Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
Գլխավոր » Լրահոս » Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ

Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ

Բրյուսել, 19 փետրվարի 2018 թ.- ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորների նախաձեռնությունը` դանիացի պատգամավոր Անդրես Պրիմդալ Վիսթիսենի գլխավորությամբ: Նախաձեռնության անդամները գրավոր հարցում են ուղղել Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, բացատրություն պահանջելով, թե ինչու ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչները և այլ ԵՄ պաշտոնայներ երբեք չեն այցելում Արցախ, թեև դրա համար ունեն բոլոր իրավական հիմքերը:

Պատգամավորները նաև հարցնում են, թե որքանով է ԵՄ գերագույն հանձնակատարը հաշվի առնում Արցախի ժողովրդի կարծիքը, քանի որ վերջինս վճռորոշ է խաղաղության գործընթացում:

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային իրավունքում որևէ հիմք չկա, Ադրբեջանը ստեղծել է այսպես կոչված «սև ցուցակ», որն օգտագործվում է հատկապես արևմտյան քաղաքական և հասարակական գործիչներին շանտաժի ենթարկելու և դեպի Արցախ նրանց այցելությունները կանխարգելելու նպատակով: Արցախի ժողովրդի լիակատար մեկուսացման իր քաղաքականության մեջ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները` փորձելով խոչընդոտել Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը՝ հատկապես ժողովրդավարության, կրթության և տնտեսական զարգացման ոլորտներում:

«Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող երկրների կողմից ընդունված միակ պաշտոնական միջնորդն է: Այնուամենայնիվ, որպես soft power, Եվրամիությունը կարող է, և պետք է անի ավելին, որպեսզի նպաստի Արցախում խաղաղության գործընթացին», – նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակի նախագահ Գասպար Կարապետեան:

Կարապետեանը նաև հավելեց. «Խրախուսելի է, որ Եվրամիությունը մարդասիրական և կրթական ծրագրեր է իրականացնում տարածաշրջանի այլ հակամարտող գոտիներում, ինչպիսիք են Հարավային Օսիան և Աբխազիան: Բայց մենք դեռևս որևէ բացատրություն չունենք, թե ինչու ԵՄ-ն դա չի արել Արցախում կամ ականջալուր չի եղել արցախցիների ձայնին»:

«Այն փաստը, որ քաղաքական բոլոր խմբավորումներից այսքան մեծ թվով Եվրախորհրդարանի պատգամավորներ բարձրացրել են այս հարցերը, ցույց է տալիս, որ ԵՄ օրենսդիրներն ներկայումս ավելի լավ են իրազեկված Արցախի ժողովրդի ներկայիս սոցիալական ու տնտեսական մեկուսացման վերաբերյալ և սկսել են հարցականի տակ առնել ԵՄ-ի պասիվ վերաբերմունքը: Այս հարցերը նույնպես կարևոր են, որպեսզի հասկանանք, թե ինչու են Եվրամիության պաշտոնյաները խուսափում Լեռնային Ղարաբաղ այցելելուց՝ չնայած այն հանգամանքին, որ դա առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալու լավագույն տարբերակն է», – եզրափակեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակի նախագահը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակը կհետևի Եվրամիության գերագույն հանձնակատարի արձագանքին, որն ակնկալվում է առավելագույնս վեց շաբաթից:

Գրավոր հարցման հղումը ստորև.

http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?pubRef=-//EP//TEXT+WQ+E-2018-000464+0+DOC+XML+V0//EN&language=en

1