ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր է հռչակել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոր բանաձև է ընդունել, ըստ որի դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր է հռչակվել, տեղեկացնում է Tert.am-ը՝ globalr2p.org կայքին հղումով։
Բանաձևի ընդունման կապակցությամբ Պաշտպանության համար պատասխանատվություն կրող համաշխարհային կենտրոնը (The Global Centre for the Responsibility to Protect) առանձնահատոկ շնորհակալական խոսք է հղել Հայաստանի Հանրապետությանը` բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։
Նշվում է, որ 2014 և 2015թթ. ընթացքում միջազգային հանրությունը ոգեկոչել է նախորդ դարում կատարված ամենասոսկալի ոճիրների` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը, Կամբոջայում կարմիր կխմերների իրագործած սպանդի 40-րդ տարելիցը, ինչպես նաև Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա և Հերցեգովինայի ցեղասպանությունների զոհերի հիշատակը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի հիմնական առաքելությունն է հիշել անցյալում իրագործված սարսափելի ոճիրները՝ հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար։