Ներկայացվել է Ադրբեջանի կողմից եվրոպացի խորհրդարանականներին կաշառելու մասին փաստաթուղթ. The Guardian-ի նոր բացահայտումները
Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողով է ներկայացվել փաստաթուղթ, որը մերկացնում է Ադրբեջանի կոռուպցիոն մեխանիզմները եվրոպացի պատգամավորներին կաշառելու վերաբերյալ, գրում է բրիտանական The Guardian պարբերականը։
Փաստաթղթի նախաձեռնողը նիդեռլանդացի խորհրդարանական Փիթեր Օմտզիխտն է։
The Guardian-ը նշում է, որ տվյալ փաստաթուղթը մեծ հարցականի տակ է դնում Ադրբեջանի հարցով բազմաթիվ զեկույցների ու հայտարարությունների բնույթը, որոնք արվել են վերջին տարիներին եվրոպական այդ կառույցի շրջանակում։
ԵԽԽՎ-ն ռիսկի է դիմում, եթե անհապաղ հետաքննություն չսկսի Ադրբեջանի իշխանությունների օգտին քվեարկությունների արդյունքների նկատմամբ։ Ընդգծվում է, որ հեղինակավոր խորհրդարանականները նախազգուշացրել են, որ հետաքննության ձախողումը կհարվածի ԵԽԽՎ-ի վարկանիշին։
Ընդգծվում է, որ Ադրբեջանը ԵԽԽՎ անդամ է դարձել 2001թ., սակայն դիտորդները միշտ հարց են բարձրացրել վեհաժողովի թույլ ռեակցիայի մասին՝ կապված նավթով հարուստ այդ երկրում ընտրությունների կեղծման ու մարդու իրավունքների խախտումների հետ։
Իրավապաշտպան կազմակերպությունները մասնավորապես իրենց զեկույցներում նշել են, որ Ադրբեջանը կիրառում է այսպես կոչված «խավիարային դիվանագիտություն»՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին նվիրելով թանկարժեք զարդեր, գորգեր ու այլ արժեքավոր իրեր։
Ինչ վերաբերում է Լուկա Վոլոնտեին, ապա ներկայումս նրա դեմ Միլանում հետաքննություն է ընթանում։ Իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդագրությունների համաձայն՝ նա առանցքային դեր է կատարել 2013թ. Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցի մերժման հարցում։
«Կառույցը, որը կոչ է անում երկրներին լինել բաց ու թափանցիկ և չի հետաքննում ձայների կեղծման մասին լուրերը, արժանի չէ վստահության»,- հայտարարել է Օմտզիխտը։
Այսպես, խորհրդարականների մեկ հինգերորդն արդեն ստորագրել է բանաձևը։ Հռչակագիրը ստորագրել են միջկուսակցական կոալիցիաների ներկայացուցիչները, որի կազմում գտնվում են 25 երկրների ներկայացուցիչներ, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Սկանդինավյան երկրների, Ուկրաինայի և Բալթյան երկրների:
«Մենք տեսնում ենք Ադրբեջանի հարցով գործընթացների ու քվեարկությունների կասկածելի արդյունքներ»,- հայտարարել նա The Guardian-ին տված հարցազրույցում։
Փաստաթղթի հեղինակը և այն ստորագրած անձինք ԵԽԽՎ-ի ղեկավարությանը կոչ են անում հետաքննել աղմկահարույց կոռուպցիոն սկանդալը՝ կապված իտալացի նախկին խորհրդարանական Լուկա Վոլոնտեի հետ, որը 2013թ․ 2.39 միլիոն եվրո կաշառք է ստացել, որպեսզի խափանի Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցի ընդունումը։
Իր հերթին, դանիացի քաղաքական գործիչ Մորգենս Յենսենը ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից խորհրդարանականներին կաշառելու պնդումները լրջորեն սպառնում են ԵԽԽՎ-ի վարկանիշին։
Պարբերականը գրում է, որ ԵԽԽՎ-ին սկսեցին մեղադրել նրանում, որ կառույցը աչքերը փակում է կոռուպցիայի վրա։
Փաստաթղթում տեղեկություններ կան նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպացի խորհրդարականներին կաշառելու այլ փաստերի մասին։
Նյութի համաձայն՝ «Կայունության եվրոպական նախաձեռնությունների» նախագահ Ջերալդ Կնաուսը նշել է, որ Ադրբեջանի ընտրությունները պետք է հարցեր առաջ բերեին դեռ մի քանի տարի առաջ։
Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի դիտորդները ներկա են եղել Ադրբեջանի ընտրություններին 2010, 2013 և 2015 թվականներին։ Ամեն անգամ նրանք ասել են, թե քվեարկությունն անցկացվել է «ազատ» և «արդար», թեև իրավապաշտպաններն ու ԵԱՀԿ փորձագետները հակառակն էին պնդում։
Կնաուսի խոսքով՝ ԵԽԽՎ-ի ղեկավարությունը ցուցաբերել է «տպավորիչ անտարբերություն» անկախ դիտորդների հայտարարությունների նկատմամբ։
Նշվում է, որ ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը վերջերս համաձայնել է հետաքննություն անցկացնել Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության առնչությամբ։ Նա ի սկզբանե հրաժարվում էր հետաքննություն սկսել ու մեղադրում էր խորհրդարանականներին նրանում, որ վերջիններս ցանկանում են իրենց քաղաքական մրցակիցներին սևացնել։ Սակայն նա փոխեց իր որոշումը Շվեյցարիայի, Բելգիայի, Բալթյան ու Սկանդինավյան երկրների բողոքներից հետո։
Կնաուսի խոսքով՝ «խավիարային դիվանագիտությունը ԵԽԽՎ-ում դեռևս առկա է, սակայն հույս կա, որ խորհրդարանականների բողոքները կտան իրենց արդյունքը։
Նշվում է, որ Ագրամունտը ևս ճնշման է ենթարկվել Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդի կողմից, ով ավելի վաղ հայտարարել էր, թե չի հանդուրժի անգամ կոռուպցիայի մանր դեպքերը։
Մինչ այդ, ինչպես գրում է իտալական La Provincia կայքը, դատելով Միլանում դատական լսումներից, ԵԽԽՎ-ում ԵԺԿ-ի խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին առաջադրվել է փողերի լվացման մեղադրանք, սակայն նրա դեմ քրեական գործ չի հարուցվել կոռուպցիոն գործունեության վերաբերյալ։
168.am