Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան. Երեք հանգամանք, որ մեզ հաղթանակ բերեց
Պատմությունը վկայում է, որ Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի թե հոգեւոր եւ թե ֆիզիկական պաշտպանության հենարանն է եղել: Դեռեւս հին ժամանակներից յուրաքանչյուր գունդ իր հոգեւորականն է ունեցել: Արցախյան ազատամարտը նույնպես այդ ամենի վկան է, որի ժամանակ մեծ թվով հոգեւորականներ զինվորագրվեցին: Բազմաթիվ հոգեւորականների օրինակներ կան, ովքեր մասնակցել կամ ինչ-որ ձեւով օժանդակել են շարժմանը:
Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ.
— Այս տարի տոնում ենք Արցախյան շարժման 25-ամյակը: Սրբազան հայր, որտե՞ղ Ձեզ հանդիպեց ազգային զարթոնքը եւ ինչպե՞ս եք վերարժեւորում 25-ամյա վաղեմության իրադարձությունները:
-Նախ Աստծուն փառք եմ տալիս, որ այդ շարժումը ծագեց: Եւ ես այն անվանում եմ մի գերբնական շարժում, որը կամա թե ակամա կապում եմ Աստծո հետ: Աստծո շնչով եւ թելադրանքով սկսվեց այս շարժումը եւ շարժման առաջին իսկ օրվանից զգացվում էր Աստծո ձեռքը: Սա նվիրական եւ սրբազան շարժում էր, արդար եւ Աստվածահաճո: Եւ իհարկե, այս շարժման մեջ մենք բազմաթիվ լավագույն մարդկանց տեսանք: Մարդկային բնավորության ամենալավագույն դրսեւորումների գծեր տեսանք: Այն, ինչ պատկերացնում էի իմ ազգի մասին մանկուց, այդ տարիներին ես այդ ամենը տեսա թե Ստեփանակերտի եւ թե Երեւանի ցույցերից սկսած: Ճիշտ է, պատերազմից հետո եկան խաղաղ պայմաններ եւ կարծես թե ազգը մի փոքր բթացավ, հանգստացավ, սկսեց զբաղվել իր առօրյայով, բայց այդ 6 տարիների ընթացքին մեր ազգը ամենալավագույն ձեւով իրեն դրսեւորեց որպես Աստծո ազգ: Սա անվիճելի փաստ է գոնե ինձ համար: Եւ ես ուրախ եմ, որ իմ աչքերով տեսա այդ ամենը:
— Օրհասական պահերին հայ ժողովուրդը բռունցքվել գիտե, ինչի վառ ապացույցը 1988 թվականի Արցախյան շարժումն էր: Սրբազան հայր, ի՞նչ եք կարծում` այսօր կա՞ արդյոք այդ միասնությունը:
— Այդ հարցին ես միշտ մի ձեւ եմ պատասխանում: Ծայրահեղ պայմաններում դրսեւորվում է ազգի կամքը եւ միտքը: Այսօր ծայրահեղ պայման չի: Եւ այսօր դժվար է գնահատական տալը` միաբա՞ն ենք, թե՞ ոչ: Երբ, Աստված մի արասցե, մեր առջեւ ծառանա ծայրահեղ պայման, այն ժամանակ կտեսնենք: Եւ դժվար է այսօր նման գնահատական տալը: Ես հիշում եմ` մեր մեծերը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ասում էին` մենք գնացինք հայրենիքը պաշտպանեցինք, եւ եթե պատերազմ լինի, այս նոր սերունդը մի բան կանի՞ արդյոք: Այո, մենք տեսանք, թե ինչ արեց այդ նոր սերունդը: Նոր սերունդը ավելիով արեց: Պահը կգա` կիմանանք:
— Ռազմական փորձագետները եւ, առհասարակ, փորձագետները մինչ օրս չեն կարողանում հասկանալ այն առեղծվածը, թե ինչպես եղավ, որ եւ թվաքանակով, եւ զենքի տեսանկյունից զիջելով հակառակորդին` այնուամենայնիվ հայ ժողովուրդը հաղթանակ տարավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ՙառեղծվածը ՚:
— Կա երեք հանգամանք: Մեր շարժումն արդար էր եւ ազնիվ: Մենք միաբան էինք, պատրաստ էինք զոհվել հանուն արդար գործի: Եւ, իհարկե, այս ամենի հետ` Աստված մեր կողմն էր: Եւ այս երեք հանգամանքն էր, որ մեզ բերեց հաղթանակի: Եւ հրաշք տեղի ունեցավ:
-Պատերազմի տարիներին եղավ այնպես, որ հոգեւորականներն էլ զենք վերցրեցին:
-Դա նորմալ է: Հոգեւորականն էլ հայ է, իր ազգի զավակն է, հոգեւոր ծնող է, եւ եթե երեխան նեղության մեջ է, ապա ծնողը պետք է երեխայի կողքին լինի: Դա շատ բնական է: Եթե զինվորը` լինի հոգեւորական, թե աշխարիկ, զգում է Աստծո զորությունը եւ մարտի դաշտ է դուրս գալիս հույսով լի` առ Աստված, ապա նա անպարտելի է: Երբ ճակատում զինվորի հետ հավասար կռվում է հոգեւորականը, զինվորների հավատքը ավելի ամուր է լինում: Մենք բոլորս, նաեւ հոգեւորականներս, պետք է ոգեւորենք եւ օրինակ ծառայենք մեր ժողովրդին ցանկացած ոլորտում` լինի ռազմական, քաղաքական, մարդասիրական, մշակութային, ազգային ու տնտեսական: Մենք պետք է մեր ժողովրդի կողքին լինենք, թե դժվար պահերին` խրամատում, մարտի դաշտում, թե ուրախությունների ժամին` կնունք, ծնունդ, հարսանիք, ամեն տեղ մենք մեր ժողովրդի հետ պետք է լինենք, մենք նրա մի մասնիկն ենք, մեր ազգի զավակն ենք` անկախ մեր կարգավիճակից ու մեր գրաված պաշտոնից:
Անի ԱԶԱՏՅԱՆ