կջարդվի, կփշրվի սկսված գործընթացը: Արդեն հրահանգ կար՝ նախաձեռնող խմբին մեկուսացնելու: Փրկության միջոցներից էր Շարժմանը համաժողովրդական բնույթը տալը:
Ասկերանում իրադարձությունների գագաթնակետը համարում եմ փետրվարի 12-ը: Ժողովուրդը Ասկերանում առաջիններից մեկն ըմբոստացավ և 1988թ. փետրվարի 12-ին դուրս եկավ միտինգի: Այն ժամանակ հեշտ չէր հրապարակ դուրս գալը, որովհետև մասնակիցները հետապնդվում էին ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցների կողմից: Սակայն ժողովուրդը դուրս եկավ և դրանով շարժումը տապալելու Ադրբեջանի ծրագիրը ձախողվեց:
Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների կողմից քայլեր էին ձեռնարկվում շարժումը խեղդելու համար: Արդեն մի քանի շրջաններում և մարզկոմում հաջողել էին կուսակցության շրջանային խորհուրդների մակարդակով այն դիտարկել որպես ծայրահեղականների բռնած գործ, որը հակասում էր ինտերնացիոնալիզմին: Այս պրոցեսը կանգնեցնելու համար փետրվարի կեսերին մարզկենտրոնում ստեղծվեց նախաձեռնող խումբ, որը որոշեց մարզխորհրդի գործկոմի նիստ հրավիրել: Ներքին կարգով որոշվեց նիստի օրը՝ փետրվարի 20: Ադրբեջանի իշխանությունները, իմանալով դրա մասին, ամեն ինչ արեցին, որպեսզի այն չկայանա. ճանապարհներ էին փակում, ստուգումներ էին անցկացնում: Բայց այնպես էր ամեն ինչ կազմակերպված, որ մարդիկ նույնիսկ ձիերով հաղթահարում էին խոչընդոտները և ներկայանում: Քվորումը կար և նիստը սկսվեց. կայացվեց պատմական որոշումը, որին, իհարկե, ընդդիմացան:
Կարելի է ասել, որ առաջին մարտական գործողությունը Ասկերանում է տեղի ունեցել՝ փետրվարի 22-ին: Թուրքերը Աղդամում միտինգ կազմակերպեցին, որից հետո սև շորեր հագած, մահակներով, երկաթյա ձողերով Ասկերանով շարժվեցին դեպի Ստեփանակերտ՝ իբր խաղաղ ցույցի: Հրոսակները գալիս էին ոչ միայն ճանապարհով, այլ գետով, խաղողի այգիներով, մժեղների նման. ճանապարհին ում ինչ պատահում էր՝ ջարդում-փշրում էին: Ասկերանի վիճակը ծանր էր, քանի որ Աղդամը թուրքերի հենակետն էր, կենտրոնը: Խոջալուին էլ քաղաքի կարգավիճակ էին տվել և Ասկերանը երկու կողմից շրջապատել: Պետք էր դիմակայել: Շրջանի՝ հատկապես մոտակա գյուղերի բնակիչները շղթա կազմեցին և զինված ադրբեջանցիների դեմն առան:
«Ժողովուրդը հավաքվել էր Ստեփանակերտի հրապարակում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար».
Վերա Ջուլհակյան
30 տարի առաջ՝ այս օրերին ես ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահ Վ. Օսիպովի քարտուղարն էի: Փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը պիտի գումարվեր, որտեղ պիտի գրավոր որոշվեր Հայաստանի հետ միացումը: Ժողովուրդը հավաքվել էր Ստեփանակերտի հրապարակում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար: Ամբողջ քաղաքում բոլոր գործարանները, խանութները փակ էին, բոլորը դուրս էին եկել փողոց, տներում մարդ չկար: Ես էլ մնացել էի աշխատանքի վայրում, որպեսզի անցուդարձին, որոշումներին տեղյակ պահեմ: ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն ընդունեց որոշում՝ դիմել Ադրբեջանական ԽՍՀ-ին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով: Որոշումը կայացնելուց հետո արձանագրությունների բաժնի աշխատակից Մարգարիտա Գասպարյանը փաստաթուղթը պատուհանից ցույց տվեց ժողովրդին: Միայն պետք էր տեսնել հրապարակում հավաքված մարդկանց ոգևորությունը. ինչ ուրախության ճիչեր են բարձրանում՝ կարծելով, որ արդեն միացել ենք, վերջ: Բոլոր պատգամավորներն արդեն ստորագրել էին պատմական որոշումը: Փաստորեն, փաստաթուղթն օրինական ուժ ուներ, բայց ժողովրդի աչքին առանց կնիքի այն արժեք չուներ: Եվ ահա, հրապարակում հավաքված ժողովուրդը պահանջում է մարզգործկոմի նախագահ Օսիպովից` կնիքով հաստատել այն: Բայց կնիքն իր մոտ չէր:
Տպավորվել է նաև հետևյալ դեպքը: Պատմական որոշման կայացումից մի քանի օր հետո Վարդան Հակոբյանը, Հրաչյա Բեգլարյանը, Գուրգեն Գաբրիելյանը մտնում են նրա մոտ` ասելով՝ դու հայ չես, ինչու՞ չես տալիս կնիքը: Օսիպովը պատասխանում է՝ ես հայ եմ, շատերից էլ լավ հայ եմ, բայց կնիքը իմ մոտ չէ:
Փետրվարի 20-ին օմոնականները շրջապատել էին հրապարակը: Հիշում եմ՝ ներքևից ցուցարարների մի խումբ էր բարձրանում: «Միացում Մայր Հայաստանին» գրությամբ պաստառով մի աղջիկ ճեղքում է օմոնականների շարքը և առաջ անցնում: Օմոնականները չեն կարողանում կանգնեցնել նրան. մարդիկ դրանից ավելի են ոգևորվում: Այդ պատկերը շատ է տպավորվել: Ափսոս, այդ աղջկա անունը չգիտեմ:
«Մենք առաջինն էինք եւ դարձանք օրինակ». Վալերի Ալեքսանյան
(Արցախյան շարժման մասնակից, Ստեփանակերտի գիտական կենտրոնի գրադարանի վարիչ)
1994 թվականի հունվարին՝ պատերազմական գործողությունների դժնդակ եւ բախտորոշ օրերին, ստացանք Եվրախորհրդարանի կողմից ուղարկված հրավերը՝ մասնակցելու հայ-ադրբեջանական հարցի քննարկման Եվրախորհրդարանի հատուկ նիստին։ Ստեղծվեց պատգամավորական խումբ իմ գլխավորությամբ եւ Մաքսիմ Միրզոյանի ու Զորի Բալայանի մասնակցությամբ։ Մեկնեցինք Փարիզ, Ստրասբուրգ։ Նիստի ընթացքում ՀՅ Դաշնակցության Ֆրանսիայի կառույցի անդամները դիմեցին մեզ՝ Արցախ վերադառնալուց մեզ հետ զինամթերքի խմբաքանակ բերելու առաջարկով։ Ես եւ Մաքսիմը մտածելու կարիք չունեինք։ Մի քանի օր անց մեզ հետ Արցախ հասցրինք 2 մետրի չափ, 13 տուփ զինամթերք։ Երբ Գեորգի Պետրոսյանը տեսավ արկղերի չափերն ու միջի պարունակությունը՝ ասաց, որ եթե մեզ բռնեին, կարժանանայիք Համբիկ Սասունյանի ճակատագրին՝ զմահ ազատազրկմանը։ Բայց մեզ սպառնացող վտանգի մասին մի վայրկյան անգամ չենք մտածել։ Մեր զոհված ո՛ր մի տղայից էինք ավել. այն էլ՝ հո մեծ բան չենք արել, պարտավոր էինք բերել։
«Արդեն քվորում կար և նստաշրջանը կարող էր սկսվել». Ռազմիկ Պետրոսյան
Փետրվարի 12-ին Ստեփանակերտի Մարզխորհրդի դահլիճում ժողով է կայացել, որին մասնակցում էին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովը, այլ պաշտոնյաներ: Ասում էին՝ ցույցեր, ստորագրահավաքներ մի արեք, Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմից դուրս չի գալու:
Ես Ստեփանակերտի Շահումյանի անվան մարզադահլիճի տնօրենն էի: Փետրվարի 14-ին ինձ մոտ են հավաքվում շարժման ղեկավարներ Արկադի Մանուչարովը, Վաչագան Գրիգորյանը, Ռադիկ Աթայանը, Ռոլես Աղաջանյանը: Վաչագան Գրիգորյանն առաջարկում է նստաշրջան հրավիրել: Բայց մինչ այդ պետք էր բոլոր շրջաններին տեղյակ պահել, համաձայնությունն ստանալ: ԼՂԻՄ մարզխորհրդի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանի մոտ եմ գնում, ասում նստաշրջան հրավիրելու մասին: Հարցին՝ ովքեր են համաձայն, թվարկում եմ: Ասում է՝ «Քիչ են: Եթե Մարտակերտը համաձայն չլինի, ոչինչ չի ստացվի»: Մարտակերտն այն ժամանակ ամենամենամեծ շրջանն էր, ԳԽ պատգամավորների մեծ մասն այնտեղից էին և, բնականաբար, առաջինը պետք էր Մարտակերտի պատգմավորների համաձայնությունն ստանալ: Փետրվարի 15-ին իմ մեքենայով գնում եմ Մարտակերտ: Հանդիպում եմ այնտեղի ակտիվիստներից Վիգեն Շիրինյանին, այնուհետև Մարտակերտի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանին: Նա համաձայնում է նստաշրջան հրավիրելու առաջարկին: Նույն օրը գնում եմ Մարտունի՝ Մարտունու շտաբի ղեկավար Վոլոդյա Խաչատրյանի մոտ: Մարտունու առաջին քարտուղարը, լսելով մեր առաջարկը, ասաց, որ ինքը ոչ մի բանի չի խառնվելու, բայց վստահեցրեց, որ ամեն ինչ կկարգավորեն: Մարտունուց զանգեցինք Արթուր Մկրտչյանին և Վիգեն Գրիգորյանին: Քանի որ հեռախոսով չէինք ուզում ասել, Վոլոդյան նստաշրջանի մասին տեղեկացնելու համար ճանապարհվեց Հադրութ:
Շմավոն Պետրոսյանին տեղյակ եմ պահում, որ շրջաններում համաձայն են նստաշրջանին: Ասում է, որ փետրվարի 17-ին մարզխորհրդում ժողով է լինելու, այնտեղ պետք է որոշվի արտահերթ նստաշրջանի հրավիրումը, որի համար անհրաժեշտ է գործկոմի 11 անդամներից 4-ի ստորագրությունը: Ստորագրում են Վաչագան Գրիգորյանը, Ռադիկ Աթայանը, Վիգեն Հայրապետյանը և Լենոր Ղազիյանը:
Փետրվարի 18-ին նստաշրջանի մասին հեռագրերն ուղարկվում են բոլոր շրջաններ: Փետրվարի 20-ին Մարտունու, Ասկերանի ճանապարհները փակում են, թույլ չեն տալիս, որպեսզի պատգամավորները գան Ստեփանակերտ: Դրան ի պատասխան՝ ցուցարարները մարզխորհրդի շենքում գտնվող՝ Պոլիտբյուրոյի Կենտկոմից Դեմիչևի, Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Բագիրովի ճանապարհը փակում են, չեն թողնում ճաշի գնան: Ճանապարհը փակողները հիմնականում կանայք էին՝ Արաքսյայի գլխավորությամբ: Ոստիկանության պետ Իսագուլովին հրահանգում են պարզել ճանապարհը փակողներին: Իսագուլովին ասում ենք, որ ԳԽ պատգամավորներին թույլ չեն գալիս մտնել Ստեփանակերտ: Նա զանգում է Ասկերան, Մարտունի, և դրանից հետո մեր պատգամավորները շարժվում են դեպի Ստեփանակերտ, մենք էլ պաշտոնյաների ճանապարհն ենք ազատում:
Նստաշրջանի սկզբում քվորումի հարց կար: Ինձ երկու բացակա պատգամավորների անուններ են ասում: Ագրոպրոմի տնօրեն Հենրիխ Պողոսյանի հետ եմ խոսում. ասում է, որ չգալու լուրջ պատճառներ ունի: Հետո գնում եմ դատավոր Կոլյա Դադայանի տուն, տեսնում, որ որ 40° ջերմությամբ պառկած է անկողնում: Բայց, չնայած դրան, եկավ: Չէր կարողանում կանգնել: Ձեռքից բռնած բարձրացրել եմ, գրանցվել է, հետո հետ տուն եմ տարել: Արդեն քվորումը կար, և նստաշրջանը կարող էր սկսվել: Դրանից հետո եկան Բաքվից ժամանած՝ տեղացի որոշ պաշտոնյաներ: Բագիրովը ելույթ ունեցավ՝ ասելով, որ հանրապետության կարգավիճակ կտան, ընդունում են իրենց սխալները, ասաց՝ ինչ ուզում եք, կանենք, բայց նստաշրջան մի արեք: Բայց արդեն ուշ էր…
«1988թ. փետրվարի 12-ը Հադրութում». Երմոնյա Զաքարյան
Նախնական շրջափուլում ամենակարևոր հարցերից մեկը ստորագրահավաքն էր: Աշխատավոր գործ էր, գործիչները պետք է շրջեին բոլոր բնակավայրերը և ստորագրություններ հավաքեին: Հադրութցի գործիչների՝ ազատագրական պայքարի ըմբռնումն այն էր, որ պետք է գործել բացահայտ, որովհետև գաղտնիությունը ժողովրդի երկյուղի մեջ էր պահում:
Այն ժամանակվա իշխանությունները, պայքարի այս եղանակից ու թափից վախեցած, փորձեր արեցին նոր ուժին հակադիր ուժ գործադրել, կուսակցական վերնախավի ժողովներ անցկացնել և գնահատականներ տալ պայքարին ու գաղափարաբանությանը: Ուժի կիրառումն իշխանությունները փորձում էին իրագործել մեղմ եղանակով, որովհետև մթնոլորտը նպաստավոր չէր բռնությունների համար:
Մարզի ամբողջ տարածքում իշխանությունները պիտի միաժամանակ ու համանգամայն ժողովներ գումարեին: Հադրութ ժամանեցին կուսակցության պատասխանատու պաշտոնյաներ: Ժողովը պիտի տեղի ունենար փետրվարի 12-ին, ժամը 12-ին, շրջկոմի շենքում: Ժողովականներն արդեն հավաքվել էին, երբ երիտասարդների մի խումբ դիմեց անկանխատեսելի քայլի: Նրանք նախ գնացին և ասացին, որ ոչ ոք իրավունք չունի նման ժողով անցկացնելու, և իրենք թույլ չեն տա: Ապա սկսեցին աղմուկ-աղաղակ բարձրացնել: Ժողովուրդն աստիճանաբար հավաքվեց՝ խանգարելով ժողովի ընթացքը: Այնուհետև սկսվեց հանրահավաքը և կուսակցական ժողովն ի զորու չեղավ որևէ որոշում կայացնելու:
Այնուհետև ժամանում է մարզգործկոմի քարտուղար Օսիպովը ու փորձում ժողով գումարել, անցկացնել այն մտացածին գաղափարը, թե իբր Հադրութը դեմ է միացմանը: Աննախադեպ էր մի քանի մարդկանցով բարձր իշխանությունների կամքին հակառակ գնալը, մարզգործկոմի նախաձեռնությունը տապալելը: Տղաները հանդգնեցին այդ քայլն անել: Մեկ ժամ շարունակ չթողեցին Օսիպովին մտնել ժողովի սրահ: Ի վերջո, երբ մտնում է, այլևս չեն թողնում դուրս գալ: Դրանից հետո ժողովականներին այնքան պահեցին, մինչև ժողովուրդը եկավ, լցվեց դահլիճը: Հադրութի ազգաբնակչությանը՝ միացմանը դեմ հանելու իշխանությունների մտադրությունը ձախողվեց. ժողովուրդը պաշտպանեց միացման գաղափարը:
«Ապառաժ»