Շուշին դարձնենք նաև զարգացման խորհրդանիշ
Մայիսի 9-ին ազգովի տոնեցինք Շուշիի ազատագրման 25-ամյակը: Շուշիի ազատագրումն Արցախյան ազատամարտի հաղթանակի եւ արցախցու հաղթական նպատակասլացության խորհրդանիշն է համարվում: Թեեւ նախքան Շուշիի ազատագրումը եւ նրանից հետո ունեցել ենք այլ հաղթանակներ եւ ճաշակել պարտություններ եւս, սակայն Շուշին այլ բան է:
Հաղթանակը՝ հաղթանակ, բայց Շուշիի ազատագրման մեջ պետք է որոնել հաղթանակով արձանագրված հոգեկան նվաճումը, այն, որ դրդապատճառ է հանդիսանում զարգացման եւ նոր նվաճումների: Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ լինում են պահեր, որոնք կերտում են ոչ միայն տվյալ ժողովրդի ճակատագիրը առարկայորեն, այլ նաեւ ներշնչանքի աղբյուր են հանդիսանում հետագա զարգացման համար:
Հարյուր տարուց ավելի քիչ ժամանակահատվածի տարբերությամբ մեր ժողովրդի պատմության մեջ տեղի է ունեցել ներշնչանքի երկու իրադարձություն: Առաջինը` 1918թ. մայիսի 26-ին Սարդարապատում, իսկ երկրորդը՝ 1992թ. մայիսի 9-ին Շուշիում:
Արցախյան հաղթանակի խորհրդանիշ Շուշիի ազատագրման առիթով արդեն 25 տարի տոնակատարություններն ու խրախճանքները մի կողմ թողնելով` մի պահ հաղթանակի բերկրանքն ապրելուց հետո պետք է մտածել նաեւ հաղթանակը իրականության վերածելու մասին, հաղթանակով զարգացումն ապահովելու եւ հաղթանակից նոր հաղթանակենր կերտելու մասին:
Շուշիի ազատագրումը տեղի ունեցավ Արցախյան ուժերի միջոցով` առանց հույս դնելու սրա-նրա օգնության, սրա-նրա խոստման կամ մատակարարվող զենքի վրա: Պետք է մարեր Արցախի մայրաքաղաքի վրա տեղացող կրակի հիմնական կետը: Մենք մեր առաջ դրեցինք խնդիր եւ լուծեցինք այն: Սա Շուշիի ազատագրման հիմնական պատգամն է` երբ վճռական տրամադրությամբ ենք մղվում որեւէ գործի, երբ հաղթանակն այլընտրանք չի ունենում, խնդրի լուծումն անշրջելի է:
Այսօր մեր հանրապետությունը կանգնած է հազար ու մի չլուծված հարցերի դեմ հանդիման: Այդ չլուծված խնդիրները նախ եւ առաջ մեր վճռականությանն են կարոտ, իսկ հետո Հայաստանի եւ համահայկական միջոցների: Այլ խոսքով՝ եթե մենք չունենանք մեր մեջ երկիրը զարգացնելու շահագրգռվածությունն ու նախանձախնդրությունը, այլ մարդ չի կարող մեր փոխարեն անել դա:
25 տարի է անցել այն օրից, երբ ազատագրվեց Շուշին: Իսկ Արցախի զարգացման հիմնական պատկերը երեւում է հենց Շուշիում: Ինչքան էլ առիթներ լինեն մեր պատմությունով պարծենալու, Շուշիի պատմությունը որպես հայկական մշակութային կենտրոն ներկայացնելու իրականությունը մնում է այսօրվա Շուշին:
Այսօրվա Շուշին, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Թեեւ վերջին տարիներին ջանքեր են գործադրվել Շուշին բարեկարգելու, բազմաբնակարան շենքեր վերակառուցելու եւ մինչեւ իսկ պետական օղակներ եւ ուսումնական հաստատություններ տեղափոխելու Շուշի, սակայն քաղաքը դեռեւս պատերազմական գոտի է հիշեցնում:
Ահա այստեղ է, որ պետք է համախմբենք համայն հայության ջանքերը: Ահա այստեղ է, որ մեր 25 տարիների հաղթանակի խորհրդանիշը պետք է մեկընդմիշտ վերակառուցենք եւ դարձնենք ոչ միայն հաղթանակի, այլ զարգացման խորհրդանիշ:
«Ապառաժ»-ի խմբագրական, 16 մայիս 2017թ.