Deutsche Welle. Կարմիր կարկուտ… որովհետև այն երբեք չի դադարում

Հայաստանը միացել է «Prague Quadrennial’15» փառատոնին: Հավատարիմ մնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական հայեցակարգին՝ Հայաստանը հունիսի 23-ին ներկայացրել է «Լռության 100 տարին» լուսանկարչական նախագիծը ՝ կենտրոնանալով Հայաստանում ապրող, Ցեղասպանությունը վերապրած վերջին ականատեսների վրա: Հայկական տաղավարը հյուրընկալել է լուսանկարչական ցուցահանդես և վերապրածների լուսանկարներով և հարցազրույցներով տեսաֆիլմ:
Deutsche Welle հրապարակել է հոդված Պրահայի քվադրինալեի մասին՝ ներկայացնելով հայկական տաղավարն ու Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու, ինչպես նաև նորվեգացի միսիոներ, 1905 թվականին հայկական որբանոցում աշխատող Բոդիլ Կատարինե Բյորնին հարգանքի տուրք մատուցելու թիմի ջանքերը: Նա Նորվեգիայում գումար էր հավաքել, որպեսզի Սուրբ Ծննդյան տոներին որբանոցի աղջիկներից յուրաքանչյուրին տիկնիկ նվիրեր, ապա նա լուսանկարել է բոլոր երջանիկ երեխաներին իրենց նոր խաղալիքներով:
1915 թվականին հայ ժողովրդի կոտորածներից հետո մայր Կատարինեն (այդպես էին նրան կոչում) փորձում էր պարզել՝ ինչ է տեղի ունեցել այդ աղջիկներին: Նա չկարողացավ գտնել նրանցից որևէ մեկին: Նրանց բոլորին սպանել էին: Ընդհանուր առմամբ, կոտորածի զոհերից 500.000-ը երեխաներ էին:
Հայ լուսանկարիչ Վահան Ստեփանյանն իր երեք գործընկերների հետ պատրաստել են եկեղեցու ավերակներում արված 50.000 լուսանկար, որոնցում պատկերված են տիկնիկներով դպրոցահասակ աշակերտուհիներ, այդ լուսանկարներից 10.000-ն օգտագործել են Պրահայում ցուցադրված ֆիլմում: Կարմիր կարկուտ… այն երբեք չի դադարում:
«Մենք երկար ժամանակ է՝ ուզում էինք աշխատել այս լուսանկարներով: Բյորնի թոռը մեզ թույլ է տվել մուտք գործել Նորվեգիայի պահոց, որտեղ մոտ 60 լուսանկար էր մնացել», – ասել է Ստեփանյանը:
«Սև-սպիտակ ֆիլմն ավելի առանձնահատուկ էր դարձել հայ կոմպոզիտոր Տիգրան Համասյանի հեղինակած երաժշտության շնորհիվ», – գրված է հոդվածում:
Հիշեցնենք, որ հունիսի 18-28-ը Պրահայի 13-րդ միջազգային Քվադրինալեին Հայաստանը ներկայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով:
Քվադրինալեն բեմական ձևավորմանաշխարհի խոշորագույն փառատոնն է, որը կազմակերպում են Չեխիայի մշակույթի նախարարությունն ու Եվրոպական միությունը: Այն անցկացվում է 4 տարին մեկ: 1967-ից ի վեր Քվադրինալեին իրենց աշխատանքներով ներկայացել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, ժոզեֆ Սվոբոդան, Ռոբերտ Ուիլսոնը և այլք:
«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան ստեղծվել է Տիգրան Համասյանի երաժշտության և հայերին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից արված մեկ վավերագրական լուսանկարի փոխազդեցության արդյունքում: