«Golden-fish-k»․ Արցախի տնտեսության ոսկե ձկնիկ
Գլխավոր » Հասարակական » «Golden-fish-k»․ Արցախի տնտեսության ոսկե ձկնիկ

«Golden-fish-k»․ Արցախի տնտեսության ոսկե ձկնիկ

Առաջնագծից 800 մետր հեռավորության վրա, կրակոցների ձայների ներքո Մատաղիս համայնքի խավիարի գործարանը նախատեսում է տարեկան 15-20 տոննա սեւ խավիար ստանալ:

Ձկնկիթի աճեցումից մինչեւ սեւ խավիարի արտադրություն

Արցախի տնտեսական մեծածավալ նախագծերից մեկի՝ «Golden-fish-k» ընկերության հիմնումը շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի գաղափարն է։ Գործարարի ներդրումներն Արցախում անցնում են մի քանի տասնյակ միլիարդ դրամի սահմանը՝ գյուղատնտեսություն, բանկային համակարգ, հիդրոէներգետիկա, հանքարդյունաբերություն եւ ձկնաբուծություն։

Գրանցված տնտեսական հաջողությունները լավատեսության հիմք են տալիս։ 2013-ին ուսումնասիրվել է ոլորտը։  2014-ին հիմնվել է արտադրամասը։ 2015-ի մայիսի վերջին ստացել են մատաղիսցի թառափների առաջին խմբաքանակը՝ թվով 100 000: 2016-ին ձկնկիթն արտադրվում էր փորձնական նպատակով։ Այսօր արդեն հաշվարկվում են առաջիկա տարիների արդյունքները։

Մատաղիսի գործարանում բուծում են թառափի սիբիրյան, ռուսական եւ բելուգա տեսակները։ Չի բացառվում, որ հետագայում որոշ սաղմոնազգիներ էլ մշտական բնակություն հաստատեն Մատաղիսում, մասնավորապես՝ գեղարքունյանց գեղեցկուհի իշխանը։

Ժամանակացույցի համաձայն՝ ձկնկիթի արտադրությունը միջինը վեց տարի է պահանջում։

«Տարեկան 400 000 ձկան խավիար է բերվում, սովորաբար գրանցվում է բերվածի 20-30%-ի կորուստ»,-նշում է «Golden-fish-k» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Չալյանը։

Ձկնաբուծության եւ սեւ խավիարի արտադրության գործում ունեցած փորձը ձեռնարկության աշխատակիցներին են փոխանցել արտասահմանից հրավիրված մասնագետները։ Աշխատողները պարբերաբար մասնակցում են նաեւ արտասահմանում կազմակերպվող դասընթացների։

«Դասընթացների ընթացքում ստացած փորձն ու գիտելիքները փոխանցում եմ աշխատողներին»,-ասում է Ա․Չալյանը։

Սկզբում սարքավորումներին, ջրի ջերմաստիճանին, որակյալ կերին առնչվող խնդիրներ ունեին, սակայն ժամանակի ընթացքում այս խնդիրները կարգավորվեցին։

Սահմանապահ Ուոլլ-սթրիթ

Ծովերից ու օվկիանոսներից 1000-ավոր կիլոմետրերով հեռու գտնվող Մատաղիսը փաստեց՝ խավիար արտադրելու համար պարտադիր չէ ծով ունենալ։

Երկու գործոն են հիմնականում ազդում որակյալ խավիարի արտադրության վրա՝ թթվածնով հարուստ ջուրն ու ջրի համապատասխան ջերմաստիճանը։ Երկու դեպքում էլ Մատաղիսի գործարանը շահեկան դիրքերում է: Թարթառի զուլալ ջուրն ու ջերմաստիճանի տաքությունը, որը տարվա կտրվածքով դոմինանտ է այս տեղանքի համար, ձկնկիթ ստանալու համար գլխավոր նախապայմանն են։

«Հոսող ջրի ջերմաստիճանը եւ մաքրությունը ամբողջությամբ համապատասխանում էր այն նորմատիվներին, որոնք մեզ պետք էին։ Այս պայմաններում հնարավոր է բարձրակագ ձկնկիթ ստանալ,- նշում է Արմեն Չալյանը եւ ավելացնում, որ Մատաղիսում խավիարի արտադրամաս կառուցելն ունի նաեւ հոգեբանական նշանակություն տեղի բնակիչների համար,-ժողովուրդը պետք է վստահ լինի, որ երկիրը ապագա ունի»։

Գործարանն ունի  9 հեկտար տարածք։ Ջկները պահվում են 350 ավազաններում։ Պետք է կառուցվի նաեւ մեծ բիտոնե ավազան։

Խոշոր բիզնես հիմնելու գաղափարը շատ արագ վերածվեց ռեալ ձեռնարկի։ «Golden-fish-k» ընկերությանը պատկանող ձկնաբուծարանի շինարարության ավարտին անմիջապես հետեւեց առաջին ձկնկիթի խմբաքանակի ներկրումն ու տեղադրումը։

Այսօր գործարանն ունի 20 աշխատող՝ 130 000 դրամ միջին աշխատավարձով։ Առաջիկայում աշխատողների կարիք եւս կլինի։

Խավիարարտադրությունը՝ Արցախի տնտեսության հորիզոն

 Խավիարարտադրությունն Արցախի տնտեսության շահութաբեր ճյուղ դարձնելու գաղափարը որքան էլ արկածային էր թվում, այնուամենայնիվ ունեցած ջրային ռեսուրսներն ուրվագծում էին հնարավոր հեռանկարը։

«2020-22 թվականներին մեր ծավալները հասնելու են՝ 1200-1500 տոննա ձկան միս, նաեւ ունենալու ենք 15-20 տոննա սեւ խավիար,- նշում է Արմեն Չալյանը՝ ցավով ավելացնելով սակայն, որ ապրիլյան պատերազմը ուրվագծված գրաֆիկից հետ է գցել գործարարներին,-գործարանում մարդկային կորուստ չի գրանցվել, սակայն այդ օրերին ռմբակոծությունների զոհ է դարձել ավելի քան 50 000 ձուկ։ Հասցված ֆինանսական վնասը կազմել է 120-130 մլն դրամ»:

Հաջորդ տարի վաճառքի են հանելու 500 տոննա ձկնամիս, իսկ 4 տարի անց Արցախում արտադրված ու մակնշված ձկնկիթը միջազգային շուկայում է հայտնվելու։ Ունեն նաեւ հասուն մայրական կազմ, որից արդեն ստանում են ձկնկիթ. ճիշտ է՝ դեռ փոքր ծավալներով, փորձնական նպատակներով։

Առաջին շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն արդեն երկու տարի անց։ Մոտ 700 տոննա ձկնամթերք կարտադրվի։ Շուտով վերամշակող արտադրամաս էլ կկառուցվի՝ տեղում ձկնկիթն ու միսը մշակելու եւ փաթեթավորելու նպատակով։

6-7 տարի անց Արցախը աշխարհին բարձրակարգ ու բարձրարժեք արտադրանքով կներկայանա։ Ձկնաբուծությունը տնտեսության աշխուժացման լուրջ նախադրյալ է, շահութաբեր ու հեռանկարային ճյուղ։ Նախատեսվում է 1 կգ խավիարը վաճառել 3 000 ԱՄՆ դոլլարով։

Լուսինե Թեւոսյան

1