Մայրը իր 6 զավակների հետ ապրում է նկուղում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մայրը իր 6 զավակների հետ ապրում է նկուղում

Մայրը իր 6 զավակների հետ ապրում է նկուղում

Բնակարանային հարցը ամենաքննարկվող ու ակտուալ հարցերից է Արցախում, ակտուալ է նաեւ բնակչության աճի խթանման ծրագրերի հարցը: Կառավարությունը մի շարք ծրագրեր է մշակել ու մշակում այդ ուղղությամբ: Թե որքանով են աշխատում այդ մեխանիզմները, թերեւս ժամանակը ցույց կտա, սակայն կան մի շարք օրենքներ, որոնք երկու կողմ ունեն: Կան բաներ, որոնց հետ անհնար է բարոյապես համաձայնվել:

 

Արդեն 15 տարի է, ինչ Նաիրա Հայրումյանի 8 հոգանոց բազմազավակ ընտանիքն ապրում է  Ստեփանակերտի քաղաքի  Արզանյան փողոցի  տան  նկուղում:  Տունը երկու հարկանի է, սակայն վերեւի հարկում ապրում է ամուսնու եղբայրն իր ընտանիքով, իսկ առաջին հարկը նկուղային է: Ընդամենը մեկ սենյակ է, որտեղ ոչ մի` նույնիսկ նվազագույն պայմաններ չկան` խոհանոց, զուգարան, սանհանգույց… ոչինչ չկա: Ճաշ պատրաստում են դրսում, լողանում են տանը: Իսկ անձրեւների ժամանակ տունը լցվում է ցեխաջրով: Նաիրա Հայրումյանը 6 զավակի մայր է, ունի 5 տղա եւ մեկ դուստր: Սենյակի 4 մահճակալների վրա գիշերները մի կերպ տեղավորվում են. Նաիրան քնում է դստեր եւ փոքր որդու հետ: Մեծ որդին ՊԲ սպա է, հիմա ապրում է սահմանակից գյուղերից մեկում:

 

ՙԱմուսինս արցախյան պատերազմի մասնակից էր: 2010 թվականին հանկարծամահ է եղել: Գոնե նա հոգում էր ընտանիքի հոգսերը: Հիմա ապրում ենք երեխաների նպաստով, ես էլ դպրոցում հավաքարար եմ աշխատում: Կողմնակի օգնություն չունենք, մի կերպ ապրում ենք. եթե ասեմ սոված ենք` սխալ կլինի, սակայն այսպես ապրելով հույս էլ չկա, որ երբեւէ կարող ենք տուն գնել՚,- ասաց Նաիրա Հայրումյանը:

 

Նաիրա Հայրումյանը մի քանի տարի առաջ դիմել է սոցալական ապահովության նախարարություն բնակարանային հարցը լուծելու համար, նրան պատասխանել են, որ համաձայն ԼՂՀ օրենքի` նրանց բնակարան չի հասնում, քանի որ 6 անչափահաս երեխաներ ունենալու դեպքում է միայն բնակարան հատկացվում:
Նրան հրավիրել են սոցալական ապահովության նախարարություն, որեւէ օգնություն տալու համար, սակայն այնտեղ էլ ասացին, որ պահեստը վառվել է եւ օգնություն էլ չեն կարող տալ.

 

ՙԵս նման օգնության համար չեմ դիմել իրենց, ես ավելի մեծ խնդիր ունեմ, որ լուծել է պետք՚,-նշեց Նաիրան:
Նաիրայի 15 -ամյա որդին` Հրանտը, սովորում է Գ. Նարեկացու անվան քոլեջում: Մի քանի ամիս աշխատում էր` կաթնամթերք էր բաժանում խանութներին, սակայն քննությունների պատճառով ժամանակավոր չի գնում աշխատանքի:

 

Հարցին, թե ինչ է ուզում անել հետագայում, ասաց, որ ցանկանում է շարունակել կրթությունը:
Մայրը ընդհատեց մեր զրույցը` ասելով, որ վստահ չէ, որ կկարողանա որդին շարունակել կրթությունը. ով պետք է ուսման վարձը տա:
Ըստ ԼՂՀ երեխայի իրավունքների մասին օրենքի 8 հոդվածի` ՙՅուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք՚:

 

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչներ:

 

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:
Այս պարագայում ծնողը ի վիճակի չէ իր զավակների համար, որոնցից 1-ը ծառայում է, իսկ 4-ը դեռ պետք է հայոց բանակի զինվոր դառնան, անհրաժեշտ կենսապայմաններ ապահովել:

 

Այո, կա համապատասխան օրենք, որը թույլ է տալիս միայն 6 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարան կառուցել, իսկ ինչ անել այս երեխաների իրավունքների մասին օրենքի հետ: Ինչպես պահանջել, որ այս պայմաններում ապրող երեխան այնուհետեւ երկրի` միգուցե եւ սահմանապահը դառնա: Եթե այսօր նա նույնիսկ մահճակալ չունի քնելու, ինչպե՞ս նրան բացատրել, որ կան օրենքեր, ըստ որոնց` երբեք նոր բնակարան ու ապահով տաք սենյակ չի ունենալու:

 

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1