Բուհական կրթությունը կյանքին մերձեցնելու պահանջով
Գլխավոր » Հասարակական » Բուհական կրթությունը կյանքին մերձեցնելու պահանջով

Բուհական կրթությունը կյանքին մերձեցնելու պահանջով

Ինչպիսի՞նն է այսօր կրթությունն Արցախում, ի՞նչ մասնագետների կարիք ունենք, համապատասխանու՞մ է այն աշխատաշուկայի ներկայիս պահանջներին, բուհական կրթություն ստացածներն արդյոք աշխատու՞մ են իրենց մասնագիտությամբ: Այս և հարակից այլ հարցերի շուրջ մենք զրուցեցինք ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Լուսինե Ղարախանյանի հետ:

Տիկին Ղարախանյան, այսօրվա դրությամբ` քանի՞ ուսանող է սովորում Արցախի բուհերում:

— Այսօրվա դրությամբ` 2225 ուսանող սովորում է Արցախի 6 բուհերում: Դա Արցախի պետհամալսարանն է, Գրիգոր Նարեկացի և Մեսրոպ Մաշտոց հավատարմագրված համալսարանները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը: Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ Թամարա Քամալյանի անվան Բժշկական քոլեջում, Սայաթ Նովայի անվան Երաժշտական քոլեջում, Պարարվեստի քոլեջում, Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում, Մարտունու արհեստագործական ուսումնարանում, Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում, Շուշիի հումանիտար քոլեջում սովորում է ընդհանուր առմամբ 1654 ուսանող: Սա բակալավրիատի մասին է, իսկ մագիստրատուրայում ուսանողների թիվը կազմում է 481:

 — Ի՞նչ մասնագիտությունների պահանջարկ կա աշխատաշուկայում:

— Ցավոք, մենք աշխատաշուկայում մշտադիտարկում /մոնիթորինգ/ չենք իրականացնում: Հավանաբար, դա սոցապ նախարարության խնդիրն է: ՀՀ պետական բուհերում պետպատվերը մենք ձևավորում ենք նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների հայտերի, ինչպես նաև անհատ դիմորդների դիմումների հիման վրա: Առաջին կիսամյակում մենք բոլոր գերատեսչություններին գրություններ ենք ուղարկում, թե ինչ կադրերի պահանջարկ ունեն, և ըստ այդմ 60 անվճար տեղ ենք հատկացնում Հայաստանի պետական բուհերում: Դա հնարավորություն է ընձեռում ՀՀ-ում հատկացվող տեղերի սահմանում ԼՂՀ շրջանավարտների համար ըստ նախասիրությունների տեղեր հատկացնել: Կնքում ենք պայմանագրեր ԼՂՀ համապատասխան գերատեսչությունների հետ, ովքեր պատվիրել են տեղերը, պայմանով, որ ավարտելուց հետո վերադառնան և աշխատեն ԼՂՀ-ում: Ունենք տվյալների բազա, որտեղ այդ տվյալները հավաքագրված են: Շատ հաճախ մեզ զանգահարում են և այդ ուսանողի տեղն են հարցնում ու աշխատանքի վերցնում: Չենք կարող ասել, որ խորհրդային տարիների նման պլանային ձևով ենք անում /կա որոշակի անկառավարելի վիճակ/, բայց հիմնականում` նաև արտասահմանյան բուհերում մենք կազմակերպում ենք այդ գործընթացը: Ունենք արտասահմանյան 16 վարկանիշային բուհերն ավարտածներ, որոնցից 5-ն է, որ տարբեր պատճառներով չեն վերադարձել. մնացածները վերադարձել են և այժմ հասարակական տարբեր ոլորտներում կարևոր պաշտոններ են զբաղեցնում:

— Ինչպիսի՞ մասնագիտություններ են այսօր պահանջված դպրոցներում:

— Մի քանի տարի առաջ նախարարությունը համակարգային ուսումնասիրություն կատարեց մանկավարժական կադրերի պահանջվածությունը ստուգելու համար և հստակեցրեց նպատակային տեղերի անհրաժեշտությունը, որից հետո մենք, ըստ էության, դադարեցրինք արտոնագիր (լիմիտ) հասկացությունը: Այսօր Արցախում պահանջարկ ունեն բնագիտական առարկաների` մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի մասնագետները: Կան համայնքներ, ուր օտար լեզվի մասնագետների կարիք կա, սակայն ավելի լուրջ խնդիր է մաթեմատիկա առարկայի մասնագետի խնդիրը. անգամ Ստեփանակերտում լավ կադրերի առումով դա խնդիր է: Ինչպես գիտեք՝ մրցույթների արդյունքում են մասնագետներն աշխատանքի ընդունվում: Եղել է մաթեմատիկա առարկայի  մրցույթ, որի արդյունքում այդ կադրը չի բավարարել նախարարության պահանջները, քանի որ օրենքով ավագ դպրոցի ուսուցիչներին նախարարությունն է աշխատանքի վերցնում:

Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը կարողանո՞ւմ է հետևել, թե ուսանողների քանի տոկոսն է ավարտելուց հետո աշխատում ըստ իր մասնագիտության:

— Անկեղծ ասած` այդպիսի մոնիթորինգ չկա նախարարության կողմից, բայց տեղյակ եմ, որ հավատարմագրված բուհերն իրենց շրջանավարտների համար դիտարկում անում են: ՀՀ-ում կան կարիերայի կենտրոններ, որոնք հետևողական աշխատանք են տանում իրենց շրջանավարտների ապագան ուրվագծելու, հետագայում օգնելու առումով: Ընդհանրապես առաջարկի և պահանջարկի անհամապատասխանության խնդիրը տարածաշրջանային է. նույն խնդիրը կա մեր հարևան երկրներում: Կա մոդայիկ մասնագիտությունների ցանկ. դա տնտեսագիտությունն է, իրավաբանությունն է, առաջին հայացքից ռոմանտիկ թվացող միջազգային հարաբերություններ մասնագիտությունն է, բայց աստիճանաբար այդ կարծրատիպերը կոտրվում են: Այստեղ կա մասնագիտական ճիշտ կողմնորոշման խնդիր, որին պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվի դպրոցներում, այն էլ՝ սկսած ցածր օղակից: Ոչ ծնողը պետք է ընտրություն կատարի երեխայի փոխարեն և ոչ էլ երեխան վազի մոդայիկ մասնագիտությունների ետևից, այլ հաշվի առնվի երեխայի ռեալ հնարավորությունները, դրանք հավասարակշռվեն հավակնությունների մակարդակի հետ: Ի վերջո, մասնագիտորեն կողմնորոշված երեխան անձնային ինքնություն է ապրում: Եթե ես գիտեմ՝ ով եմ ես, ինչ եմ դառնալու, և միայն ընդունվելուց հետո չեմ կռահել, որ սխալ ընտրություն եմ արել, իմ անձնային և հոգեբանական դաշտում խնդիրներ չեն առաջանում, բայց երբ ուշ եմ բացահայտում, արդեն անձի հոգեկան առողջության խնդիր կա:

Առաջիկայում ՀՀ «Մասնագիտական կողմնորոշում կենտրոն« ՊՈԱԿ-ի /որի հետ մենք արդեն համագործակցում ենք/ մասնագետները կայցելեն Արցախ` մասնագետներ վերապատրաստելու: Վաղուց ժամանակն է, որ այդ գործով զբաղվեն պրոֆեսիոնալները: Մենք ունենք սոցիալական մանկավարժի խնդիր. այդպիսի կադրեր առաջիկայում կպատրաստի Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:

— Որպես հոգեբան` ինչքանո՞վ եք կարևորում հոգեբանի դերը մասնագիտական կողմնորոշման հարցում և ի՞նչ քայլեր են արվում դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու նպատակով:

— Դպրոցի հոգեբանը, սոցիալական մանկավարժը և դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալը մեծ դերակատարություն ունեն մասնագիտական կողմնորոշման հարցում: Սոցիալական մանկավարժները հստակ ընդգծում են, որ աշակերտների դեռահասության տարիքում ամենակարևոր հարցը մասնագիտական ճիշտ կողմնորոշումն է: Կան անառողջ ուսանողներ, որոնք քարշ են գալիս դիպլոմի համար, բայց մենք ունենք նաև էլիտար ուսանողներ, որոնք գիտեն՝ ինչի համար են եկել և ինչի համար են պայքարում: Բայց այդ խնդիրը խորքային է. առաջատար եվրոպական երկրների կրթական համակարգերում պատշաճ ուշադրություն են դարձնում մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը և հետո միայն աշխատաշուկայի պահանջներին:

Կան ուղիներ, որոնցով կարելի է մասնագիտական ընտրությունը կյանքին մոտեցնել, և այդ ուղղությամբ ԿԳՍ նախարարությունը հունիսին նախատեսում է դասընթացներ, որտեղ հստակեցված են ծրագրերը, մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանությունը, նպատակը, խնդիրները, սկզբունքները, համակարգին առաջադրվող հետաքրքիր մոդելները, որտեղ ընդգրկված է և՛ հանրակրթության ոլորտը, և՛ միջին մասնագիտական ու բարձրագույն համակարգը: Այստեղ մենք գործ ունենք ոչ միայն անհատական, այլև հասարակական ճիշտ դերաբաշխման հետ: Եթե մենք ունենք տնտեսագետների և իրավաբանների գործազուրկների բանակ, մենք չենք կարող ասել, որ ուժեղ արժեքային համակարգ ունեցող հասարակություն ունենք: Ուսանողը պետք է հասարակական և ազգային արժեքները հաշվի առնելով ընտրի մասնագիտությունը: Եթե այդ ընտրությունը միայն գրպանի համար է, ապա այստեղ արժեքների կորուստ ենք ունենում: Իսկ արժեքների կորուստը նշանակում է` պատերազմ մեր ներսում, հոգեբանական դաշտում: Այստեղ ակնհայտ զոհեր չունենք, բայց ունենք ախտեր, որը ներսից փչացնում է հասարակությունը:

Հարցազրույցը՝ Լիլիա Բաղրյանի

1