Ստեփանակերտում համերգով հանդես եկավ Երևանի պետական կամերային երգչախումբը

Ապրիլի 26-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում համերգային ծրագրով հանդես եկավ Երևանի պետական կամերային երգչախումբը՝գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:
Համերգային ծրագրի առաջին մասում Կոմիտասի ստեղծագործություններն էին, որոնք տարածելու և հանրությանը ճանաչելի դարձնելու առաքելություն է ստանձնել երգչախումը: Բարձր կատարողական արվեստով ու յուրահատուկ ոգով հնչեցին նաև Վիլլի Վայների ստեղծագործությունները՝ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի մշակմամբ, ինչպես նաև ջազային ճանաչված ու սիրված երգեր: Մշակութային հանդիպումն ավարտվեց Կոմիտասի Ազգային օրհներգով՝երգչախմբի ու հանդիսատեսի համատեղ կատարմամբ:
Ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և այլք: Երևանի պետական կամերային երգչախմբի արցախյան համերգը կայացավ ՀՀ մշակութի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: