ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը. Ա. Վարդանյան Վեհաժողովի հակահայկական գործողությունների մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը. Ա. Վարդանյան Վեհաժողովի հակահայկական գործողությունների մասին

ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը. Ա. Վարդանյան Վեհաժողովի հակահայկական գործողությունների մասին

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար, Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) հայկական պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը, անդրադառնալով
փաստին, որ ՍԾՏՀ ԽՎ-ում առանց ՀՀ պատվիրակության քննարկվել և փոփոխություն է մտցվել տարածաշրջանի հակամարտությունների մասին հռչակագրում, ասաց, որ դրանում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան և Ադրբեջանը։

Ըստ պատգամավորի՝ ԱԺ տարածած հայտարարությունը տարածում են նաև այլ լեզուներով։ Ըստ հայտարարության` ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ պատվիրակության ղեկավարները առանձնացել և ինչ-որ հարց են քննարկել, որին չի հրավիրվել միայն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:

«Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին»,-ասված է հաղորդագրությունում:

Աղվան Վարդանյանը ներկայացրեց, որ երբ սկսվեց վեհաժողովը բացման արարողությունից հետո հանկարծ պարզվեց, որ պատվիրակությունների ղեկավարները վեհաժողովի գլխավոր քարտուղարի և ուկրաինական պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ հավաքվել են առանձին և ինչ-որ հարց են քննարկում` առանց հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի:

«Ակնհայտ էր, որ փորձ է արվում շրջանցել հայկական պատվիրակությանը և որոշ պետությունների շահերից բխող հռչակագրում փոփոխություններ մտցնել: Մոտ մեկ ժամ պատվիրակությունների բոլոր անդամները սպասում էին դահլիճում և երբ  այդ կազմակերպիչները վերադարձան, մեր պատվիրակության ղեկավարը բոլորիս հետ  խորհրդակցելով հայտարարեց դահլիճում, որ սա անընդունելի երևույթ է, նման  բան երբեք չի եղել և մեր պատվիրակությունը լքեց վեհաժողովի դահլիճը»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը նշեց, որ այնուհետև պարզ դարձավ, որ հայկական պատվիրակության բացակայությամբ նրանք տարածաշրջանի առկա հակամարտությունների վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակասող դրույթ են մտցրել և հայկական պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դա համարելով անընդունելի: Նա նշեց, որ մեր պատվիրակությունն էլ 2-3 առաջարկություն ուներ ներկայացնելու:

Հարցին, թե սա ցույց է տալիս Ուկրաինայի և մյուս երկրների պատվիրակության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, Աղվան Վարդանյանը պատասխանեց.«Գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է, և այս Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը: Քանի որ Ուկրաինայում է տեղի ունենում ռուսական պատվիրակությունը չէր մասնակցում և բնական է, որ այդ երկրների պատվիրակներն իրենց դիրքն օգտագործելով փորձում են իրենց պետությունների շահերին ծառայեցնել վեհաժողովը, ինչն անընդունելի է տնտեսական վեհաժողովի համար: Սա զուտ տնտեսական համագործակցության ֆորմատ է և անթույլատրելի է որոշ պետությունների շահերին ծառայեցնելը»։

Լիանա Առաքելյան

 

1