Հուշ-երեկո՝ նվիրված Արման Ստեփանյանին
Դեկտեմբերի 5-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության «Արման Ստեփանյան» խմբի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Արման Ստեփանյանի ընտանիքի անդամների և ընկերների հետ:
Արմանը բացառիկ ազնվության ու նվիրվածության մարմնացում էր, հայրենիքի, գաղափարի նորօրյա մարտիկ: Ինչպես ընկերներն են նշում, նրա մասին խոսելը շատ դժվար է, բայց և հաճելի: Անսահման հավատարմություն, սեր ու մաքրություն կար նրա մեջ, որը մեր օրերում հազվադեպ է հանդիպում:
Արման Ստեփանյանը և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, և Ուսանողական միության ակտիվ անդամ էր: Ամեն ինչում առաջամարտիկ էր, դրոշակակիր, դաշնակցական գործիչներից հիանում էր հատկապես Վանա Իշխանի գործունեությամբ:
«Արման Ստեփանյանն իր կյանքի կարճ, բայց բովանդակալից տարիներն ապրեց նվիրումով՝ իր հայրենիքին, իր որդեգրած գաղափարին, իր ընտանիքին: Մեր բոլորի հուշերում նա կմնա որպես բարի, ազնիվ, գաղափարական անձնավորություն»,- Արմանի մասին այսպես է արտահայտվել ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ անդամ Ժիրայր Շահիջանյանը:
ՀՅԴ «Ն.Դուման» կենտրոնում կազմակերպված հուշ-երեկոյին ներկա էին Արման Ստեփանյանի կինը՝ Էլենը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ժիրայր Շահիջանյանը, գաղափարական ու մարտական ընկերներ, Երիտասարդական միության անդամներ: