Բրյուսելում կայացած ցուցահանդեսում ներկայացվել է Արցախի զբոսաշրջային ներուժը
Նոյմբերի 16-19-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացան Արցախի օրեր, որի շրջանակներում Բրյուսելի ամենահայտնի ցուցասրահում ներկայացվել է Արցախի զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների, ընթացքի և արդյունքների մասին «Ապառաժ»-ը զրուցեց ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի հետ:
— Պարոն Շահվերդյան, նոյեմբերի 17-19-ը Բրյուսելում կայացավ «Արցախ. Թաքնված գանձ» խորագիրը կրող ցուցաահանդեսը: Ինչպե՞ս ծագեց ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը:
Ցուցահանդեսի կազմակերպումը Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի առաջարկությունն էր, որն ընդունվեց ԼՂՀ իշխանությունների կողմից: Այն նպատակ էր հետապնդում ներկայացնելու Արցախի զբոսաշրջային ներուժը տեղեկատվական պաստառների միջոցով: Մի քանի ամիս անընդմեջ միասին իրականացնում էինք նախապատրաստական աշխատանքներ, և կարծում եմ, ցուցահանդեսի կազմակերպման բարձր մակարդակը և հյուրերի արձագանքը, ինքնին գնահատականն է արդյունավետ աշխատանքի: Ցուցահանդեսը բաց էր նոյեմբերի 17-ից 19-ը, իսկ մուտքն ազատ էր բոլոր ցանկացողների համար:
— Ինչպե՞ս ընթացավ ցուցահանդեսը, գոհ ե՞ք ընթացքից և արդյունքներից:
Ցուցահանդեսը կազմված էր 25 տեղեկատվական պաստառներից, որոնք ներկայացնում էին Արցախի զբոսաշրջային ներուժը, ինչպես նաև Արցախի զբոսաշրջային տաղավարից, որտեղ հիմնականում ներկայացված էին զբոսաշրջային գրականություն, քարտեզներ և այլ քարոզչանյութեր: Ինչպես արդեն նշեցի, ցուցահանդեսի կազմակերպման նպատակը հենց Արցախի՝ որպես զբոսաշրջային տեսակետից զարգացող ու անվտանգ ուղղության նկարագրի ձևավորվումն էր: Մեր կարծիքով այդ նպատակին հասել ենք: Գո՞հ ենք արդյոք ընթացքից, կարծում եմ հարցը պետք է ուղղել հենց հյուրերին, իսկ իրենց հետ շփումներից տպավորվել ենք, որ այո, ցուցահանդեսը կարելի է համարել կայացած: Հայտնի է, որ ցուցահանդեսը ոչ միայն տեղեկատվական նյութեր են, այլև շփման հարթակ պոտենցիալ զբոսաշրջիկների կամ տարածաշրջանով հետաքրքրվող զբոսաշրջային ընկերությունների հետ: Այդ նպատակով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել զբոսաշրջային ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
— Ինչպես նախկինում, այս անգամ ևս Ադրբեջանը փորձեց խափանել միջոցառման աշխատանքները: Ի՞նչ նախազգուշական միջոցառումներ են իրականացվել և Ձեր կարծիքով ազդել է արդյո՞ք Ադրբեջանի հակաքարոզչությունը:
Բոլորս, իհարկե, սպասում էինք Ադրբեջանի կողմից համապատասխան միջոցառումների, քանի որ Բրյուսելի «Տուր ըն Թեքսի» ցուցասրահի պես հայտնի վայրում Արցախի մասին ցուցահանդեսի կազմակերպումը բավականին արդյունավետ միջոց է՝ Եվրոպայի քաղաքական կենտրոններից մեկում Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման առումով: Մեզ հայտնի է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են ճնշումներ գործադրել ցուցասրահի տնօրինության վրա՝ ցուցահանդեսի կասեցման նպատակով: Նույնիսկ սպառնում էին անկարգություններ կազմակերպել, եթե ցուցահանդեսը, այնուամենայնիվ կայանա: Սակայն Հայ դատի գրասենյակի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ինչպես նաև հայ համայնքի գործուն աջակցության շնորհից հնարավոր եղավ կասեցնել այդ բոլոր վտանգները: Ինչ վերաբերում է քարոզչական մակարդակում ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հնչեցված տեղեկատվությանը, ապա ուղղակի կընդգծեի, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
— Իսկ ինչպե՞ս ընդունվեց ցուցահանդեսը տեղի հասարակության կողմից:
Կուզենայի ընդգծել, որ ցուցահանդեսի կազմակերպմամբ տեղի հանրության համար հնարավորություն ենք ընձեռնել բացահայտելու Արցախի թաքնված գանձերը, և կարծում եմ, մենք կարողացանք այդ նպատակն իրագործել հավուր պատշաճի:
Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի