Վինչունն Արցախում
Գլխավոր » Երիտասարդական » Վինչունն Արցախում

Վինչունն Արցախում

Ովքեր լսած չեն վինչունի մասին, հավանաբար կհետաքրքրվեն, թե ինչ է նշանակում չինական այս տերմինը: Բառացի ՙվինչուն՚ նշանակում է ՙհավերժ գարուն՚(ՙհիասքանչ գարուն՚), մինչդեռ գեղեցիկ անվանման տակ թաքնվում է հզոր մարտական արվեստ: Վինչունը չինական մարտարվեստ է և դասվում է ուշուի բազմաթիվ ոճերի շարքում: Այն ձևավորվել է 17-րդ դարի վերջերին և հետագա զարգացում է ստացել շնորհիվ չինացի վարպետ Իպ Մանի և նրա հանրահայտ աշակերտ Բրյուս Լիի: Լեգենդար կինոաստղի և նրա ֆիլմերի հեղինակության աճմանը զուգահեռ, աճեց ու զարգացավ նաև վինչունը: 70-ական թվականների վերջերին այս ոճը գրավեց Եվրոպան: Գերմանիայում մարտարվեստի ամենահանրահայտ ոճը վինչունն է: Ռուսաստանում այս ոճը հայտնվեց 70-ականներին: Այն ժամանակ սովետական բուհերում սովորում էին վիետնամցի և չինացի վարպետներ, որոնք ի շնորհակալություն փոխանցում էին իրենց գիտությունը նրանց, ովքեր հետաքրվում էին արևելյան մարտարվեստներով: Փոխանցվելով սերնդեսերունդ և տարածվելով աշխարհի տարբեր կետերում` վինչունը թափանցեց նաև Հայաստան և Արցախ: Սկսած 2009 թվականից` այն դասավանդվում է ԼՂՀ ուշուի ֆեդերացիայում երիտասարդ մարզիչների կողմից և հասանելի է Արցախի մարտական արվեստների սիրահարներին, ում համար կարևոր են սեփական հնարավորությունների բացահայտումը, կամքի ու մտքի դրսևորումը, մարտարվեստի միջոցով ինքնակատարելագործումը:

 

Ոճի առանձնահատկություններն ու նրբությունները պարզաբանեցինք ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի տնօրեն, ուշու մարտարվեստում առաջին դան սև գոտու տեր, ՀՍԳՄ միջազգային կարգի մարզիչ Սայաթ Բաղդասարյանի հետ:

 

-Սայաթ, կարո՞ղ եք մեկնաբանել ինչ է իրենից ներկայացնում վինչունը:

 

-Մարտարվեստի յուրաքանչյուր ոճ ուսումնասիրելու և հասկանալու համար նախ պետք է անդրադառնալ տվյալ ոճի ակունքներին, այսինքն իմանալ նրա ծագման ու պատմության սկզբնաղբյուրների մասին: Մեր օրերում դժվար է դատել, թե գոյություն ունեցող առասպելներից որն է վինչունի իրական հիմքը հանդիսանում: Հայտնի է, որ այն ձևավորվել է շատ ավելի ուշ, քան ուշուի ընդհանուր համակարգը: Այն իր մեջ ամփոփում է վաղուց հայտնի ուշուի հինգ ուղղությունների (ՙվագրի ոճ՚, ՙկռունկի ոճ՚, ՙհովազի ոճ՚, ՙվիշապի ոճ՚, ՙկապիկի ոճ՚) համադրություն: Չինական պատմությունը հարուստ է դրվագներով, որտեղ, բազմիցս հարձակումների ենթարկվելով իրենց թշնամիների կողմից, չինացիները ստիպված էին դիմակայել` օգտագործելով սերնդեսերունդ փոխանցված մարտական արվեստը: Սակայն հաճախ գոյություն ունեցող հնարքները բավարար չէին հաղթանակի հասնելու համար. հնարամիտ չինացիները ստիպված էին պաշտպանության նոր հնարներ մտածել` այդպիսով ստեղծելով նոր ոճեր,մշակելով նոր ավանդույթներ: Ահա մի օրհասական պահի էլ հարկ եղավ մշակելու թշնամուց պաշտպանվելու այնպիսի արդյունավետ համակարգ, որին տիրապետելու համար չպահանջվեին երկար տարիներ կամ մի ամբողջ կյանք, մեծ տարածություն և հոգնեցուցիչ մարզումներ, և որը կկարողանային օգտագործել ոչ միայն ֆիզիկական գերազանց վիճակ ունեցող զինվորները, այլ նաև հասարակ մարդիկ` անկախ սեռից: Վինչունի ստեղծման նախաձեռնությունը վերագրվում է Շաոլինյան վանքի միանձնուհի Նըգ Մուեին, որը վերոնշյալ հինգ ոճերի և իր կողմից մշակված նոր շարժումների համադրությունից արարել և իր հայրենակիցներին է փոխանցել ինքնապաշտպանության այս արդյունավետ ոճը:

 

-Իսկ պահպանվու՞մ են արդյոք շաոլինյան ոգին և ավանդույթները ժամանակակից վինչունի համակարգում:

 

-Ժամանակակից վինչունն իր մեջ պարունակում է չինական մարտարվեստի գենոտիպը, որը պահպանվել է դարերի ընթացքում: Վինչունի ներքին պոտենցիալի յուրատիպությունն ու անսովոր հզորությունը պայմանավորված են նրանով, որ այն երկար ժամանակ գաղտնի էր մնում և զերծ էր այլ մարտարվեստների ազդեցությունից, հետևապես աղավաղումներ գրեթե չկան: Ընդհանրապես ուշուի ուղղությունները կարելի է բաժանել ներքին և արտաքին խմբերի, մինչդեռ յուրաքանչյուր ներքին ոճի մեջ կան արտաքին, իսկ արտաքին ոճի մեջ` ներքին տարրեր: Լինելով հզոր ինքնապաշտպանության միջոց` վինչունն իր մեջ ամփոփում է և° կոպիտ, և° փափուկ հնարքներ: Վինչունին բնորոշ է ինչպես ուժային մաս, այնպես էլ շարժումների մեղմություն ու սահունություն, կենտրոնանալու ունակություն, շարժման արագացում և դանդաղեցում: Երկար հարվածները զուգորդվում են կարճերով, փափկությունը փոխարինվում է ուժգնությամբ և այլն:

 

-Ինչո՞վ է տարբերվում վինչունն այլ մարտարվեստներից:

 

-Վինչունում պաշտպանությունը չի կատարվում ուժի միջոցով (ինչպես օրինակ կարատեում), չկան ոտքի բարձր հարվածներ (ինչպես թհեքվոնդոյում) ու ձեռքի կլոր հարվածներ ( ինչպես բոքսում) և գրեթե չկան ըմբշամարտի հնարքներ (ինչպես դյուդոյում և այկիդոյում): Վինչունում մարտի ժամանակ օգտագործվում են միաժամանակ և° ձեռք, և° ոտք, այն էլ հնարավորինս կարճ հեռավորության վրա: Վինչունն առանձնանում է նաև չի-սաո մասով (թարգմանաբար նշանակում է ՙկպչուն ձեռքեր՚): Դրա էությունը կայանում է նրանում, որ վինչունիստը սկսում է զգալ և կանխատեսել հակառակորդի շարժումները նրան հպվելու միջոցով և կարողանում է պաշտպանությունից ակնթարթորեն անցնել հարձակման` կասեցնելով հարձակվողի շարժումները: Դա կաշկանդություն և անհարմարություն է առաջացնում հակառակորդի մոտ, ով սովոր է միայն խփել և սովոր չէ նրան, որ հարվածը կարող է խրվել պաշտպանության մեջ: Վինչունում չկան գոտի և աստիճան: Այստեղ կարևոր է արվեստին տիրապետելու մակարդակը:

 

-Ինքներդ տիրապետելով վինչունի հետաքրքրաշարժ հնարներին և լինելով մարզիչ` ի՞նչ կասեք այն մասին, որ որոշ աղբյուրներում հանդիպում ենք, թե վինչունն ի սկզբանե համարվել է կանացի ոճ:

 

-Հնարավոր է դա պայմանավորված է նրանով, որ ինչպես նշվեց, վինչունի համակարգը ամբողջությամբ ձևավորվել ու մշակվել է կնոջ կողմից, հայտնի է նաև, որ նրա առաջին աշակերտը նույնպես վանքի միանձնուհիներից մեկն է եղել, ում անունով էլ կոչվել է այս արվեստը: Մինչդեռ համարել, որ այն պարունակում է այնպիսի մեթոդիկա, որը նախատեսված է զուտ կանանց կամ աղջիկների համար` միանշանակ օբյեկտիվ չէր լինի: Վինչունը կարող են յուրացնել տարբեր կառուցվածքի և հնարավորությունների տեր մարդիկ: Այն հարմար է բոլորին: Ցանկացած մարդու կյանքում կան կենսական դժվարություններ, որոնց բեռը անընդհատ ճնշում է` առաջացնելով հոգեբանական կոնֆլիկտներ: Վինչունը թույլ է տալիս հեշտությամբ ազատվել բարդույթներից, պարզաբանել կյանքի լուսավոր կողմերը և օգտագործել դրանք ինքնակատարելագործման հասնելու համար: Այդ պահից սկսած փոխվում է մարդու աշխարհայացքը, գործում է գիտակցված ինքնահսկումը: Մարդը հասնում է կատարելության` պահպանելով բարոյական և մտավոր բոլոր սկզբունքները: Ձգտել կատարելության. սա է մարտարվեստի հիմնական գաղափարը, իսկ դրան հասնելու համար մարդու սեռը նշանակություն չունի:

 

-Վինչունը յուրացնելու համար ի՞նչ հատկություններ պետք է զարգացած լինեն մարդու մեջ:

 

-Վինչունի մեթոդիկան առաջին հերթին հարմար է երիտասարդ և հասուն տարիքի մարդկանց համար, ում համար կարևոր են սեփական հնարավորությունների վերհանումն ու կիրառումը: Այն դասավանդվում է նաև որպես ինքնապաշտպանություն: Նախ կարևոր է ուժեղ մարտական ոգի ունենալ, որի միջոցով յուրացվում են արվեստի ներքին էությունն ու սկզբունքները: Մեծ նշանակություն ունի մարմնի կոփումը, կեցվածքներին ճիշտ տիրապետումը: Դրա համար ուշադրություն է դարձվում ֆիզիկական և հոգեբանական վարժություններին, որոնց միջոցով մարզիկի մեջ զարգանում են այնպիսի կարևոր հատկություններ, ինչպիսիք են տոկունությունը, դիմացկունությունը, կամքը: Մեծ դեր է խաղում նաև մարտական տեխնիկայի յուրացումը, այնուհետև տեխնիկայի կատարման արագությունը: Մարզվողը պետք է լինի հոգեպես հանգիստ և ներդաշնակ, ազնիվ ու բարի: Առանց դրանց չի կարելի հասնել հաջողության:

 

-Հետաքրքիր է, թե ինչպես են ընթանում վինչունի պարապմունքները ԼՂՀ ուշուի ֆեդերացիայում, արդյոք արցախցիները նախապատվությու՞ն են տալիս չինական մարտարվեստի այս ոճին:

 

-Արցախցիները միշտ էլ եղել են խիզախ, մարտնչող և արդար: Դա համապատասխանում է հին չինական վարպետներից մեզ փոխանցված արվեստի սկզբունքներին: Այո°, ունենք մարզիկներ և մարզուհիներ, ովքեր նախապատվություն են տալիս հենց այս ոճին: Պարապմունքներն ընթանում են շաբաթական երեք անգամ, բայց առայժմ կրում են սիրողական բնույթ: Նպատակ ունենք առաջիկա ժամանակահատվածում պարապմունքները խմբային դարձնել` ուշուի վինչուն ոճն Արցախում տարածելու, զարգացնելու և մասնագիտացնելու համար:

 

-Շնորհակալություն Ձեզ ընդգրկուն հարցազրույցի համար, մաղթում ենք հաջողություն ձեր ծրագրերում:

 

-Շնորհակալություն:

 

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ

1