Հուզված եմ ձեր ուժից. Նատալինին այցելեց Ծիծեռնակաբերդ
Հայաստանում է Բրազիլիայի Կանաչների կուսակցությունը ներկայացնող, Երևանի քույր-քաղաք Սան Պաուլոյի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինին: Նրան ուղեկցում է Բրազիլաիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գևորգ Զատիկյանը:
Տեղեկացնենք, որ Նատալինին ակտիվ գործունեություն է ծավալում Հայ Դատի աշխատանքների ուղղությամբ: Նա պաշտպանում է նաև Արցախի ինքնորոշման իրավունքը:
Նատալինին հունվարի 7-ից Հայաստանում է ՀՅԴ հրավերով և կվերադառնա Բրազիլիա հունվարի 10-ին: Նշենք նաև, որ նա այս տարի կմասնակցի Բրազիլիայի խորհրդարանական ընտրություններին:
Նատալինին երեկ հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Yerkir.am-ի հետ զրույցում նա հայտնեց` քանի որ Երևանն ու Սան Պաուլոն քույր-քաղաքներ են, մի շարք համաձայնություններ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Քաղաքապետի հետ խոսվեց երկու քաղաքների փոխաշխատանքների մասին: Մինչև անգամ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Սան Պաուլոյի քաղաքապետը այցելի Երևան` քաղաքի 2800-ամյակին մասնակցելու»,- ասաց Նատալինին:
Նա նշեց, որ քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ թեև խոսվել է տարբեր թեմաների մասին, բայց ամենակարևորն այն է, որ ավելի մոտեցնեն Սան Պաուլոն Երևանի, ինչու ոչ` նաև Արցախի հետ, ընդ որում` ոչ միայն մշակութային մասով, այլ նաև` քաղաքական:
Նատալինին մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ հանդիպումներ է ունեցել մի քանի հայ պատգամավորների հետ:
Այսօր Նատալինին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին, այցելեց նաև Ցեղասպանության թանգարան: «Շատ հուզված եմ: Ես ծանոթ եմ ձեր պատմությանը և հիմա շատ հուզված եմ, որ կարողացա անմեղ զոհերի հիշատակի դամբարանի մոտ ծաղիկներ դնել»,- ասաց նա:
Բրազիլացու խոսքով` իրեն ամենից շատ հուզել է այն, որ հայերը շատ են կարևորություն տալիս իրենց արմատներին, անցյալին և ներկային: «Դուք կարևորություն եք տալիս անցյալին` պաշտպանելով երկու կողմերը` մոդեռնը և արմատները: Այդ կերպ պատմություն եք կարողանում պաշտպանել, և ես հուզված եմ ձեր այդ ուժից»,- շեշտեց նա:
Նատալինին նշեց, որ այն, ինչ տեսել է Սան Պաուլոյի հայ գաղութում, կարող է փաստել, որ այստեղ էլ հայերը նույն մաքուր ազգն են: «Նույն մաքուր, աշխատասեր ազգն եք. ինչ-որ կարծում էի, եք, այստեղ կարողացա ավելի պարզորեն նկատել և հաստատել»,- ասաց նա:
Նատալինին նաև տեղեկացրեց, որ հունվարի 5-7-ը եռօրյա այցով եղել է Արցախում: «Շատ տպավորված եմ Արցախով: Այնտեղ հայերի հետ միասին նշեցի Սուրբ Ծնունդը, եղա Շուշիում, Գանձասարում: Ուրախ և ոգևորված եմ Արցախում լինելուց հետո»,- ասաց նա: