Կյանքն ազատագրումից հետո. Հալեպի վերաշինությունն արդեն սկսված է
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն ազատագրումից հետո հետզհետե վերադառնում է իր բնականոն կյանքին: Ճիշտ է, այն գրեթե ամբողջովին ավերված էր ու վերացած իր նախկին վիճակից, կան ջրի, հոսանքի հետ կապված դժվարություններ, սակայն Հալեպի վերաշինության ծրագրերն արդեն պատրաստ են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի՝ Հալեպից ընտրված պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ քաղաքի վերաշինության համար նախ եւ առաջ պետք է լավ պատրաստվել: «Հալեպի վերաշինությունն արդեն իսկ սկսված է, սակայն դա օրերի եւ շաբաթների հարց չէ»,-ընդգծեց Ռեյիսյանը:
Անդրադառնալով քաղաքի օդանավակայանի վերագործարկմանը, պատգամավորը հայտնեց, որ այն գրեթե պատրաստ կարելի է համարել, սակայն պետությունն ամեն ինչ անում է օդանավակայանի վերագործարկման անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծման ուղղությամբ: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ժիրայր Ռեյիսյանը վստահ է, որ քաղաքի ազատագրումից հետո աշխարհով մեկ սփռված հալեպահայերն անպայման հետ են վերադառնալու:
Սիրիայի կառավարական զորքերը դեկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել են, որ Հալեպն ամբողջությամբ գտնվում է իրենց հսկողության ներքո: Ահաբեկչական խմբավորումները, որոնք իրենց վերահսկողության տակ էին վերցրել Հալեպի զգալի մասը, հիմնահատակ ավերել էին այն, այդ թվում՝ հայաբնակ թաղամասերը՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, հասարակական, մշակութային ու հոգևոր օջախները: