Հայկական երկրորդ Մատենադարանի բացման արարողություն Արցախում

Այսօր տեեղի է ունեցել <<Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան — Գանձասար>> գիտամշակութային կենտրոնի՝ Մատենադարանի մասնաշենքի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ եւ ԼՂՀ նախագահները:
Կենտրոնը կազմված է գիտական և թանգարանային մասերից, գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից: Նորաբաց ցուցասրահներում ներկայացված են Արցախում վաղ միջնադարից մինչև նոր շրջանը ստեղծված 100-ից ավելի ձեռագրերի, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, ինչպես նաև հնատիպ գրքեր:
Բացման արարողության կապակցությամբ տեղի է ունեցել Մատենադարանի գիտաշխատողների <<Արցախի մանրանկարչական արվեստը>> և <<Արցախի գրչության կենտրոնները>> գրքերի շնորհանդեսը։ Մատենադարանի շենքը հիմնանորոգվել է <<Փյունիկ>> մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով։
Ըստ ԼՂՀ քաղաքաշինության կայքի տրամադրած տեղեկության՝ շենքը վերակառուցվել է ճարտարապետ Վալերի Հայրապետյանի նախագծմամբ, որին խորհրդատվության կարգով մասնակցել է նաև ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Մասնաճյուղը գործելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կառուցվածքում, և նրա լիարժեք գործունեությանն ուղղված աշխատանքներում կիրառվելու է Մատենադարանի գիտական ու գիտատեխնիկական ողջ ներուժը։
Մեսրոպ Մաշտոցի քանդակի հեղինակները հայր և որդի՝ Ալբերտ և Դավիթ Սարգսյաններն են: