Թշնամու նետած մահակը պիտի վերածել բումերանգի
Գիշեցի Յուրի Գրիգորյանն իր մասնակցությունը Արցախյան շարժմանը այսպես է բնորոշում՝ մասնակցել եմ սկզբնավորմանը, հաջող ընթացքին և ավարտին: «Թշնամին մեզ մոտեցավ թուրքական եղանակով, որպեսզի գողանա այս երկրամասի ժողովրդի պատմությունը: Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն՝ եթե գողանաս, կվերանա: Չկա պատմություն, չկա ժողովուրդ,- ասում է Յուրին ու ավելացնում,- Եթե թշնամին մահակ է նետում, այդ մահակը պիտի վերածես բումերանգի, ինչ հարվածով ինքն ուզում է հարվածել, բումերանգն էլ կրկնակի հարվածով իրեն պիտի վնասի»: Արցախյան շարժման ընթացքի մեջ մտել է 1987թ. կեսերին՝ ստորագրահավաքի ժամանակ, եղել է շարժման ակունքներում:
Մայր Հայաստանին միանալու համար հավաքված 90.000 ստորագրությունները (90.000-ը այն ժամանակ Ղարաբաղի չափահաս հայ բնակչության թիվն էր) և Հռչակագիրը 1987թ. դեկտեմբերին Մոսկվա տանողներից մեկն էր: «Մի քանի հանդիպումներ ենք ունեցել Մինիստրների խորհրդի ազգային հարցերով զբաղվողների հետ, շատ անվանի հայ մտավորականների հետ. իմ մեջ մարմնավորվել է մի եզակի հայ անհատ՝ ակադեմիկոս, քիմիկոս Գևորգյանը, ով 80-ն անց էր արդեն և երկար տարիներ գլխավորել է ողջ Խորհրդային Միության քիմիական արդյունաբերության միավորումը: Տպավորվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Պյոտր Դեմիչևի հետ հանդիպումը, ով ասել է, որ ոչ անտիսովետիզմ, ոչ էլ նացիոնալիզմ չի տեսնում Արցախի հարցում. դա մի ամբողջ ժողովրդի որոշում է»,- հիշում է Յուրին:
Մոսկվայից վերադառնալուց հետո հասարակական ժողովների սկիզբն են դրել: «Հունվարի 26-ին մեր գյուղում ընդհանուր հասարակական ժողով է կայացել՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու կապակցությամբ: Այնուհետև գաղտնի հանդիպում է եղել գյուղից ներքև Իգոր Մուրադյանի, Վաչե Սարուխանյանի, ևս մեկ հոգու հետ: Ու գործընթացը սկսվել է. ոնց որ լուցկին վառես ու չոր խոտը նետես»,- նշում է Յուրին: Փետրվարի 11-ին ադրբեջանական մի պաշտոնյայի այցի կապակցությամբ ողջ շրջանի ժողովուրդը հավաքվել է Մարտունի, բայց պաշտոնյան չի եկել: Ինքն է ելույթ ունեցել, որպես պատվիրակության անդամ ներկայացրել Մոսկվայում կայացած հանդիպումները, կոչով դիմել ժողովրդին՝ շարժվելու դեպի կառավարության շենք: Փետրվարի 11-ի երեկոյան Մայր Հայաստանին միանալու Հռչակագիրը կնիքով հաստատվում է: Հավաքվել էր Մարտունու շրջանի չափահաս բնակչության թվի չափով ստորագրություն: Փաստաթղթերը հավաքում և ակտիվիստներից մեկի միջոցով ուղարկվում են Երևան: «Շղթայական ռեակցիան ընդգրկում է բոլոր շրջանները՝ բացի Հադրութից, որովհետև այնտեղի առաջին, երկրորդ, երրորդ քարտուղարները տեղում չէին: Այս ամենի կենդանի փաստաթուղթը ես եմ»,- ավելացնում է Շարժման ակտիվիստը: Հադրութում Հռչակագիրը ստորագրվում է փետրվարի 12-ին, իսկ փետրվարի 13-ին ժողովուրդը մտնում է Ստեփանակերտի հրապարակը: «Ստացվում է՝ պարիսպները գրավեցինք, միջնաբերդը մնաց»,- ավելացնում է նա:
Փետրվարի 20-ի հայտնի նստաշրջանն էլ այսպես է բնութագրում՝ մենք մեր գողացված պատմությունը առգրավեցինք:
Մեր ազգի պատմությունը մանրակրկիտ ուսումնասիրած Յուրին գտնում է, որ ազգի համար ճակատագրական գործերին ի վիճակի են անհատները: Երբ ծագում է լինել-չլինելու հարց, անհայտությունից ի հայտ են գալիս որոշ անհատներ, կատարում են ճակատագրական գործեր, որից հետո գնում են անհայտություն. այսպես է եղել ամբողջ պատմության ընթացքում: «Զգացել եմ, որ այս հարցը հենց այնպես լուծվող հարց չէ: Խորհրդային գաղտնի ծառայությունները ողջ մարդկային երկսեռ այլանդակներին գցեցին շարժման մեջ, որոնք ակունքայիններիս վրա կեղտ էին շպրտում: 4 մահացու հարվածների տակ դիմանալով՝ առաջ էինք տանում գործը: Առջևից մեզ խփում էր կայսրությունը, աջ կողմից՝ Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, ձախ կողմից՝ թուրքական լկտիացած խուժանը: Ամենամահացուն, սակայն, եղել են տեղական բյուրոկրատական պատվեր կատարող տականքները. նրանք էլ հարվածել են թիկունքից,- ավելացնում է նա ու շեշտում,- բայց մեկ է՝ սատանան ինչքան սատանայություն անի, Աստծուց ավելի ուժեղ չէ, իսկ ընդհանուրի որոշումը Աստծո որոշումն էր, դրա համար էլ ստացվել է գործը»:
Մտերիմ էր Արթուր Մկրտչյանի և Իգոր Մուրադյանի հետ, սակայն չի ընդունել Ազգային խորհուրդ ստեղծելու նրանց առաջ քաշած գաղափարը: «Էշը վեր էշա՝ մեհետա ցեխումը մնամ: Ճիշտ այդ ձևի մի համագումար էլ Ղարաբաղի Շոշ գյուղում էր 1920թ. հրավիրվել: Արդյունքը եղել է հայ բնակչության կոտորածը: Մեր միակ ճանապարհը ընդհատակյա բանակ ստեղծելն էր: Տեսնում էի, որ անխուսափելի է մասսայական պատերազմը: Հինչքան թինգյանունց թյասակ ինի, վննաման չի տեռնում, հինչքան թինգյանունց վննաման ինի, թյասակ չի տեռնում: Առաջարկում էի հենվել գործող մարմինների վրա, ընդհանուր ռազմականացված իշխանություն ստեղծել, ամեն ինչը դնել ռազմական ռելսերի վրա, որպեսզի սվերած շների պկեն ժինջիլնեն յետ չինի («սվերած շները» պետական պաշտոնյաներն են)»,- շարունակում է նա իր խոսքը:
Յուրի Գրիգորյանը ՀՅ Դաշնակցության շարքերը մտել է 1989թ.: «Դրանից հետո ինչ գաղափար առաջ էի քաշում, ասում էին՝ դաշնակների ծրագրերն են: Քանի որ Դաշնակցությանն այդպիսի ծրագիր չի եղել, դաշնակցականներն էլ ինձ կասկածում էին «ԿԳԲ»-ի աշխատակից լինելու մեջ: Դրա համար էլ որոշ ժամանակ անց հեռացել եմ կուսակցությունից»:
Դեմ է տարբեր կուսակցությունների, խմբավորումների առաջացմանը՝ «ինչքան բազմակուսակցություն լինի, մեր ազգային քաղաքականության անվտանգությունը մի ընդհանուր համակարգի մեջ չի կարողանալու ամփոփվել»: «Շարժումը հոսող ջուր է, եթե այն կանգնեցնում ես, ճահճաջուր է դառնում, որը համաճարակ է առաջացնում: Իսկ եթե ընթացքը շարունակվում է, ինչքան էլ դանդաղ է գնում, այնքան կեղտոտում, նստվածք է տալիս, մնում է պարզ, խմելու ջուրը»:
Բացի քաղաքական աշխատանքներից՝ ակտիվորեն մասնակցել է նաև ռազմական գործողություններին: Կռիվ լինի՝ նորից կգնա:
Ծնվել է 1954թ. Գիշի գյուղում: Գիշու միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ցանկանում է իրավաբանական բաժին ընդունվել, բայց նյութական միջոցները չեն բավարարում: Հարազատները կատակով ասում են՝ օզում ար յուրիստ տեռնար, տուրիստա տեռալ. ամբողջ աշխարհը շրջել է: Ստացել է ագրոնոմի մասնագիտություն, գյուղատնտեսական տեխնիկումն ավարտել է գերազանցությամբ: Ունի 4 զավակ:
Պատերազմից հետո, 2 տարի սահմանապահ ծառայության մեջ էր, 1996թ. վերջերից մինչև 1997թ. կեսերը: Ծանր ժամանակների էին: Նրան և ընկերներին հաճախ տանում էին պատժախցերը, քաչալացնում, ծեծում, աշխատավարձից զրկում: Ասում էր՝ «մեզ քաչալացրել են, ջհաննամը, բա որ գնանք տեսնենք տնտեսությունները քաչալացած, ի՞նչ ենք անելու»:
Յուրիի կարծիքով՝ Արցախը պիտի ինքն իրեն ուտելիքով բավարարի, իր ներքին հարստություններն օգտագործի: 1996թ. առայսօր ուսումնասիրում է ընդերքի ջրերը, և ընտանիքն է պահում, և համարյա ամբողջ Արցախի տարածքն ուսումնասիրում: Միայն 400 ստորերկրյա ջուր է հաշվել Մռովից մինչև Արաքս, որոնցից յուրաքանչյուրը վայրկյանում 30-60 լ ջուր կարող է տալ: Հիմա «քյանքանչի» է՝ խցանված արտեզյան ջրերն է բացում:
«Հայրենասիրական ճառերով, ողորմությամբ երկիր չի պահվի,- ասում է Յուրին ու ասում՝ ինչու էր այն ժամանակ գյուղացին կանգնել,-որովհետև ամեն մարդ ուտելիքի 4 տարվա պաշար է ունեցել, ամենօրյա հացն ունեցել է և համոզված գնացել է գաղափարի ետևից: Խորհրդային ժամանակների 140.000 տոննա խաղողի արտադրությունն այժմ դարձել է 10.000 տոննա»: Հետո էլ ավելացնում է՝ «Ես արդեն իմ գործն արել եմ, նոր սկիզբ, նոր ուղղություն է հարկավոր»:
Տաթևիկ Աղաջանյան