Դավիթ Սարգսյան Արժեւորենք ազգայինը
Վերջերս երիտասարդության շրջանում անցկացրած ՙԻնչպե՞ս եք վերաբերվում հայկական արվեստին՚ հարցման արդյունքները գուցե եւ ոչ այնքան գոհացուցիչ, բայց սպասելի էին: Մեծամասնությունը նախապատվություն է տալիս ոչ հայկականին լինի ռոք, արաբա-թուրքա-պսեւդո-հայկական երաժշտություն, ՙեվրո՚ դիզայն, քանդակագործության եւ ճարտարապետության ՙնոր՚ արտասահմանից ներթափանցած ոճ…Քչերն են նախապատվություն տալիս ազգայինին: Հայ ենք, բայց երբեմն հեռանում ենք մեր ազգային արժեքներից, ինչի իրավունքը չունենք: Օտարի իմացությունը զարգացած մտքի ու մտածողության վկայություն է, բայց մեծ է նա, ով իր ունեցածը արժեւորելով է ուրիշինը գնահատում: Տաղանդածին ու հզոր է մեր ընդերքը: Իսկ նրանց տեսնելու աչք է անհրաժեշտ, նրանց լսելու ունկեր են պետք:
Հուսանք, որ Արցախի երիտասարդ տաղանդ, քանդակագործ Դավիթ Սարգսյանի հետ ունեցած ընդգրկուն հարցազրույցը կօգնի մեր երիտասարդներին ճիշտ կողմնորոշվելու, ազգայինի ու ոչ ազգայինի սահմանները հեշտությամբ տարբերելու: Արվեստագետ, ում գործերի մեջ մի իմաստուն թախիծ կա, զարմանալի կամք, հավատ ամենակարող ոգու նկատմամբ, ում քանդակները գրավում են զգացմունքայնությամբ, գեղեցկությամբ:
-Դավիթ, կարո՞ ղ եք հիշել ինչից սկսվեց Ձեր ճանապարհը դեպի արվեստի աշխարհ:
-Նկարչության եւ քանդակի հանդեպ սեր ունեի դեռ մանկուց.քանդակագործի որդի լինելով ընդօրինակում էի հորս գործերը: Ավելի ուշ որոշեցի լրջորեն զբաղվել արվեստով եւ ընդունվեցի Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի քանդակի բաժինը: Ուսանողական տարիների ընթացքում մշակվեցին կարողություններս, ու ես հասկացա, որ քանդակն իմ տարերքն է:
-Ի՞նչ դեր խաղաց սկսնակ արվեստագետի կյանքում ՀՀ նկարիչների միության անդամ դառնալը եւ ինչպե՞ս կատարվեց դա:
-Ստեղծագործական կարողություններս ներդնելով դիպլոմային աշխատանքիս մեջ, որը ՙՄայրություն՚ քանդակս է, արժանացա ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի դրական գնահատանքին, ով ներկա էր պաշտպանության ժամանակ: Վերջինս հրավիրեց ինձ միության անդամ դառնալ, որը մեծ պատիվ եմ համարում: Սկսնակ արվեստագետի համար նման հրավերը ոչ այլ ինչ է, եթե ոչ խթան հետագա հաջողությունների համար:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեիք Ձեր ՙՇուշեցի տարազով աղջիկ՚ մարմարե քանդակը ցուցադրելուց, որը ներկայացրել էիք 2011թ. ամռանը Շուշիում կազմակերպված միջազգային սիմպոզիումի ժամանակ եւ ընդհանրապես ո՞րն է Ձեզ համար Ձեր աշխատանքի ամենամեծ գնահատականը:
-Ակնկալում էի արժանանալ ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային վարպետների խրախուսանքին, բայց դա չեմ կարող իմ նպատակների գագաթնակետը համարել: Աշխատանքիս ամենամեծ գնահատականը այն եմ համարում, երբ կարողանում եմ գործս հասանելի դարձնել հայ հանդիսատեսի սրտին:
-Դժվար է ու խոչընդոտներով լի ցանկացած արվեստագետի ճանապարհը, ինչպե՞ս եք դա հաղթահարում:
-Արվեստագետի համար ամենադժվարը թերեւս ինքն իրեն հավատարիմ մնալն է, սեփական սկզբունքներին չդավաճանելը: Պետք է սիրված ու պահանջված լինել հասարակության կողմից: Առայժմ էական խոչընդոտների չեմ հանդիպել: Անկեղծությամբ խոստովանեմ երբեմն թվում է, թե ծնվել եմ երջանիկ աստղի տակ: Հիասթափվելու առիթներ իհարկե ունենում եմ, բայց պահպանում եմ լավատեսությունս: Ստեղծագործությունը պետք է հասանելի լինի մարդկանց սրտին: Եթե իմ ստեղծագործությամբ գեթ մեկի սրտում արթնանում են գեղագիտական իդեալներ, բորբոքվում է հայրենասիրության կրակը, ու քանդակս նրան սխրանքի է մղում, ուրեմն հասել եմ նպատակիս:
-Ըստ Ձեզ` որքանո՞վ է հայկական արվեստը գրավիչ երիտասարդության համար, ի՞նչ ճանապարհ կարելի է ընտրել երիտասարդների մեջ դասականի, ժողովրդականի հանդեպ սեր եւ բարձր ճաշակ սերմանելու համար:
-Այսօրվա սերունդը պետք է ապրի հայերեն, որպեսզի սերնդեսերունդ փոխանցվեն Սարյանի, Սուրենյանցի, Գյուրջյանի, Հովնաթանյանների շունչն ու ոգին: Կարծում եմ` յուրաքանչյուր մանկան հոգում էլ կրակը կա: Գեղագիտական ճաշակը սերմանվում է ընտանիքում: Ծնողներն, ինչպես հոգում են երեխաների նյութական պահանջները, նույնպես եւ պետք է բարոյական կրթության մասին մտածեն: Իսկ պատերազմի երախից խաղաղություն պոկած ծնողը պարզապես պարտավոր է հայրենապաշտ զավակ ունենալ: Մեծ է դպրոցի դերը ապագա արվեստագետներ դաստիարակելու գործում: Հեռուստատեսությունը, ռադիոն բարոյական մշակույթ ձեւավորող միջոցներ են, ուստի պետք է ուղղորդված լինեն դեպի բարձր արվեստ:
-Շնորհակալություն, Դավիթ, հետաքրքիր հարցազրույցի համար:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ