ԵԽԽՎ-ում առողջացման լուրջ գործընթաց պետք է սկսվի
Գլխավոր » Լրահոս » ԵԽԽՎ-ում առողջացման լուրջ գործընթաց պետք է սկսվի

ԵԽԽՎ-ում առողջացման լուրջ գործընթաց պետք է սկսվի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակությունը կողմ է քվեարկելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի նախաձեռնությանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

Վերջինս նշեց, որ Հայաստանի պատվիրակությունը վաղուց էր միացել Պեդրո Ագրամունտի հրաժարականի պահանջի մասին ԵԽԽՎ պատվիրակների շրջանում անցկացվող ստորագրահավաքի տակ:

«ԵԽԽՎ-ում առողջացման մի լուրջ գործընթաց պետք է սկսվի: Եվ դա արդեն տեղի է ունենում մեր աչքերի առաջ: Ագրամունտի հրաժարականը լինելու է այն կարևոր, լուրջ քայլերից մեկը, որը կօգնի առողջացնել, նոր որակ տալ Վեհաժողովին: Բայց առողջացման գործընթացը պետք է Պեդրո Ագրամունտի հրաժարականով չսահմանափակվի: Ստեղծվել է համապատասխան մարմին, որը պետք է հետազոտի կոռուպցիոն առնչությունները»,- նշեց Ա. Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով՝ արդեն իսկ կան բավական լուրջ նյութեր, որոնք ապացուցում են ոչ միայն Պեդրո Ագրամունտի՝ կոռուպցիոն սկանդալներում մասնակցության մասին, այլև՝ շատ այլ անձանց:

«Կարծում եմ, որ սա հենց այն գործընթացն է, որին մենք երկար ժամանակ ձգտում էինք, որովհետև ԵԽԽՎ-ն կորցնում էր իր հեղինակությունը, վերածվել էր ադրբեջանա-թուրքական մանիպուլյացիաների գործիքների, կոռուպցիան սասանել էր ԵԽԽՎ հեղինակությունը: Հիմա սա հեղինակության վերականգնման գործընթացն է»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ ակնկալվո՞ւմ է արդար քննություն, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ իրենք հետևելու են գործընթացին, ստեղծված մարմինը ստեղծվել է հնարավորինս օբյեկտիվ ու թափանցիկ քննություն իրականացնելու համար:

tert.am

1