Քամանչայի ելևէջները Մասիսի գագաթին
Գլխավոր » Լրահոս » Քամանչայի ելևէջները Մասիսի գագաթին

Քամանչայի ելևէջները Մասիսի գագաթին

Շուշիի փողոցներով քայլելիս Նրան հաճախ կարելի է հանդիպել, բայց չնկատել։ Նա ու Շուշին ասես մի ամբողջություն լինեն։ Հայացքդ նրան ուղղելով՝ կարող ես Շուշին տեսնել, Շուշիին նայելով՝ կտեսնես Նրան։ Երկուսն էլ նույն խառնվածքի են՝ լրացնում են իրար ու հագենում իրարով։ Նա Հակոբ Խալաթյանն է՝ քամանչահար, գեղանկարիչ, երաժիշտ, գործիքներ պատրաստող վարպետ։ Նա Շուշիի նոր բնակիչն է։

«Ի՞նչ եք կարծում՝ 60-ի մոտ մարդը էս ամեն ինչը պետք է թողնի եւ հանգիստ նստի Երեւանի բնակարաններից մեկում։ Ո՛չ,- հարցը տալիս ու ինքն իրեն պատասխանում է Հակոբ Խալաթյանը, հետո շարունակում,- շատ հեշտ էր ամեն ինչ թողնելը ու գալը։ Եթե ես չգամ, ուրիշը չի գա։ Շուշին հայ վարպետների բնօրրանն է, եւ մենք միասին պարտավոր ենք հետ վերադարձնել քաղաքի ու նրա զավակների երբեմնի փառքը։ Դա իմ գործն է»։

Հակոբ Խալաթյանը Արցախ է տեղափոխվել ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հրավերով։ Դասավանդում է Շուշիի Դանիել Ղազարյանի անվան դպրոցում, Գրիգոր Նարեկացու անվան կենտրոնում, նաեւ՝ նվագում է Ստեփանակերտի ժողգործիքների նվագախմբում։

«Ես չեմ զլանում, դրա համար էլ եկել եմ Ղարաբաղ»,- ասում է վարպետը։

Քանոն, դհոլ, քամանչա, վրձին՝ փոքր տարիքում Հակոբ Խալաթյանի «խաղալիքները» տարբերվում էին մյուս երեխաների խաղալիքներից։ Մշակույթի, արվեստի ու արհեստի խաչմերուկ Շուշի տեղափոխվելիս Խալաթյանը խնամքով հավաքել է իր մանկության «խաղալիքները» եւ հաստատվել Արցախում։

«Իմ ես-ը հանել, բերել եմ իմ հետ։ Ինձանից Երեւանում ոչինչ չի մնացել, միայն կինս եւ երկու զավակներս»,- պատմում է ծնունդով Երևանից Հ. Խալաթյանը։

Նա չի հիշում իր արմատներում առկա ոչ մի ստեղծագործող ճյուղ, բայց այդ հանգամանքը երբեք չի խանգարել նրան՝ տիրապետել  Սայաթ-Նովայի «այբուբենին» եւ հնչեցնել այն յուրովի. «Ինքս միշտ ձգտել եմ դեպի արվեստը: Դրանում երևի իր մեծ դերն է ունեցել ստացածս դաստիարակությունը: Ճիշտ է, ծնողներս երբեք կապ չեն ունեցել արվեստի հետ, բայց մեր կրթության մեջ բացառապես հենց դրա վրա են շեշտը դրել: Հիշում եմ` ինչպես էր քույրս քանոն նվագում, իսկ ես սեղանի վրա «դհոլ խփելով» ձայնակցում էի նրան: Այս տեսնելով՝ հայրս ինձ համար դհոլ գնեց: Նկարել նույնպես սիրում էի: Նկարում էի՝ անկախ ամեն ինչից, քանի որ դրա համար առանձնապես ինչ-որ բան գնելու անհրաժեշտություն չկար. ձեռքիս տակ ընկած գրիչն ու մատիտն ինձ լիովին բավարարում էին»:

Ճակատագիրը պետք է որոշեր, թե ինչ ուղղությամբ կգնա բազմաշնորհ մանուկը` նկարիչ կդառնա, թե երաժիշտ: 13 տարեկանում հայրը նրան տանում է Մարտին Խաչատրյանի մոտ, ով եւ հետագայում դառնում է տղայի երաժշտության առաջին ուսուցիչը. «Հայրիկիս խնդրանքով նա սկսեց ինձ քամանչա նվագել սովորեցնել: Այստեղից սկսվեց իմ մեծ սերը դեպի այդ նվագարանը»: Առաջին քամանչան, որի վրա նվագեց, հորաքրոջ տան պատից կախված հին քամանչան էր:

Թեպետ Հակոբ Խալաթյանը նկարչական կրթություն այդպես էլ չստացավ, այնուհանդերձ շարունակեց նկարել:

20-25 տարեկանում երիտասարդին շարունակ մի միտք էր տանջում. «Պետրոս Դուրյանը մահացել է 20 տարեկանում, բայց այդ ժամանակահատվածը հասցրել է այնպես ապրել, որ առ այսօր նրան հիշում են: Նույնն էլ՝ Մոցարտը…Իսկ ես շարունակ հետ եմ նայում եւ չեմ կարողանում իմ ապրած կյանքում գտնել մի բան, ինչի համար ինձ կհիշեն»: Այս գաղափարով ոգեշնչված՝ Հ. Խալաթյանը որոշում է քամանչայի վրա նվագել Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտը, քանի որ այդպիսի բան դեռևս ոչ-ոքի չէր հաջողվել անել: Աշխատանքը հաջողությամբ իրականացվեց եւ ներկայացվեց Բաքվում տեղի ունեցող միջպետական մրցույթում։

«Բայց ինձ համար ամենամեծ ձեռքբերումը քամանչայի ելևէջները մինչև Մասիսի գագաթ հասցնելն էր»,- ասում է Հ. Խալաթյանը։

1998-ին քամանչան Հակոբ Խալաթյանի կողմից արդեն հնչել էր Արագածի գագաթին, այնուհետև՝ Արա լեռան: Դեպի Մասիս ուղեւորվեցին 2011թ. սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը: Այս հանգամանքը քամանչահարը խորհրդանշական է համարում: Այդ առիթով՝ Մասիսի գագաթին նվագեց Հայաստանի օրհներգը:

Արկածներից խուսափել չհաջողվեց: Մի պատահար կարող էր կանխորոշիչ լինել. «Շուրջբոլորը մառախուղ էր, բայց մենք շարունակում էինք մագլցել: Քամանչան մոտավորապես 4-5 կգ էր կշռում, որը ես կրում էի ուսերիս վրա եւ որը բավական դժվարացնում էր առանց այն էլ դժվարին վերելքը: Հանկարծ, ինձ համար անսպասելի, պարանը, որին կապված էր քամանչան, պոկվեց, եւ ես էլ չնկատեցի, թե ինչպես բռնեցի այն: Այլապես, չգիտեմ որտեղից կգտնեի եւ ինչ վիճակում»,- պատմում է քամանչահարը եւ հպարտ-հպարտ ասում, որ մեղեդին հնչել է լեռան գագաթից:

Արկածախնդիր հայը խոստանում է Արարատով չսահմանափակվել։ Քամանչայի հետ իր  հաջորդ վերելքը հասցրել է նրան Շուշի։

«Ամեն նոր ձեռքբերում պետք է գերազանցի նախորդին, հակառակ դեպքում՝ այն ձեռքբերում չես անվանի։ Գիտեմ միայն մի բան. քանի ես պետք եմ Շուշիին, ես այստեղ կլինեմ»:

Լուսինե Թեւոսյան

1