ՌԴ Պետդումայում առաջարկում են Թուրքիան ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող պետություն
Tert.am-ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Օբուխովի կարծիքով` Թուրքիան պետք է ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող երկիր, իսկ եթե հաստատվի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության մասնակցությունը Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի կործանման գործում, այն ահաբեկչական ճանաչել։
Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիավիա» ավիաընկերության՝ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին։
Ռուսական հատուկ ծառայությունների տվյալներով` ռուսական ինքնաթիռում ահաբեկչությունը կարող էր կազմակերպել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը, գրում է Вести-ն:
«Ինչ վերաբերում է անմիջապես Թուրքիային, ապա, հաշվի առնելով Անկարայի` «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ ունեցած հանցավոր կապերի մասին անհերքելի ապացույցները, Ռուսաստանը վաղուց պետք է նախաձեռներ Թուրքիան «ահաբեկիչների աջակից պետություն» ճանաչելու գործընթացը` այդտեղից բխող բոլոր միջազգային հետևանքներով»,- հայտարարել է Օբուխովը: