Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը իր հատուկ բանաձևով կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ընդունել Հայոց ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը իր հատուկ բանաձևով կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ընդունել Հայոց ցեղասպանությունը

Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը իր հատուկ բանաձևով կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ընդունել Հայոց ցեղասպանությունը

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) կոչ է արել Թուրքիայի Հանրապետության կառավարությանը` ընդունել Հայոց ցեղասպանությունը և վերջ տալ Հայաստանի Հանրապետության շրջափակմանը: Այս մասին բանաձեւն ընդունվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 23-27-ը կազմակերպված Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 38-րդ համագումարի ժամանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը` ամփոփելով համագումարի արդյունքները: «FIDH անդամ ներկա 94 կազմակերպությունների կողմից բանաձևը միաձայն ընդունվեց հայկական ու թուրքական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Արտակ Կիրակոսյանը:

 

 

Բանաձեւում, հիմք ընդունելով հստակ պատմական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ ողջունելով այն առաջընթացը, որը գրանցվել է Թուրքիայում այս հարցի շուրջ բաց ու ազատ բանավեճ ծավալելու ուղղությամբ` կոչ է արվել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը, որը կազմակերպվել եւ իրականացվել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության ներքո` երիտթուրքերի կառավարության կողմից: Այն հորդորում է վերջ տալ Հայաստանի Հանրապետության շրջափակմանը եւ գնալ հարաբերությունների կարգավորման առանց որեւէ նախապայմանի, անմիջապես քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ: Բանաձեւի ընդունման ժամանակ հաշվի է առնվել նաեւ, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում` քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունները, գիտնականներն ու մտավորականները, նաեւ լրագրողները ճշմարտության եւ արդարության հաստատմամբ բազմաթիվ կոչեր են անում:

 

 

1950-ական թվականներին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան արդեն ընդունել էր Հայոց Ցեղասպանությունը: Ստամբուլում անցկացված համագումարի շրջանակներում իրականացվել է նաև Հայոց ցեղասպանության ժամանակ աքսորված մտավորականների հիշատակի ոգեկոչման արարողությունը:

 

 

Սույն բանաձը հաջորդում է 2010թ. ապրիլին Երևանում կայացած Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ 37-րդ համագումարի շրջանակներում վավերացված բանաձևին։ Այն ընդունվել է Երևանում սկիզբ առած հայ և թուրք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերի արդյունքում։

 

 

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) գործում է 1920-ական թվականներից: Դրա անդամ են 170 կազմակերպություններ ավելի քան 100 երկրներից: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հանդիսանում է միջազգային այդ ֆեդերացիայի հայաստանյան անդամը: FIDH-ի 37-րդ համագումարը կայացել է 2010 թվականի ապրիլին Երևանում:

armenpress.am

1