Ստանիսլավ Տարասովը ղարաբաղյան հիմնախնդրի, Մեթյու Բրայզայի և «Պուտին» օպերացիայի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստանիսլավ Տարասովը ղարաբաղյան հիմնախնդրի, Մեթյու Բրայզայի և «Պուտին» օպերացիայի մասին

Ստանիսլավ Տարասովը ղարաբաղյան հիմնախնդրի, Մեթյու Բրայզայի և «Պուտին» օպերացիայի մասին

Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ֆեյսբուքյան իր էջում Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ապա՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի մասին ասում է. «Բրայզան ընդհանրապես բանիմաց դիվանագետ է, և նրա կարծիքը եթե ոչ կարևոր, ապա հետաքրքրաշարժ է…»: Բրայզան գրում է, որ 2007թ. Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին նախկին ԼՂԻՄ-ի շուրջ յոթ շրջանների «վերադարձ», իսկ Ղարաբաղը պետք է ստանար միջանկյալ կարգավիճակ ու Հայաստանի հետ տարանցիկ միջանցք: Ադրբեջանը վերացնում է շրջափակումը, իսկ սահմանին տեղակայվում են միջազգային խաղարարներ:

 

Սակայն 2009թ. վերջում արդեն խոսք էր գնում ընդամենը հինգ շրջանների վերադարձի մասին (իմա՝ դուրս է մնում Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները՝ որպես ԼՂՀ-ն ու Հայաստանն իրար կապող շրջաններ – ընդգծումը մերն է), ինչը կապակցվում էր Ստեփանակերտի կարգավիճակի հարցում Բաքվի կողմից որոշակի նոր զիջումների հետ»:

 

Նախ, կասկած է հարուցում «Ղարաբաղը պետք է ստանար միջանկյալ կարգավիճակ» բառակապակցությունը, երբ ԼՂՀ-ն արդեն 25 տարվա անկախության պատմություն ունեցող երկիր է, ինչպե՞ս պիտի վերադառնա «միջանկյալ» կարգավիճակի, և Բաքվի կողմից այդ ի՞նչ «որոշակի նոր զիջումների» մասին է խոսքը, երբ 2009-ի դրությամբ Ադրբեջանը միանշանակ պարտվող կողմ էր, իսկ Ղարաբաղի բանակը բազմիցս ապացուցել էր իր մարտունակությունը և տերն է իր հաղթանակների:

 

«Բայց երբ նա (Բրայզան) գրում է, թե «վերջերս կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում իբր առաջարկեց առաջ շարժվել քայլ առ քայլ և վերադարձնել երկու շրջաններ՝ Ադրբեջանի կողմից տարանցման և Հայաստանի հետ տնտեսական կապերը վերականգնելու փոխարեն, ապա Բրայզայի տեղեկատվության աղբյուրներն ու դրանց արժանահավատության շուրջ հարցեր են առաջանում»:

 

Որպես պարզաբանում Մեթյու Բրայզայի մեկնաբանության և քաղաքագետ Ստանիսլավ Տարասովին ի գիտություն՝ նշենք, որ ԼՂՀ տարածքային ամբողջականությունն ամրագրված է մեր սահմանադրությամբ և Ղարաբաղի ժողովրդի մենաշնորհն է՝ կգնա՞ տարածքային զիջումների: Արյունով սրբագրված հողը առուծախի առարկա չի կարող լինել միջանկյալ, անորոշ կարգավիճակի դիմաց:

 

«Բրայզայի հրապարակումից հետո Բաքվի ԶԼՄ-ներում ի հայտ եկան այնպիսի գլխագրեր, ինչպիսիք են «Լեռնայինղարաբաղյան կարգավորման շուրջ Պուտինն անսպասելի առաջարկներ արեց»: « Ի՞նչ է այս ամենը նշանակում… Եթե բանակցություններն ընկալվում են որպես հակամարտության կարգավորման մեթոդ, ապա դրանք վաղ թե ուշ պետք է ձեռք բերեն ազնիվ, բաց քննարկումների բնույթ՝ հաշվարկված փոխզիջումների վրա: Եթե բանակցությունները կատարում են միայն «քողարկող» գործառույթ, երբ նրա մասնակիցները ձգտում են հասնել միայն կողմնակի արդյունքների, պարզ է, որ հակամարտ կողմերը քիչ են շահագրգռված խնդրի համատեղ լուծման հարցում»:

 

Պարոն Տարասովը նայած ինչ նկատի ունի «ազնիվ, բաց քննարկումներ՝ հաշվարկված փոխզիջումների վրա» ասելով: Մենք մեր երկրում ազնիվ, բաց քննարկումներ արել ենք, ինչի արդյունքը եղել է 1991թ. ԼՂՀ անկախության ճանաչումը, իրողություն, որի հետ Ադրբեջանը ոչ մի կերպ չի ուզում հաշտվել:

 

Այնուհետև բազմագիտակ քաղաքագետն իր կարծիքով ևս մի կարևոր դիտարկում է անում. «Միայն բազմաբնույթ շահերի բարդ համակցությունն է բանակցությունների մասնակիցներին դարձնում իրարից կախված»: Այսինքն, այն կարծիքն է ստեղծվում, որ հիմնախնդիրը դիտավորյալ խճճվում է՝ հակամարտող կողմերին միմյանցից մշտապես կախվածության մեջ պահելու համար, իմա՝ խնդիրը պարզեցվելու փոխարեն բարդացվում է՝ դժվար, գրեթե անլուծելի թվալու պատրանք ստեղծելու համար:

 

Իսկ «եթե բանակցություններն ընթանում են կողմերի տարատեսակ շահերի պայմաններում, ապա դրանք ոչ մի արդյունքի չեն բերի»: Այսինքն՝ եթե Ադրբեջանը պնդի, որ ղարաբաղյան կողմը պետք է զիջումների գնա, իսկ Ղարաբաղը մերժի, զիջումների չգնա, ապա բանակցությունները կմտնեն փակուղի: Ներկա պահին հենց այդ են «մեր գլուխը մտցնում»:

 

«Լեռնայինղարաբաղյան հակամարտության զարգացմանը զուգընթաց Ադրբեջանում և Հայաստանում իրականացվում էին էթնիկ զտումներ: Արդյունքում ադրբեջանական հայերն ու հայկական ադրբեջանցիները դուրս բերվեցին հակամարտության պատանդի կարգավիճակից: Երկու պետություններն էլ էթնիկ առումով դարձան միասեռ»:

 

Պարոն Տարասով, սկսենք այն բանից, որ, ի պատասխան Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից ինքնավար մարզի բնակչության կամարտահայտության և ԽՍՀՄ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքով ԼՂՀ ինքնահռչակման, Ադրբեջանը վանդալիզմի սումգայիթյան եղեռնագործությունն իրականացրեց, որին հետևեց Շահումյանի և Հադրութի շրջանների հայաթափումը՝ 1991թ. տխրահռչակ «Օղակ» օպերացիան, և փոքրաթիվ կամավորական ջոկատների ինքնամոռաց հերոսական պայքարով միայն հնարավոր եղավ կանխել Ղարաբաղի հետագա հայաթափումը: Ինչպե՞ս կարող ենք մոռանալ այդ ամենը, ինչպե՞ս կարող ենք մոռանալ, թե ինչ մաքառումներով ու զրկանքների գնով ենք դիմակայել այդ ամենին, երբ մեր դեմ էր ելել մինչև ատամները զինված ԽՍՀՄ օմոնը, ադրբեջանական բանակը՝ զինված խորհրդային  բանակից խլված զենքով ու տանկերով: Մինչդեռ մենք կռվում էինք ընդամենը ինքնաշեն զենքով ու թշնամուց առգրավվածով: Կիրովաբադում (այժմյա Գյանջայում) տեղակայված խորհրդային կանոնավոր բանակի ողջ զինտեխնիկան ուղղված էր Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, բայց մենք դիմակայեցինք, դեռ ավելին՝ հաղթեցինք, հաղթեցինք մեր հավատով: Ո՞նց թույլ տանք, որ նորից ոտնձգություն կատարվի մեր 25-ամյա ձեռքբերումների վրա:

 

«Կորցնելով նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքի գրեթե 20%-ը, Բաքուն ուներ եւ շարունակում է ունենալ գործողությունների միայն երկու տարբերակ: Առաջինը՝ հրաժարվել հայերի հետ պատմական, գաղափարական եւ այլ դիմակայության գաղափարախոսությունից…, խորտակել ինչպես լեռնայինղարաբաղյան հակամարտությունից առաջ ստեղծված, այնպես էլ նրա ընթացքում ծագած տարբեր առասպելներն ու նախապաշարմունքները: Երկրորդ տարբերակ՝ հակամարտության հանգուցալուծման ուժային գործոնի օգտագործում, որն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղից հայերի ամբողջական վտարմամբ… Արցախի դեմ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Բաքուն հիմնական հաշվարկն անում է ուժային բեմագրի վրա: Բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ», այսինքն՝ այստեղ էլ Ադրբեջանի «բախտը» չի բերում՝ Ղարաբաղն ունակ է դիմակայելու ցանկացած մարտահրավերների:

 

«Լեռնայինղարաբաղյան հակամարտությունը վաղուց դադարել է մեկ պետության ներսում երկու էթնիկ խմբերի միջեւ հակամարտություն լինելուց եւ տեղական սահմաններից այն կողմ է անցել,- շարունակում է քաղաքագետ Տարասովը: Իրադարձությունների ընթացքի վրա լուրջ ազդեցություն են ունենում գլխավոր արտաքին խաղացողները՝ Ռուսաստանը, Թուրքիան, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը…

 

Բաքվում նորից սկսեցին խոսել այն մասին, որ « ղարաբաղյան ամրոցի բանալիները գտնվում են Կրեմլում»:

 

Այստեղ արդեն Բաքվում նստած բարձրաստիճան այրերը չարաչար սխալվում են: Ղարաբաղյան ամրոցի բանալիները գտնվում են հենց ղարաբաղցիների ձեռքում: Եթե անզեն Ղարաբաղը իրեն պաշտպանել կարող էր 1992-ին, ապա այժմ, ժամանակակից սպառազինությամբ, ուժեղ բանակով ու հավատով, անկասկած, իրեն կկարողանա պաշտպանել 2016-ին եւ դրանից հետո: Համոզված եղեք, պարոնայք մեթյուբրայզաներ եւ տարասովներ, դուք անցողիկ եք ձեր պաշտոնական կարծիքներով, իսկ ղարաբաղցին ամուր է կանգնած իր հողում:

 

«Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հետ կապված իրավական խնդիրը համարվում է կարգավորման գործընթացում գլխավոր խոչընդոտը, անգամ հակառակ նրան, որ Մադրիդյան հայտնի սկզբունքներում կարծես թե ուրվագծված է հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը»:

 

Իսկ եթե Մադրիդյան սկզբունքները Ղարաբաղը չի ընդունում, ինչպե՞ս պետք է լուծեք Ղարաբաղի ճակատագիրն առանց ղարաբաղցիների մասնակցության:

 

Շարունակենք Տարասովի մեկնաբանությունները. «Ապրիլյան պատերազմից հետո, որը հաջողվեց դադարեցնել նախագահ Պուտինի անձնական մասնակցությամբ, Ադրբեջանում և Հայաստանում քաղաքական որոշակի շրջանակներ խոսեցին այն մասին, որ «լեռնայինղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը, ինպես և ինչ-որ «Պուտինի պլանի» կամ «Լավրովի պլանի» առկայության մասին, որոնք նախատեսում են որոշ շրջանների վերադարձ Ադրբեջանին: Ասել է թե այս կերպ հասկացվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում խախտված է փոխազդեցությունը հակամարտող կողմերից մեկի հետ, ինչ-որ գաղտնի համաձայնության հասնելու միջոցով: Բանը հասավ նրան, որ Վլադիմիր Պուտինն ստիպված է անձամբ հերքել նմանատիպ դատողությունները»:

 

Անդրադառնալով մեր անցած պայքարի ուղուն, նշենք, որ 1992թ. սկզբից Ստեփանակերտը մեռյալ քաղաք էր հիշեցնում,մարդիկ ապրում էին նկուղային կյանքով,մայրաքաղաքը հրե օղակի մեջ էր, Շուշիում տեղակայված «գրադ» կայանքներից օրական հազարավոր արկեր էր թափվում եւ միայն «Հարսանիք լեռներում» ռազմագործողության փայլուն արդյունքում հնարավոր եղավ վերացնել գազանի որջը,իսկ այնուհետ՝ 92-ի մայիսի 18-ին, Լաչինի միջանքի ազատագրումով կապ հաստատել մայր Հայաստանի հետ: Այստեղից սկսվեց ղարաբաղյան բանակի հերոսական քայլերթը:

 

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված՝ հակամարտ կողմերի շփման գծում մոնիթորինգի համակարգի ներդրման և այնտեղ միջազգային դիտորդների ի հայտ գալու մասին որոշումների կատարման համար ռեսուրսը շատ սահմանափակ է», — շարունակում է քաղաքագետը,- «Լեռնայինղարաբաղյան կարգավորման հարցում կոնկրետություն կլինի միայն այն ժամանակ, երբ լինի իրավաբանորեն պարտավորեցնող ինչ-որ ընդհանուր համաձայնություն, որը կատարեն ոչ միայն հակամարտության երկու կողմերը, այլև Ադրբեջանի, Հայաստանի ու ԼՂՀ-ի հանրությունները: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը դեռևս չկան և, դժվար է ասել, թե երբ այս ամենը կարող է ի հայտ գալ: Մնացածը ասենք, ինչ վերաբերում է նրան, թե ահա ուր որ է կսկսի Ադրբեջանի երկու, հինգ, վեց շրջանների ազատագրումը, ինչն, իբր նախատեսվում է «Պուտինի պլանով», քաղաքական բացահայտ շահարկումներ են»:

 

Ավելին ասենք, պարոն քաղաքագետ, ոչ միայն 2 կամ 5-6 շրջանների ազատագրումը, այլև մի թիզ հողի հանձնում չի լինի: Ապրիլյան քառօրյա պատերազմի հենց առաջին օրը Թալիշում խաղաղ բնակչության հանդեպ կատարված անմարդկային բարբարոսություննեըը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր հայրենակիցների ապահովության միակ երաշխավորը Ղարաբաղի բանակն է:

Լիլիա Բաղրյան

1