Դաշնակցական արվեստագետը
Մարտակերտ քաղաքում բնակվող, ծնունդով Գառնաքարից Յուրի Մանգասարյանին Մարտակերտում և նրա սահմաններից դուրս շատերն են ճանաչում: Իր մասին հարցին միանգամից պատասխանեց` հինչում ըրալ, վար հինչ պատմեմ (ի՞նչ եմ արել, որ ի՞նչ պատմեմ): Իսկ երբ սկսեց իր արածն ու չարածը ներկայացնել, նախատեսված մի քանի ժամը չափազանց քիչ թվաց:
Ծնվել է Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում 1949թ. հոկտեմբերի 4-ին: Ծնողները 7 զավակ են պահել, մեծացրել: Ավարտել է Գառնաքարի 8-ամյա դպրոցը, հետո ուսումը շարունակել Վանքի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1968թ. ընդունվել է Երևանի գեղարվեստի տեխնիկումը, 2 տարի սովորել, այնուհետև ծառայել խորհրդային բանակում: Ծառայությունից հետո Երևանում աշխատելու հնարավորություն կար, սակայն ծնողները տարեց էին, խնդրեցին վերադառնալ: Աշխատանքի անցավ Մարտակերտի ստվարաթղթի ֆաբրիկայում, որին կից նկարչական արվեստանոց կար: Նա ամբողջ շրջանի քարոզչության համար նկարներ ու պաստառներ էր պատրաստում: 3 «լյավ ծիրքաճյուր» ունեցողների, որոնց թվում նաև Յուրիին, այդ գործն է հանձնարարվում: «Այնքան Լենին, Բրեժնև ենք նկարել, հոգնել ենք»,- նշում է Յուրին:
1976թ. ամուսնացել է, տուն ստացել Մարտակերտում և ինչպես ինքն է ասում՝ դարձել մարտակերտցի, չնայած գյուղն ավելի շատ է սիրում: Երկու զավակ ունի՝ որդի ու դուստր, նաև` 2 թոռ: Այդ կողմով աղքատ եմ՝ ասում է:
Աշխատանքի վայրում կոմունիստական կուսակցական կազմակերպության քարտուղարն էր: Մինչև պատերազմն սկսվելը կոմբինատում 200 բանվոր էին աշխատում: Շարժումն սկսվելուց հետո ակտիվորեն մասնակցում է նախապատրաստական աշխատանքներին: «Ստորագրավաքի փուլում այն ժամանակ Շիրինյան Վիգենն էր ղեկավարը,-հիշում է Յուրին,- առաջարկում եմ ստորագրություններ հավաքելու համար տնետուն ընկնելու փոխարեն ընդհանուր ժողով հայտարարել կոմբինատում»: Հայտարարում է, մոտ 160 բանվորի ներկայությամբ ելույթ է ունենում ինքը՝ կուսկազմակերպության քարտուղարը: Արձանագրում է, որ գործարանի բանվորները համաձայն են Արցախը Հայաստանին միացնել: Արձանագրությունը կազմելուց, վավերացնելուց հետո կոմունիստական կուսկազմակեպության նախկին քարտուղարը զգուշացնում է, որ այդպիսի գործունեության համար կուսակցությունից հեռացնելու են, ինքն էլ հակադարձում է, թե ավելի լավ է հեռացնեն, որովհետև Ղարաբաղի այս վիճակի համար կոմունիստներն են մեղավոր: Կուսկազմակերպության նախկին քարտուղարն իսկույն բնորոշում է՝ «ոնց որ դաշնակ լինես»: Այն ժամանակներում դաշնակը, նեմեցը վիրավորական իմաստով էին օգտագործում:
Իսկ Դաշնակցության շարքերն անցնում է 1991թ. սեպտեմբերի վերջերին: Դեռևս ռուսական բանակն այնտեղ էր: Մարտակերտի շրջանի Պաշտպանական շտաբում մի երեկո, վարագույրներն իջեցրած, որ ռուսները չնկատեն, հավաքվում են: Երևանից երկու դաշնակցական էին եկել անդամագրման համար: Ներկաներից մեկն ասում է, որ ծառայողները չպետք է ինչ-որ կուսակցության անդամ լինեն, եկողները` թե միգուցե տղաներն ուզում են: Իրեն են հարց ուղղում, թե` օրինակ դու պարտիական ես, կուզես Դաշնակցական դառնալ, պատասխանում է՝ այո: Ու մտնում է կուսակցության շարքերը: Իրենց հրամանատարը՝ Նորայր Դանիելյանը, ևս դաշնակցական էր, չնայած գտնում էր, որ զինվորը որևէ կուսակցության անդամ չպիտի լինի:
Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից է, ծավալել է լայն ընդհատակյա գործունեություն, իսկ ռազմական գործողությունների սկսվելուց հետո մասնակցել Մարտակերտի շրջանի համարյա բոլոր գյուղերի ազատագրման համար մղված մարտերին, կռվել Քարվաճառի շրջանում: 1991 հոկտեմբերից մինչև 1993թ. հունիսը կապավոր է եղել:
1993թ. Քարվաճառի դիրքերում էր, որտեղ էլ Նորայր Դանիելյանն առաջարկում է շտաբ տեղափոխվել: Հունիսի մեկին նրա հրամանով Մարտակերտի պաշտպանական շտաբ է տեղափոխվում: 1995թ. շտաբի պետ է եղել, 1997-ից՝ գումարտակի հրամանատար:
Յուրիի կրտսեր եղբայրը՝ Սուրեն Մանգասարյանը, բնակվում էր Ռուսաստանի Սամարա քաղաքում (նախկինում` Կույբիշև): Շարժման ծավալումից հետո՝ 1988թ. վերադառնում է Արցախ և նվիրվում հայրենիքի ազատագրության գործին: Եղբայրը ևս դաշնակցական էր, Առանձնակի գումարտակի կազմում էր կռվում. զոհվել է 1994թ. հունվարի 6-ին: Եղբորը նվիրված հուշաքարն ու նկարն իր ձեռքով է պատրաստել:
Բանակից զորացրվելուց հետո Մարտակերտում կուսակցական մարմին են ստեղծում, որի ակունքներում կանգնած է Յուրի Մանգասարյանը:
Զորացրվել է 1998թ.: Ծառայությունից դուրս գալու պատճառներից մեկն էլ տանը տարբեր աշխատանքներ կատարելն է: Նկարչական ձիրք ունի, չի կարողանում մերժել զոհվածներին նվիրված հուշաքարերի, քանդակների, նկարների պատրաստման խնդրանքները: Եվ, ինչպես ծանոթներն են փաստում, այդ աշխատանքները կատարում է անվճար, հաճախ սեփական միջոցներով օգնում տեղափոխման և տեղադրման հարցերում: Նրա ձեռքի աշխատանքներն են Գառնաքարի հուշաղբյուրը, Կիչանի, Մաղավուզի, Ներքին Հոռաթաղի հուշարձանների նկարները, Մարտակերտ քաղաքի և այլ վայրերի մի շարք հուշարձաններ:
Ուրիշ տեղ ապրելու մասին չի էլ մտածում: Զավակները ևս նույն ոգով են դաստիարակվել: Արցախյան պատերազմի ժամանակ, երբ որդուն ու դստերը Երևան` ավելի ապահով տեղ տեղափոխելու հնարավորություն կար, հենց իրենք են հրաժարվում մեկնելուց: Այժմ որդին՝ Մհերը, Մարտակերտի արհմիության ղեկավարն է: 2016 թ. ապրիլին և դրանից հետո անընդհատ անցնում է դիրքից դիրք, ով ինչի պակասություն ունի, հասցնում: Դրսից ինչ-որ օգնություն, գումար ուղարկելիս նրան են դիմում, վստահում, որ տեղ հասցնի:
Հայրենի գյուղին՝ Գառնաքարին, «Չարդախլու» են ասում: Գյուղի բնակիչների մեծամասնությունը ծառայում է բանակում: Փոքր գյուղ է, բայց ծնունդով գառնաքարցի 74 հոգի մասնակցել են Արցախյան պատերազմին:
Ղարաբաղի խնդրի լուծման մասին խոսելիս էլ մեջբերում է 1995 թ. Երևանում կայացած ինչ-որ կլոր սեղանի ժամանակ հնչած միտքը` Ղարաբաղի անկախության գնացքն անցել է. ով հասցրել է` նստել է, ով չի հասցրել` Ադրբեջանի նման մնացել է կանգառում: Իսկ Արցախի հարցով մտահոգություն չունի, հավատում է ժողովրդի նվիրվածությանը: Եվ որպես ապացույց` բերում հետևյալ դեպքը: Ընկերոջ որդին Մարտակերտում պարտադիր ծառայության պիտի անցներ, Յուրին ցանկանում է իր հեռախոսահամարը տալ նրան, որ ինչ-որ բանով օգնելու համար զանգի: Բայց նորակոչիկը չի վերցում` ասելով՝ «օգնելու բան չկա, 2 տարի է էլի, կծառայեմ»: «Քանի այդպիսի տղաներն են սահմանը հսկում, հանգիստ քնում ենք»,- նշում է նա:
Իսկ մենք համոզված ենք, քանի դեռ կան Յուրիի նման իր հող ու ջրին կպած, ազնիվ, նվիրված, կարեկից, բանիմաց ու համեստ մարդիկ, Արցախի ապագան չի կարող մշուշոտ լինել:
Տաթևիկ Աղաջանյան