Ձյուդոյի մարզիչն ու հայրենիքի պաշտպանը
Գլխավոր » Հասարակական » Ձյուդոյի մարզիչն ու հայրենիքի պաշտպանը

Ձյուդոյի մարզիչն ու հայրենիքի պաշտպանը

Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, այժմ Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը (շատերին հայտնի՝ ձյուդոիստ Վանոն) ծնվել է Բաքվում, ապրել Սումգայիթում, որտեղ էլ ավարտելով դպրոցը՝ անցել է աշխատանքի: Շատերի նման ինքն էլ սկզբում հավատում էր ինտերնացիոնալիզմի մասին խորհրդային գաղափարախոսական կոչերին, որտեղ չկան ազգեր, այլ կա միայն ընկերություն ու համերաշխություն՝ չնայած տատից ու մորից լսել էր թուրքերի վայրագությունների մասին: «Մորական տատս անցել էր Ցեղասպանության  դժոխքի միջով ու եկել, հաստատվել Հադրութի շրջանի Արևշատ գյուղում։  Տատս ու մայրս միշտ պատմում էին թուրքերի վայրագությունների մասին»,- ասում է Իվան Ազիզբեկյանն ու ավելացնում, որ 1988թ. Սումգայիթում նույն ձեռագիրն է կրկնվել: 1988-ն ապացուցեց, որ չկա ինտերնացիոնալիզմ, այլ կան միայն շահեր: Ադրբեջանցի հարևանի օգնությամբ ընտանիքը փրկվեց ու տեղափոխվեց Ստեփանակերտ: Այդ ժամանակ առաջին անգամ տեսնելով Ստեփանակերտը՝ ընդմիշտ սիրահարվեց քաղաքին, և համոզված է, որ երբեք չի լքի այն: Ասում է՝ մաքուր օդով, հիանալի ժողովրդով այս փոքրիկ քաղաքը միանգամից գերեց իրեն:

«14 տարեկանում առաջին անգամ հայկական գիրք եմ ընթերցել՝ «Պապ թագավոր»-ը, որը շատ եմ հավանել, հետո՝ «Սամվել»-ը, «Դավիթ Բեկ»-ը, «Կայծեր»-ը, «Գևորգ Մարզպետունի»-ն… Եվ ընթերցելով՝ ինձ մի հարց էր տանջում. ինչու՞ են մեր հայրերը, պապերը այսպես վարվել. եթե մինչև վերջ կռվեին, չդավաճանեին, համոզված եմ, որ մեր կյանքն ավելի լավը կլիներ»,- այսպես է ձևավորվել հայրենիք պաշտպանելու իր գաղափարը:

Ըստ նրա՝ որքան էլ խելոք, ուժեղ լինես, ապրելով օտար երկրում՝ միշտ երրորդ կարգի մարդ ես լինելու: «Ինչքան էլ վատ լինի քո հայրենիքում, քո ժողովրդի հետ, դա քոնն է և ոչ ոք չի կարող այն խլել քեզնից, եթե դու չցանկանաս: Երբ ծնողդ ծեծում է, քեզ համար ցավոտ, վիրավորական է, բայց, միևնույնն է, ներում ես ամեն ինչ: Բայց երբ հարևանդ է ծեծում, չես կարողանում ներել»,- ասում է Իվան Ազիզբեկյանը:

Սկզբնական շրջանում երիտասարդներին մարզում էր, ինքնապաշտպանության տարբեր հնարքներ սովորեցնում: Զինվորագրվեց Հադրութի ինքնապաշտպանական «Զևս» ջոկատին: Ազատագրական մարտերին սկզբում մասնակցում էր «Զևս» ջոկատի կազմում: Մեր անկախ պետականության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարում է Ղարաբաղում սեփական կանոնավոր բանակի ստեղծումը, որը կարող է ոչ միայն պաշտպանվել, այլև հարձակվել: Ասում են՝ եթե դու չես ուզում պահել քո բանակը, ուրեմն ստիպված ես պահելու ուրիշինը:

Մասնակցել է Տողի, Հողերի, Մալիբեյլիի /Աջափնյակի/, Խոջալուի /Իվանյանի/, Գյումշատու, Ղաջարի /Ջիվանի/ և մի շարք այլ համայնքների ազատագրական մարտերին. շարքը կարելի է երկար շարունակել։  Հիմնականում Հադրութի սահմաններն էին հսկում, բայց երբ պետք էր լինում, հարևան շրջանների մարտերին ևս մասնակցում էին: 1992թ. սեպտեմբերին նշանակվեց 16-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, հետո՝ 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին՝ Տումիի գումարտակի հրամանատար. վերահսկում էին Տումի, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը:

Որևէ կուսակցության անդամ չէ, բայց նշում է, որ պատերազմի տարիներից ընկերների մեծ մասը դաշնակցականներ էին: Վիգեն Գրիգորյանը, Արմեն Գասպարյանը մտերիմ ընկերներն էին: Հիշում է Վահան Հովհաննիսյանի հետ պատահական հանդիպումը: «Կես ժամվա շփումից հետո նա հարցրեց, թե  ինչով կարող է խմբին օգնել: Ես ասացի, որ ջոկատի անդամները գումարի կարիք ունեն: Նա առաջարկեց բոլորին աշխատավարձ տալ: Ես, թերահավատորեն նայելով, ասացի, որ մեր մեջ շատ ոչ դաշնակցականներ կան: Վահանի միայն մեկ խոսքը բավական էր նրան ճանաչելու և հարգելու համար։ Վահանն ասաց՝ նրանք մեր հայրենիքի համար են կռվում, և դա մեզ համար բավարար է»,-ասում է Իվան Ազիզբեկյանն ու շեշտում, որ կռվող մարդը կուսակցականությամբ չպետք է տառապի. նրա գործը հրամաններ կատարելն ու զինվորների ապահովության մասին մտածելը պիտի լինի:

23 տարեկան էր, երբ եկավ Արցախ: Չկար մարզադահլիճ, մարզական գույք: 1990թ. Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի օժանդակությամբ բացվեց Օլիմպիական մարզաձևերի դպրոց՝ սամբոյի և ձյուդոյի խմբակներով: Նա 50 տատամի /մրցումների գորգ/ տրամադրեց դպրոցին, որն այն տարիների համար մեծ բան էր: Պարապմունքներին 200 երեխա էր հաճախում, այդ թվում՝ 60 աղջիկ: «Այնպիսի ոգևորություն ու հոսք կար, որի նմանը ես երբեք չէի տեսել»,- նշում է Ադրբեջանի ձյուդոյի բազմակի չեմպիոնը:

Հետո եկավ պատերազմը՝ բոլորիս կյանքում իր խմբագրումներն անելու։ Իրարից այնքան տարբեր մարդկանց կյանքի այդ տարիները նույն կերպ են նշվում կենսագրականներում՝ մասնակցել է պատերազմին։ Այդ երկու-երեք բառերը քողարկում են  այն ահռելի փոփոխությունը, որ կատարվել է մեզ հետ։

Նրա աշակերտներից շատերը նույնպես մասնակցում էին մարտական գործողություններին: «Նույնիսկ 15, 16 տարեկան աշակերտներն էին կռվի ելել: Սաներիցս մեկը՝ 17-ամյա Բորիս Զաքարյանը, 2 ընկերների հետ ցանկանում էր կռվել իմ հրամանատարության ներքո, բայց մերժեցի, որովհետև՝ նախ տարիքով փոքր էին, հետո էլ՝ հարազատ որդու պես  թանկ էին ինձ համար. կռվի ընթացքում միշտ նրանց մասին էի մտածելու ու գործս չէի կարողանալու լավ անել»,- պատմում է Իվան Ազիզբեկյանն ու ցավով ավելացնում, որ երբ 1.5 ամիս անց լսում է, որ սիրելի աշակերտը զոհվել է Լաչինի մոտակայքում, շատ ծանր է տանում և այլևս չի կարողանում մերժել իր մոտ կռվել ցանկացող աշակերտներին: Այդ ժամանակ գումարտակի փոխհրամանատարն էր: «Ամենասարսափելին 18 տարեկանների կորուստն էր: Գ. Նժդեհն ասում է՝ եթե ուզում ես տեսնել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդներին: Չնայած մենք էլ ջահել էինք, բայց նրանք ուրիշ էին, նրանց մտածելակերպն էլ էր տարբեր: Նրանք ընդունում էին միայն ազատությունը. դա ոգեշնչում էր յուրաքանչյուր չափահաս մարդու: Մենք նայելով այդ տղաներին, տեսնում էինք ապագան, որը պիտի գեղեցիկ լիներ»,-շարունակում է Ի. Ազիզբեկյանը:

Պատերազմի ընթացքում ամենածանր պահերից մեկն էլ ոչ թե ռազմական որևէ գործողություն էր, այլ Մարտակերտի ժամանակավոր կորստից հետո մարդկանց հեռանալն այնտեղից: «Տեսնում ու չէինք կարողանում հակադարձել,- հիշում է ազատամարտիկը ու շարունակում,-ինչևէ, չշարունակեմ պատերազմի թեման, ասեմ միայն, որ այլևս չէի ուզում շարունակել մարզչական գործս։ Սակայն հանգամանքները ինձ կրկին մարզադահլիճ բերեցին»։

Այդ դժվարին տարիներին՝ 1996թ. Արցախում ՀՅԴ Բյուրոյի լիազոր ներկայացուցիչ Սերժ Ամիրխանյանի նախաձեռնությամբ «Արարատ» մարզամշակութային միություն է հիմնվում Ստեփանակերտում, որի տնօրեն է նշանակվում Իվան Ազիզբեկյանը: Սերժ Ամիրխանյանի առաջարկությամբ նա նորից անցնում է մարզիչի պարտականություններին: Չնայած կենտրոնի պայմանները բավարար չէին, համապատասխան հարմարություններ չկային, բայց այդ նկուղային շենքում 2 սպորտի վարպետ, բազմաթիվ չեմպիոններ են պատրաստվել: Մարզամշակութային միությունում ձյուդոյից զատ գործում էին նաև գրականության, պարի, թատերական խմբեր:

Պատերազմից հետո շատ բան փոխվեց: Փոխվեց նաև ուսուցիչների ու մարզիչների դերը: Նրանք պիտի աշակերտներին սովորեցնեին հարմարվել նոր իրականությանը: Մեզ մոտ ընդունված է, որ տան տերը տղամարդն է: Դա միշտ այդպես է եղել: Եվ, երբ որոշ երեխաների հայրերը, ավագ եղբայրները զոհվեցին, նրանց փոքրիկ զավակներն ու եղբայրները իրենց տան տերերն էին համարում:  Դրանից երեխաները դառնում էին անհնազանդ, մայրերին չէին լսում: Եվ մարզիչների ու ուսուցիչների վրա մեծ պատասխանատվություն կար՝ երեխաների հետ ճիշտ բացատրական աշխատանք տանելու առումով:

Ամեն ժամանակաշրջան ունի իր առաջնահերթությունները: Այժմ էլ աշակերտների մեջ սերմանում են սեր դեպի հայրենիքը, իսկ հայրենասիրությունը սկսվում է ամենափոքր բաներից՝ հայրենի քաղաքը, փողոցը մաքուր պահելուց, միմյանց հարգելուց: Այս երկիրը մերն է, այս հողի համար նահատակվել են մեր եղբայրները, նրանք ամենաթանկն են տվել: Եվ եթե համերաշխություն, մաքրություն չլինի, ուրեմն մենք այս կյանքում ոչնչի չենք հասել: Մենք չենք ասում՝ այստեղ լավ է, այլ մեր օրինակով ցույց ենք տալիս, թե որքան ենք սիրում մեր երկիրը:

Այս երկրում սպորտի մարզչին պահում է հողը, նախնիների գերեզմանները: «Նայելով դրսում ապրող հայերի աչքերին՝ անհուն թախիծ եմ տեսնում, հայրենիքի նկատմամբ անհուն կարոտ: Նրանք հայերեն են խոսում, հայկական կերակուրներ են պատրաստում, բայց տարբերվում են: Այնտեղ ապրող հայերը վստահ չեն, որ իրենց թոռները հայ կմնան: Նրանք միայն հայրենիքում են իրենց իսկական տեր զգում,- համոզված է Իվան Ազիզբեկյանը,-Ուրիշ երկրներում մարդիկ վախենում են երեխաներին մենակ թողնել. 5 րոպե ուշացումն արդեն մտահոգվելու տեղիք է տալիս: Իսկ մենք ապրում ենք ազատ, օրինապահ երկրում»:

Ինչ վերաբերում է Արցախի հարցի վերջնական լուծմանը, Իվան Ազիզբեկյանը համոզված է, որ ավելի լավ է մեռնել զենքը ձեռքին, քան թե օտարին հպատակ դառնալ: «Իհարկե, կորուստն անդառնալի ու ցավալի է, բայց երբ անցել ես ճանապարհի կեսը, մոտ ես բարձունքին ու սկսում ես ինչ-որ բանում կասկածել, երբեք չես հասնի ու չես իմանա, թե ինչ կա բարձունքում: Ես հաստատ համոզված եմ, որ իմ որդին, իմ թոռներն ապրելու են ազատ երկրում: Իսկ եթե ուզում ես ապրել քո երկրում, պիտի պաշտպանես այն»:

1990-ական թվականների և այսօրվա պայմանները երկնքի ու երկրի տարբերությունն ունեն: Եթե այն տարիներին երեխաները վիճում էին, թե ում է հաջողվելու մարզական գույքի վրա պարապել, այլ ոչ թե բետոնե հատակին, հիմա արդեն երկրով մեկ տասնյակ կահավորված մարզադահլիճներ կան: 1990-կան թթ. հոսքը շատ մեծ էր, որովհետև երեխաները ոչ մի լավ բան չէին տեսնում, ոչ մի զբաղմունք չունեին։ Այժմ նրանց հետաքրքրություններն ու պահանջմունքներն այլ են։ Ասում է՝ ես շատ ուրախ եմ, որ երեխաների առողջ ապրելակերպի կազմակերպման հարցը ուշադրության կենտրոնում է գտնվում։ Այսօր արդեն հազարավոր պատանիներ ու աղջիկներ ներգրավված են տարաբնույթ մարզաձևերում։

«Եվ այն, որ մենք հաճախ ենք առիթներ ունենում  հիանալու  մեր չեմպիոններով,  միջազգային հարթակներում արցախցի երեխաների հաջողություններով, վկայում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասում է Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչը:

1990-ականերից մինչ այսօր մի քանի սերունդ են անցել Իվան Ազիզբեկյանի դպրոցով։ Խոնավ նկուղների փոխարեն այսօր ժամանակակից ու կահավորված մարզադահլիճում պարապում են նրա աշակերտների զավակները։ Սերնդափոխություն՝ լի  սիրով ու անսահման հարգանքով։

Իվան Ազիզբեկյանը նաև իր գործի արժանի շարունակողներ է դաստիարակել:  Այսօր ձյուդոյի մարզիչների նոր սերունդ ունենք՝ ի դեմս իր զավակների (Գոռ, Գայանե) ու լավագույն սաների։

Հ.Գ.-Աշխատասենյակում բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի կողքին, ամենատեսանելի վայրում կախված է Տողի ազատագրման պլանը՝ որպես առաջին մարտական մկրտության և «ուժն է ծնում իրավունք» գաղափարի վկայություն:

Տաթևիկ Աղաջանյան

 

1