Դեռ ժամանակ եւ ճանապարհ ունենք անցնելու. Սերգեյ Շահվերդյան
Հարցազրույց Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ Սերգեյ Շահվերդյանի հետ
25 տարի առաջ հայի ազատատենչ ոգին զարթոնք ապրեց: 70 տարի խորհրդային կայսրության մեջ ապրող ժողովուրդը տարբեր ժամանակահատվածներում փորձել է իր բողոքի ձայնը բարձրացնել, սակայն ժամանակի հրամայականը եւ գործող կարգերը կարողացել են լռեցնել եւ հանդարտեցնել առաջացած ցասումը: Արցախյան շարժման հրապարակային փուլում էր, որ հանրությանը հայտնի դարձան անհատների անուններ, ովքեր բուռն կերպով աշխատել են շարժման ընդհատակյա փուլում: Սերգեյ Շահվերդյանն այն երիտասարդներից է եղել, ով մասնակիցն է եղել Շարժման ընդհատակյա փուլում ձեւավորված գործընթացներին եւ իր ավանդն է ունեցել այդ գործում: <<Ապառաժի>> այս համարում ներկայացնում ենք Արցախյան Շարժման ակտիվիստ Սերգեյ Շահվերդյանի հուշերը 25 եւ ավելի տարիների վաղեմություն ունեցող դեպքերի մասին:
<<Ես կարող եմ մի բան ասել` Արցախյան Շարժման ակտիվիստները առաջին դաստիարակությունը ստացել են ընտանիքում: Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ կարողացան ինձ այնպես դաստիարակել, որ դեռ դպրոցում սովորելու վերջին տարիներին եւ հատկապես ուսանողական տարիներին արդեն ինձ համար ազգային խնդիրները կազմում էին իմ կյանքի մի մասը: Արցախյան շարժումն առհասարակ ուներ մի քանի փուլեր: Դա մինչեւ 88 թվականի ընդհատակյա փուլն էր, հանրային պայքարի փուլն էր եւ զինված պայքարի փուլը,- խոսելով Շարժման ձեւավորման ժամանակահատվածի մասին, նշեց Ս. Շահվերդյանը: Դեռ ինստիտուտում սովորելու տարիներին մենք մի խումբ ուսանողներով տոգորված ազգային խնդիրներով փորձում էինք մեր ներդրումն ունենալ Ղարաբաղի ակնկալվող ազատագրությանը եւ շատ ակտիվ ձեւով օգտագործեցինք այն պաշտոնական կառույցները, որոնք կային այն ժամանակ` դա կոմիերիտմիության կոմիտեն էր, արհմիութենական կոմիտեն եւ ուսանողական խորհուրդը: Եւ մեր շարժումը սկսեցինք հենց այդ կառույցների միջոցով: 85 թվականի ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի համար հրատարակեցինք պատի թերթ, ի դեպ` այն ժամանակվա համար դա բացառիկ երեւույթ էր ոչ միայն ինստիտուտի, այլ առհասարակ Ղարաբաղի համար: Այդ տարիներին Ղարաբաղում արգելվում էր ապրիլի 24-ի որեւէ կերպ հիշատակումը: Մեր վիճակը բավական դժվար էր, քանի որ ինստիտուտի ուսանողության ուղիղ կեսը ադրբեջանցիներ էին: Այնուհետեւ կազմակերպեցինք ցուցահանդես Սփյուռքի մասին, Ցեղասպանության մասին եւ, բնականաբար, այդ ամենն իրականացվում էր բավական ճնշումների տակ, սակայն մենք այդ միջոցառումները կյանքի էինք կոչում կոմերիտմիության կոմիտեի քողի տակ: Այդ ժամանակ բոլորս էլ կոմերիտականներ էինք>>:
Չնայած այն հանգամանքին, որ Խորհրդային կայսրությունը փորձում էր թանձր շղարշով պարուրել, թե իբր հայերն ու ադրբեջանցիները շատ լավ հարաբերություններում են եւ կարողանում են հարեւանությամբ շատ ջերմ մթնոլորտում ապրել, այնուամենայնիվ, իրականությունը բոլորովին այլ գույներով էր ողողված.
<<Ես որքան հիշում եմ` Ղարաբաղում ապրելու ժամանակ մենք ադրբեջանցիների հետ խաղաղ եւ բարեկամական հարաբերություններ չենք ունեցել,-հավաստիացնում է Սերգեյ Շահվերդյանը,- մենք ապրում էինք մի հզոր պետության մեջ, որտեղ ոչ մենք եւ ոչ էլ իրենք չէինք կարող դրսեւորել իրար հանդեպ մեր բացասական վերաբերմունքը: Բայց ներքին լարվածությունը միշտ էլ կար, ինչը դրսեւորվում էր կենցաղային հարցերում: Դա թյուր կարծիք էր, թե մենք 70 տարի Խորհրդային միության տարիներին միասին խաղաղ էինք ապրում, այդ խաղաղությունը այնքանով էր, որքանով պետությունը հզոր էր եւ թույլ չէր տալիս, որ որեւէ կերպ դրսեւորվեր ազգամիջյան բախումներ: Այդքանով հանդերձ` մենք պատմության ընթացքում բազմաթիվ անգամ ունեցել ենք փաստեր, երբ ադրբեջանցիները ուղղակի հակահայկական դրսեւորումներ են ցուցաբերել: Բոլորին քաջ հայտնի 60-ական թվականների դեպքը, երբ ադրբեջանցին ստորաբար սպանել էր դպրոցական երեխային: Դրան հաջորդող իրավիճակները ոչ պակաս լարված են եղել>>:
Սերգեյ Շահվերդյանը հիշում է, որ առաջին ընդհատակյա խմբավորումը ստեղծվել է 1985 թվականին. <<Առաջին ընդհատակյա խմբավորումն ուսանողական չէր, սակայն ուսանողությունն էլ էր ընդգրկված այդ խմբավորման մեջ: Այդ խմբում էին Արկադի Կարապետյանը, Բեկոր Աշոտը, Աշոտ Սարգսյանը, ես ու մի շարք ընկերներ: Այդ ժամանակ Ղարաբաղում արդեն մի քանի ընդհատակյա խմբավորումներ կային: Շատ հաճախ իրար չէինք ճանաչում եւ կապավորների հետ հարկ եղած պարագայում կապ էինք պահում: Կամ այդ կապն ապահովվում էր Երեւանի միջոցով` անվտանգության նկատառումներից ելնելով: Օգտագործելով կոմերիտմիության միջոցները` մենք պարարտ հող նախապատրաստեցինք Շարժման համար եւ մեր ընդհատակյա կազմակերպությունը միանշանակ Շարժման առաջնորդի դերը ստանձնեց: Եւ կամաց- կամաց մենք հասանք 87 թվականին, երբ Արցախյան Շարժման գրեթե հրապարակային փուլը սկսվեց, մենք սկսեցինք ստորագրահավաք իրականացնել: Ստեղծեցինք <<Նոր սերունդ>> ուսանողական միություն, իսկ հետագայում այն իր ամբողջ կազմով վերածվեց Դաշնակցության երիտասարդական խմբի, այնուհետեւ ուսանողական խմբի եւ խմբապետը ես էի: Մեր միությունում կային շատ հայտնի մարդիկ, ինչպիսին Նորայր Դանիելյանն էր` ով դավադրաբար սպանվեց, Ֆելիքս Գաբրիելյանը եւ շատ այլ մարդիկ, որոնց ոչ բոլորի անուններն եմ ցավոք կարողանում մտաբերել>>:
Դաշնակցություն կուսակցությունն Արցախ մուտք գործեց 1989 թվականին: Իսկ Ս. Շահվերդյանն այն մարդկանցից էր, ով քաջատեղյակ լինելով դեպքերի զարգացումներին, նաեւ այդ ամենի քարոզչությամբ է զբաղվել.
<<Դաշնակցությունն Արցախ մուտք գործեց <<Արցախական Սոցիալիստական կուսակցություն>> անվամբ,- վերհիշելով 24 տարվա վաղեմության դեպքերը պատմում է Ս. Շահվերդյանը,- կուսակցությունն ուներ կանոնադրություն, որն իրականում Դաշնակցության կանոնադրությունն էր` մի տարբերությամբ. Դաշնակցություն բառի փոխարեն գրված էր <<Արցախական միություն>> բառերը: Մեզանից ոմանք գիտեին, որ դա հենց Դաշնակցություն կուսակցությունն է, որոշները չէին իմանում այդ մասին: Դա այնքան էլ կարեւոր չէր, քանի որ մենք միավորվեցինք այն գաղափարի շուրջ, որն առկա էր միության կանոնադրության մեջ: 1990-ական թվականների սկզբին սկսեցինք հրատարակել ամսաթերթ <<Վերածնունդ>> անունով, իսկ թերթի խմբագիրը Հակոբ խաչատրյանն էր: Այդ հրատարակությունը եւս միտված էր համապատասխան մթնոլորտի խորացմանը Ղարաբաղում: Այնուհետեւ աստիճանաբար ուսանողական միությունը ներթափանցեց կոմերիտմիության ներսը եւ ես ընտրվեցի կոմերիտմիության քարտուղար:
Այդ ժամանակ շատ ավելի ազատ էինք աշխատում, եւ ինչ որ անում էինք` անունը դնում էինք կոմերիտմիության կոմիտեի որոշումներ, իսկ կոմերիտմիությունը` դա ինքնին պետական համակարգ էր իրենից ներկայացնում: 1991 թվականին էր, որ գրեթե մեկ տարի մենք կարողացանք կազմակերպել Բերդաձորի Եղծահող գյուղի պաշտպանությունը: Իհարկե, մեզ աջակցում էր ինստիտուտի ղեկավարությունը: Սյդ ժամանակ ռուսական զորք կար տեղակայված Ղարաբաղում եւ մենք շինարարական ջոկատի անվան տակ շաբաթը մեկ անգամ խմբեր էինք ուղարկում այդ համայնք, իսկ խմբերը իրար փոխարինում էին եւ զենքով պահակություն էին իրականացնում, սակայն այդ ամենի անունը դրված էր շինարարական ջոկատ: Այդ ջոկատում մեկ -երկու հոգի մեր ընդհատակյա կազմակերպության ներկայացուցիչներից էին, որոնց շուրջը հավաքվել էին ինստիտուտից մեկ տասնյակից ավել աչքաբաց երիտասարդներ: Մեր ուսանողական միավորումը տվել է շատ լուրջ հրամանատարներ, կարող եմ մի քանիսին թվել` Նորայր Դանիելյան, Մերուժան Մոսիյան, Բեկոր Աշոտ, Արկադի Կարապետյան. վերջինս Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարն է եղել: Դա մեր ընդհատակյա կազմակերպության կորիզն էր, որի մի մասը վերածվեց <<Նոր սերունդ>> կազմակերպության, որը իր հերթին վերածվեց նախադաշնակցության կազմակերպության, այնուհետեւ կազմակերպության անդամները դարձան Դաշնակցության անդամներ: Բազմաթիվ վերածնունդներ ապրելով` մենք հասանք Արցախյան Շարժման վերջին փուլը, երբ սկսվեց լայնածավալ պատերազմ>>:
Զգում էինք, որ ժողովրդի խաղաղ եւ արդար պահանջը իր տրամաբանական լուծումը չի գտնում, դեռ ավելին` Ադրբեջանը իրեն գազանաբար է դրսեւորում, ինչի վառ ապացույցը Սումգայիթի եղեռնագործությունն էր: Դաշնակցությունը եղավ այն առաջին կառույցը, որ զգալով մոտալուտ վտանգը` սկսեց զբաղվել զենքի ներկրմամբ.
<<Զինամթերքի, զենքի առաջին եւ ամենախոշոր ներկրողը Ղարաբաղ` դա Դաշնակցությունն է եղել եւ Դաշնակցության խողովակներով է այն իրականացվել,- հավաստիացնում է Սերգեյ Շահվերդյանը,- իսկ մինչ այդ ընդհատակյա կազմակերպությունները զենքեր էին պատրաստում, զենքեր հայթայթում: Պպատահական չէ Բեկոր Աշոտի անունը: Նա ստեղծում էր նոր զենքեր եւ փորձարկում էր դրանք, իսկ փորձարկման ժամանակ երբեմն այդ զենքերը պայթում էին :
Իմ ընկերների համեմատ` ես շատ ուշ եմ հանգել այն մտքին, որ այլեւս հնարավոր չի խաղաղ միջոցներով արդյունքի հասնել: Արկադի Կարապետյանը, Բեկոր Աշոտը շատ ավելի շուտ էին հասել այդ եզրահանգման: Մենք մեր կազմակերպության մեջ աշխատանքի բաժանում էինք կատարել` իրենք զբաղվում էին զենքի հայթայթմամբ, ժողովրդին զինված պայքարի նախապատրաստմամբ, ես էլ արտաքին հարաբերությամբ էի զբաղվում, գաղափարական աշխատանքներ էի տանում:
Միայն Սումգայիթի եղեռնագործության օրերին համոզվեցի, որ այլ կերպ` բացի պատերազմից, մենք չենք կարող մեր ուզածին հասնել:
Մեզանից եւ ոչ մեկը չգիտեր, թե իր հետ ինչ կլինի եւ ինչպես կտնօրինի ճակատագիրը մեզանից յուրաքանչյուրի հետ: Առաջին ցույցը, որ կազմակերպվեց Ստեփանակերտում` մեր նախաձեռնությամբ ու առաջնորդությամբ էր. հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչ էինք մենք մտածում այն օրերին: Մենք գիտեինք, որ կգնանք ցույցի, ցույցը կավարտվի, իսկ թե հետո ինչ կլինի մեզ հետ, որտեղ մենք կհայտնվենք, մենք դա չգիտեինք: Իսկ այդ անորոշությունը ամենածանր զգացողություններից մեկն էր: Մեր դեմ կանգնած էր հսկայական պետություն: Առաջին ցույցերից հետո դեռ երկար ժամանակ կար վտանգ, որ պետությունը ուղղակի ռեպրեսիվ միջոցների կդիմի ցույցերի կազմակերպիչների հանդեպ: Եւ դիմեց` իհարկե: Բավականին թվով մարդիկ ձերբակալվեցին Ռուսաստանի կողմից:
Երբ տարիների հեռվից հետադարձ հայացք ենք գցում եւ փորձում ենք վերլուծել 25 տարվա վաղեմության դեպքերը, հաճախ զարմանում ենք, թե ինչպես կարելի էր միամտորեն հավատալ, որ խորհրդային պետությունը կարող է լուծում տալ արցախցու արդար պահանջին, եւ այդ նպատակով տարբեր խմբեր էին գործուղում Մոսկվա.
<<Մոսկվա գնացող խմբերից մեկում ինքս էլ եմ եղել ընդգրկված,-հիշում է Ս. Շահվերդյանը,- չեմ կարծում, թե այդ ժամանակահատվածում Ստեփանակերտից խմբերի այցը Մոսկվա կարելի է դիտարկել որպես միամտություն: Պարզապես այդ պետության մեջ դա հնարավոր գործելաոճերից մեկն էր համարվում: Այսինքն` հանրային կարծիքը ղեկավարությանը հասցնելու ձեւ էր դա:
Այդ պետության մեջ միայն Մոսկվան էր որոշում, թե ինչ պետք է լինի: Բնակչությունը երբեմն իր կազմից ընտրում էր պատվիրակներ, որոնց գործուղում էր Մոսկվա, որպեսզի հարցերը շոշափեն: Դա նորմալ պայքարի ձեւերից մեկն է հանդիսանում: Հիշում եմ, որ այդ պատվիրակությունների մեջ ձգտում էինք ներառել հանրահայտ մարդկանց, դերասանների, սոցիալիստական աշխատանքի հերոսների: Այն, որ մենք մտածում էինք, թե պետությունը կլուծի մեր հարցը, հենց դա էր միամտությունը: Պատվիրակությունը, որի կազմում ես մեկնեցի Մոսկվա, ներգրաված էր Ռոբերտ Քոչարյանը, Մաքսիմ Միրզոյանը, Սոցիալիստական աշխատանքի հերոս ունեինք, եւ մեզ հետ էր Քնարիկ Առաքելյանը. մեր պատվիրակության կազմում եւս երկու հոգի կային, որոնց անունները, ցավոք, չեմ կարողանում մտաբերել: Մեր պատվիրակությունը գործուղել էին Լիգաչովի հետ հանդիպելու համար: Մինչ Լիգաչովի հետ հանդիպումը` մեզ ընդունեց Ազգամիջյան բաժնի պետը, այնուհետեւ պատվիրակությունը հանդիպեց Լիգաչովի հետ: Մեզ, բնականաբար, լսեցին, հուսադրեցին, որ ամեն ինչ լավ կլինի, եւ` որ պետությունը մտահոգված է մեր խնդրով, եւ ճանապարհեցին>>:
Այն, որ Դաշնակցություն կուսակցությունն աշխարհասփյուռ կառույց է եւ ունի իր կշիռը, դա գրեթե բոլորին էր հայտնի: 89-90- ական թվականներին կուսակցությունն Արցախում իր գաղափարակիցների բանակն ունեցավ.
<<Դաշնակցություն կուսակցության անունն արդեն մեծ կշիռ էր: Գաղափարական հենքի վրա կազմակերպված այն ժամանակվա միակ ուժն էր եւ, բնականաբար, գաղափարական մարդիկ այդ տարիներին միացան Դաշնակցությանը: Կար մի զանգված, որը միացել էր Դաշնակցությանը, որովհետեւ ուզում էր կռվել թշնամու դեմ, իսկ կազմակերպված ջոկատները` դրանք Դաշնակցության ջոկատներն էին եւ նրանք անցնում էին կուսակցության շարքերը: Բայց, այնուհանդերձ, Դաշնակցության շարքեր մտած մարդկանց հիմնական մասը գաղափարական մարդիկ են եղել: Հիշենք, որ 92 թվականի հունվարի 6-ին գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց դաշնակցական Արթուր Մկրտչյանը, եւ իշխանությունը, կարելի է ասել, Դաշնակցության ձեռքում էր: Այլ հարց է, որ մենք մի շարք թերացումներ ենք ունեցել: Մենք չնշանակեցինք դաշնակցական վարչապետ, այլ ընդառաջեցինք Լեւոն Տեր Պետրոսյանի ղարաբաղյան թեւի ճնշումներին եւ վարչապետ նշանակեցինք Օլեգ Եսայանին` դրանով իսկ կորցնելով ազդեցության մի շարք լծակներ: Այլ հարց է, որ մենք չկարողացանք այդ իշխանությունը ամուր կերպով պահել: Այլ հարց է, որ Արթուր Մկրտչյանի սպանությունը շատ մեծ հարված էր ոչ միայն մեր պետականությանը, ոչ միայն Ազգային Ժողովին, այլ նաեւ` Դաշնակցությանը,- նշեց Ս. Շահվերդյանը>>:
Արցախյան շարժման ակունքներում կանգնած յուրաքանչյուր մարդ իրեն երջանիկ մարդ է համարում, քանզի իր մասնակցությունն է ունեցել ժողովրդի արդարացի պահանջի լուծման հարցում.
<<Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ բոլոր իրավիճակներով անցել եմ: Չկա մի բան, որ կարողանա ինձ այսօր վախեցնել: Չկա մի բան, որով ես անցած չլինեմ: Դա մեծ երջանկություն է, երբ որ իմանում ես, որ քո երկրի այսօրվա կերտմանը դու անմասն չես եղել: Ամեն մարդ գործում էր իր չափով, ինձ համար իմ գործած չափը բավականություն է տալիս: Ես բան ունեմ պատմելու իմ երեխաներին, ես բան ունեմ պատմելու իմ թոռներին, բան ունեմ պատմելու իմ երիտասարդ կուսակցական ընկերներին: Ես բան ունեմ պատմելու այն մարդկանց, որոնց հետ երջանկություն ունեմ աշխատելու այսօր եւ կունենամ աշխատելու ապագայում: Դա մեծ երջանկություն է եւ մեծ կշիռ >>:
Ս. Շահվերդյանը գտնում է, որ Արցախյան շարժումը, որպես այդպիսին, ավարտված է. <<Արցախյան շարժումը, որպես այդպիսին, ավարտված է, իսկ մեր պայքարը կավարտվի, երբ որ կազատագրենք Արեւմտյան Հայաստանը, մեր բռնազավթված տարածքները: Կազատագրենք Դաշտային Արցախը, իսկ դա տեւական պայքար է: Իսկ ինչ վերաբերում է ներքին իրավիճակի մեր պայքարին, ապա այն կավարտվի, երբ մենք կարողանանք հասնել նրան, որ բոլորս ուզենանք, որ մեր թոռները ապրեն այս երկրում: Այսօր, ցավոք, այդ երկիրը չէ, եւ դրան հասնելու համար դեռ ժամանակ եւ ճանապարհ ունենք անցնելու>>:
Հարցազրույցը` Անի ԱԶԱՏՅԱՆԻ