Ի՞նչ ցուցանիշներ է արձանագրել ՀՅԴ-ն
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով` սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իրենց առջեւ դրված խնդիրը կատարել են:
Նրա փոխանցմամբ` Տավուշի մարզում ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուներից մոտ 10-ը հաղթել են: «Հաղթել ենք նաեւ խոշոր համայնքներում, ինչպիսին է Կողբը եւ Գանձաքարը:
Արարատի մարզում 5 թեկնածուի էինք պաշտպանում, որից 3-ը հաղթել են: Արմավիրի մարզում 7-ից 5 են հաղթել:
Իսկ Արագածոտնի մարզում մոտ 25 թեկնածուների մենք աջակցում էինք, որից 80% դարձյալ հաղթել են», — մեզ հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը, ապա հավելեց, որ գոհ են ընտրությունների արդյունքներից, ինչ խնդիր դրել էին իրենց առջեւ, կատարել են, չնայած լուրջ եւ ակտիվ մրցակությանը:
«Մենք ոչ միայն ՀՅԴ թեկնածուների էինք պաշտպանում, այլ մի շարք համայնքապետերի, որոնք իրենց աշխատանքի ընթացքում իրենց լավ էին դրսեւորել»:
Հարցին` եղել են տեղամասերում խախտումներ, պատգամավորն ասաց. «Մի երկու տեղ կարծես հարցականներ կան, օրինակ համայնքերից մեկում՝ Թալինի Եղնիկ համայնքում ձայները հավասար են բաշխվել 170-170: Այսօր պետք է վիճակահանությամբ որոշվի, թե ով կլինի համայնքի ղեկավար:
Արարատի Բարձրաշեն համայնքում էլ 1 ձայնի առավելությամբ է մեր պաշտպանած թեկնածուն հաղթել: Խոշոր մեծ խախտումների մասին կդժվարանամ այս պահին ասել»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը:
hraparak.am