Նրանց պարզապես պետք է հիշել

Գույժ «Երկիր», 10 նոյեմբերի, 1992թ., թիվ 217 (306)
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Կենտրոնական Կոմիտեն գուժում է նահատակությունը ՀՅԴ անդամ ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ, որը զոհվեց Արցախում՝ մարտական առաջադրանք կատարելիս։ (Հուղարկավորությանը այսօր, ժամը 14։30-ին, Ազատության հրապարակից)
Հավերժ ապրելու իրավունքը նրանցն է, ում ի վերուստ տրվում է այդ շնորհը։ Գնում են լավագույն տղաները, գնում, բայց չեն հեռանում մեզանից, որովհետեւ մեր օրը լցնողներն են ու մեր մաքառման սուրը փայլուն պահողները։ Նրանք չեն բաժանվում մեզանից, նրանք մեր արյանը հիացական դող են հաղորդում, որ փոխանցվելու է սերունդներին ու որպես առասպել ուղեկցելու է նրանց։
Մեր գոյության արդարացումը նրանց գիտակցական մահն է: Նրանք մեր արյունն են ու հավատը։
Այս անգամ էլ կորցրեցինք ազնվագույններից մեկին։ Ընկավ ոչ թե թշնամու գնդակից, այլ ոխակալ մտածողությունը խափանելիս։ Քաջերի հեռանալը մահ հասկացությամբ չի բնորոշվում։ Նրանք մեր արյան ու դարավոր երազանքի իրականացնողներն են։ Բարի ու հավատավորի ժպիտն Էր նրա Էությունը։ Արթուրը այդպես Էր ծնվել, այդպես Էլ ապրեց իր բաժին կյանքը։ Կարճ չէ այն. հարատեւ է, ինչպես հայոց օջախների տիրակալ ոգին։ Արթուր Ղարիբյանն ապրեց իր կոչմանը հավատարիմ, քսանհինգ գարուններով հրճվեց ու մեզ որպես հուշ թողեց ամենաթանկը՝ հայ կոչվելու իրավունքը։
Խոնարհ հերոսներ
Շուշիի առնձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանտար Արթուր Ղարիբյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 16-ին ,Ստեփանակերտում: Արթուրը արվեստասեր էր,սիրում էր նկարել ու քանդակել: Նոր էր ավարտել Գեղարվեստի ուսումնարանի կերպարվեստի բաժինը և պատրաստվում էր նաև քանդակագործություն ուսանել, երբ պայթեց պատերազմը: Պայծառ երևակայությունն ու հոգու գանձերը տեղափոխեց ռազմադաշտ: Պատերազմը նրան ընկեր դարձրեց զենքին ու նա, ի հեճուկս ճակատագրի,ցույց տվեց,որ արվեստով շնչող մարդը կարող է նաև զենքով կերտել իր անմաության կտավը…
ՀՅԴ գաղափարներով տոգորված, ընդամենը 25 գարուններ տեսած այս հայորդու համար հայրենիքի ազատագրումը գերագույն նպատակ էր, ու հանուն այդ նպատակի նա չճանաչեց ահ ու ընկճում: Այդ նպատակի գիտակցումով նա մասնակցեց Արցախի մի շարք ազտագրական մարտերի`լավագույն օրինակ ծառայելով զինակիցներին:
Շուշիի ու Լաչինի հաղթանակներից հետո Մարտակերտն էր սպասում: 1992-ի աշնանը, Շահումյանի անկումից հետո, թուրքերն անվարան առաջ էին շարժվում Կիչան-Սրխավենդ ուղղությամբ`գրավելով հայկական բնակավայրեը: Պետք էր արժանի դաս տրվեր թշնամուն` կասեցնելով նրա ընթացքը: Արթուրի հոգին փոթորկված էր,կարծես զգում էր չար ուժերի մոտալուտ գոյությունը,զգում էր,որ մոտենում է իր հավերժանալու ժամանակը…Ազերիներն անդադրուն գնդակոծում էին Սրխավենդի դիրքերը,ամենուր կրակի տարափ էր,սական տղերքը վճռել էին`պիտի դիմանան մինչև մահ:
Մարտական ընկերները պատմում են,որ նա ոչ միայն հմուտ ու խելամիտ էր,այլև նվիրված էր իր զինակից ընկերներին,հրետակոծությունների ժամանակ պահանջում էր, որ բոլորն անխտիր սաղավարտ կրեն,սակայն ինքը երբեք չէր կրում,չէր հավատում թշնամու գնդակից խոցվելուն: Բայց ռազմի դաշտում գնդակը միշտ գտնում է լավագույններին և չի խնայում նրանց: Արթուրն այդ լավագույններից էր: 1992-ի նոյեմբերի 6-ին ականի հզոր պայթյունից ասես որոտաց երկիրը և հողը ցասումով զգաց հարազատ որդու կորուստը: Արթուրը ընկավ,բայց մնաց կանգուն`անմեռ լեռան պես.մնաց կանգուն,որպեսզի յուրաքանչյուր սերունդ նորից ու նորից ունկնդիր լինի նրա եւ նրա նմանների հավերժախոս լեգենդներին…
Արթուրը հետմահու արժանացավ <<Շուշիի ազատագրման համար>> մեդալի, ինչպես նաև ԼՂՀ <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի և ՀՀ <<Մարտական խաչ >> երկրորդ աստիճանի շքնշանների:
Ասում են` իրական հերոսները չեն սիրում շքանշաններ ու պարգևներ: Նրանց սխրանքն աստվածատուր է և անչափ վեր է երկրային արժեքներից: Նրանց պարզապես պետք է հիշել,նրանց մասին պետք է պարզապես խոսել, որպեսզի հարատևի հիշողությունը…
Պատրաստեց` Հ. ԱՎԱԳՅԱՆԸ