Արթուր Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում
Նախագահի հրամանով ՀՅԴ անդամ, ՀՀ եւ ԼՂՀ պետական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին պաշտպանության կազմակերպման գործում հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան:
««Արցախի հերոս» կոչմանն արժանանալը մեծ ուրախություն ու հպարտություն է: Ես իմ բոլոր ձեռքբերումների համար առաջին հերթին երախտապարտ եմ իմ ծնողներին: Իմ կրծքին հպարտությամբ կրելու եմ «Ոսկե արծիվ» շքանշանը` որպես 11 000 հադրութցիների գնահատում, համարելով, որ այն պետական երախտիքն է 306 նահատակ հերոսներին, որոնք վայրկյան անգամ չերկմտեցին իրենց կյանքը այսօրվա Արցախին եւ վաղվա միացյալ պետականությանը նվիրելու համար:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ պարոն նախագահ, իմ մարտական եւ կուսակցական ընկերներին, անկախության 26 տարիներին պետականաշինության գործին նվիրված իմ ղեկավարներին և գործընկերներին, ովքեր ինձ հնարավորություն են ընձեռել ծառայելու Արցախին և Հայաստանին»,- իր ելույթում նշել է Արթուր Աղաբեկյանը: