Ոգեկոչման արարողություններ լիբանանահայ համայնքում
Վերջերս լիբանանահայ համայնքն իրականացրել է ոգեկոչման արարողություններ՝ նվիրված անցյալ տարվա ապրիլյան պատերազմում հանուն հայրենյաց ի զեն ելած մերօրյա հերոսների նահատակության տարելիցին։ Այդ միջոցառումներին, որպես հրավիրյալ, մասնակցել է նահատակված կամավորականի հայր, Արցախի վաստակավոր լրագրող Միքայել Հաջյանը:
— Պարոն Հաջյան, խոսենք այցի նպատակի մասին:
-Նախ, երախտագիտության զգացումով միայն կարող եմ նշել, որ Բեյրութ եմ մեկնել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի հրավերով։ Հրավիրվել եմ որպես կորուսյալ որդու ծնող՝ ապրիլյան պատերազմում նահատակված մեր քաջորդիների հիշատակի ոգեկոչմանը նվիրված արարողություններին մասնակցելու նպատակով, միջոցառումներ, որ նախաձեռնել և կազմակերպել էր ՀՅԴ Լիբանանի ԿԿ Քարոզչական մարմինը։ Նշեմ, որ Լիբանանի մեր հայրենակիցները, ինչպես որ համայն հայությունը, խոր ցավ ու կսկիծ է ապրում այդ մարտերի ընթացքում մեր կրած մարդկային կորուստների համար՝ մեզ հետ հավասարապես սգալով Արցախի այն դիրքապահ զինվորների և նրանց օգնության հասած կամավորականների նահատակությունը, ովքեր իրենց ամենաթանկագինը՝ կյանքը նվիրաբերեցին հող հայրենիի պաշտպանությանը։ Եվ քանի որ ոգեկոչման արարողություններին ինչպես Արցախից, նույնպես և Հայաստանից հրավիրված էի միայն ես, ուստի այդ և այլ միջոցառումների ընթացքում ես ինձ զգում էի որպես ոչ միայն հարազատ որդուս՝ Նորայրի, այլև մեր բոլոր նահատակների ծնող, հանդես գալիս կորուսյալ զավակների տեր դարձած բոլոր ծնողների անունից։ Առհասարակ, իրականում ես մեր նահատակված բոլոր տղաներին համարում եմ իմ զավակները, ինչպես որ, չեմ կասկածում ու շնորհակալական զգացումով եմ ընկալում, իրենց հերթին մյուս որդեկորույս ծնողներն են իմ որդուն համարում իրենց զավակը։
— Ի՞նչ միջոցառումներ էին կազմակերպվել:
— Բեյրութին մերձակա Բուրջ Համուդ քաղաքի կենտրոնում վեր է խոյանում մի հոյակերտ հուշարձան, որ կոչվում է Նահատակաց հուշակոթող։ Այն նվիրված է 1975-1990թթ. Լիբանանում տեղի ունեցած քաղաքացիական կռիվների ընթացքում՝ հայկական համայնքի ինքնապաշտպանության ժամանակ նահատակված ավելի քան 150 զինյալ կամավորականների հիշատակին։ Լիբանանահայ համայնքի համար սրբավայր դարձած այդ հուշակոթողի մոտ էլ հենց մարտի 29-ին տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմում նահատակված մեր տղաների հիշատակին նվիրված գլխավոր հոգեհանգստյան արարողությունը։ Մեծ բազմություն էր հավաքվել։ Համայնքի անդամները նախապես իրազեկվել էին տեսաձայնային լրատվամիջոցներով և համացանցի սոցիալական կայքէջերով, ամենուրեք շենքերի պատերին փակցված կամ ավտոմեքենաների դիմապակիներին դրված հայտագրերի միջոցով։ Ներկա էին համայնքի հոգևոր առաջնորդները, քաղաքական, հասարակական, կրթական, բարեգործական, մյուս կառույցների ղեկավարները, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներ, հայ պարբերական մամուլի խմբագրապետեր, լրագրողներ։ Հանդիսությանը մասնակցում էին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը։ Այդտեղ էր հայկական փողային նվագախումբը, որը հնչեցրեց Լիբանանի, Հայաստանի և Արցախի պետական օրհներգերը։ Տեղի ունեցած հոգեհանգստյան արարողությանը տերունական աղոթքով հանդես եկան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմակալ առաջնորդ Շահէ եպիսկոպոս Փանոսյանը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը, Հայ Ավետարանական եկեղեցու պատրիարք, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, այլ հոգևոր հայրեր։ Նահատակաց հուշակոթողի պատվանդանին, ի հիշատակ Ապրիլյան պատերազմի մեր նահատակների, ծաղկեպսակ դրվեց Լիբանանի խորհրդարանի երեսփոխան, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Բչաքջյանի և իմ համատեղ մասնակցությամբ։ Ապա ոգեկոչման արարողությունը՝ որպես ժողովրդային հանդիսություն, շարունակվեց «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում, որտեղ լեփ-լեցուն դահլիճի առջև ելույթ ունեցան երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Բագրատունին, Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը, հնչեցին հայրենասիրական երգեր, ցուցադրվեցին տեսաերիզներ Հայոց բանակի և Նորայր որդուս մասին, որից հետո ես հանդես եկա հիմնական բանախոսությամբ։
— Ինչպիսի՞ հանդիպումներ ունեցաք հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
— Համաձայն այցի ծրագրի՝ ուզում եմ առանձնապես նշել, որ ինձ բախտ է վիճակվել արժանանալ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Առաջինի ընդունելությանը և գրեթե մեկ ժամ զրուցել Վեհափառի հետ։ Այցելել եմ «Լիբանանի օգնության խաչ», «Արցախ ֆոնդ» կազմակերպություններ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմակալ առաջնորդարան, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքարան, Սփյուռքի միակ հայկական՝ Հայկազյան համալսարան, հանդիպել ու զրույց ունեցել նրա նախագահի՝ Հայ Ավետարանական եկեղեցու պատրիարքի հետ, որ միաժամանակ Սփյուռքի այդ միակ հայկական համալսարանի նախագահն է։ Հանդիպումներ ու զրույցներ եմ ունեցել ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի, Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի, Մերձավոր Արևելքում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի, ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի, Համազգայինի «Լեւոն Շանթ» մշակութային կենտրոնի ատենապետ՝ Պետիկ Ծառուկյանի հետ։ Այցելել եմ մի շարք հայկական վարժարաններ ու ճեմարաններ, խմբագրություններ, «Թռչնոց բույն» որբանոց։ Ընդհանուր առմամբ՝ մի քանի օրվա ընթացքում 30-ից ավելի միջոցառումների ու հանդիպումների եմ մասնակցել, հանդես եկել մի շարք բանախոսություններով։ Այդ ամենը, անշուշտ, իմ սրտին ու հոգուն մեծ լիցք է տվել:
— Ինչքա՞ն է կազմում հայ համայքը և ինչպիսի՞ն է ներհամայնքային կյանքը:
— Մինչև 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմը Լիբանանի հայկական գաղութն ուներ շուրջ 300 հազար բնակչություն, բայց այդ տարիներին մեծ արտագաղթ տեղի ունեցավ, ինչի հետևանքով գաղութը ներկայումս ունի շուրջ 100 հազար անդամ: Ունեն 30 դպրոց՝ ճեմարաններ, վարժարաններ՝ 12-ամյա կրթությամբ, Հայկազյան համալսարանը, որը լայն համբավ է վայելում ոչ միայն հայության շրջանում, այլև ամբողջ տարածաշրջանում: Ուսումն ամենուրեք վճարովի է, քանզի իրականացվում է բացառապես համայնքային միջոցների հաշվին։ Մասնավորապես, միջնակարգ դպրոցներում ուսման տարեկան վարձը կազմում է 2000, իսկ Հայկազյանում՝ 8000 ԱՄՆ դոլար։ Մանկապարտեզները, որպես նախակրթարաններ, միջնակարգ դպրոցների դաստիարակչական աշխատանքի հիմքն են կազմում, որտեղ սաները բանավոր հիմունքերով հայերենից բացի յուրացնում են նաև արաբերեն և ֆրանսերեն լեզուները, ապա, հաճախելով դպրոց, այդ լեզուների հետ մեկտեղ արդեն սովորում են նաև անգլերեն լեզուն, ընդ որում՝ այնքան հիմնավոր, որ մայրենի լեզվի պես տիրապետում են նաև այդ օտար լեզուներին։ Ճեմարաններից մեկի նախակրթարանում հաճելիորեն ականատես եղա, թե ինչպես 3-4 տարեկան երեխաները ֆրանսերեն երգում են Շառլ Ազնաուրի հանրահայտ «Քեզ համար, Հայաստան» երգը։ Անչափ հուզիչ էր։
Այցի ծրագրի շրջանակներում եղել եմ Հայոց ցեղասպանության նահատակների հուշահամալիրում, խոնարհվել Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում զանգվածային կոտորածների զոհ դարձած մեր հայրենակիցների հուշարձանի առջև, այցելել եմ Անթիլիասի համալիր՝ եկեղեցի, թանգարան, հայկական պաշտամունքային օջախներ՝ եկեղեցիներ ու վանքեր՝ Առաքելական, Կաթողիկե, Ավետարանական։ Վերջին այցելություններիցս մեկը «Թռչնոց բույն» որբանոցն էր, որը բացվել է ցեղասպանությունից հետո և գործում է առայսօր:
— Որպես լրագրող` ի՞նչ կասեք լրատվական դաշտի մասին:
— Բազմազան և աշխույժ է լրատվական դաշտը։ Լույս են տեսնում «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ», «Խոսնակ» և մի շարք այլ տպագիր պարբերականներ՝ ընթերցող հանրությանը ներկայանալով նաև էլեկտրոնային կայքէջերի տեսքով։ Գործում է «Վանա ձայն» ռադիոկայանը, ՕTV արաբական հեռուստաընկերության հայկական խմբագրությունը՝ լուրերի ամենօրյա թողարկմամբ, 20 րոպե տևողությամբ։ Այդ լրատվամիջոցները, ինչպես պարզվեց հանդիպումների ընթացքում, մեծապես շահագրգռված են ու պատրաստ համագործակցելու արցախցի իրենց գործընկերների հետ։ Նշեմ, որ այցի ծրագրի համաձայն՝ «Ազդակ»-ի մամլո լսարանում հանդես եմ եկել բանախոսությամբ «Արցախի լրատվական դաշտի համայնապատկերը» թեմայով։ Բացի այդ, հանդիպումներ և Արցախի լրատվամիջոցների հետ փոխգործակցության հարցերի շուրջ զրույցներ եմ ունեցել վերը նշված պարբերականների խմբագրատներում, հարցազրույցներ տվել «Վանա ձայն» ռադիոկայանին, OTV հեռուստաալիքի հայկական խմբագրությանը, վերջինս հաղորդվել է արդեն ապրիլի 9-ին՝ շուրջ կես ժամ տևողությամբ։ Նույնը վերաբերում է նաև մարզամշակութային ոլորտների կառույցներին։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ բավական աշխատանք կա կատարելու, այդ թվում՝ առանձնապես նաև մեր կողմից, ինչի շնորհիվ կշահենք և մենք, և Սփյուռքը, ի մասնավորի՝ լիբանանահայ համայնքը։
— Որպես վերջաբան` ներկայացրեք ձեր տպավորություններն այս այցելությունից:
Բավական աշխույժ կյանքով ապրող համայնք է, որն իր բոլոր հանրային ձեռնարկներն իրականացնում է բացառապես սեփական միջոցների հաշվին։
Նշեմ նաև, որ սիրտդ հպարտությամբ է լցվում, երբ Բեյրութում, Բուրջ Համուդում, Լիբանանի այլ հայահոծ բնակավայրերում հանդիպում ես հայատառ ցուցանակներով տարաբնույթ հաստատությունների, խանութների, սպասարկման սրահների և այլ կառույցների անուններ՝ արաբերենի և անգլերենի հետ զուգահեռ:
Հարցազրույցը՝ Լիլիա Բաղրյանի