Հոսանքին հակառակ լողացող իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբատը
Գլխավոր » Շաբաթվա հյուրը » Հոսանքին հակառակ լողացող իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբատը

Հոսանքին հակառակ լողացող իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբատը

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբատը նոր անակնկալ է պատրաստում հայ հանդիսատեսի համար: Թե ինչ անակնկալ է՝ խոստանում է բացել փակագծերը մի քանի օրից: Իսկ մինչ այդ aparaj.am-ը զրուցել է ռեժիսորի հետ՝ փորձելով բացահայտել Անահիտ Աբատ անունով հայուհու կերպարը:

 

Անահիտ Աբատը ծնվել  է Թեհրանում: Մայրը ղարադաղցի է, հայրը ծագումով Գանձակից է, հորական տատը՝ Շուշեցի: 1939 թվականին աքսորվելով Հայաստանից՝ հոր ընտանիքը հաստատվել է Ղարադաղում: Ինչպես Անահիտ Աբատն է ասում՝ պապը ազգային մտածելակերպ ունեցող  անձնավորությունն էր, հաճախ տեղի թուրք խաների հետ ընդհարումներ էր ունենում, ինչը  իշխանության համար խնդիրներ էր առաջացնում: Նժդեհական ֆիդայական վերջին նշխարներից  էր, զենք ունեցող եւ զենք կրող մարդ էր եւ պատրաստ չէր զինաթափվելու: Նրա ընտանիքին  կախաղանից փրկեց  դեպի  Իրան վտարումը:

 

Պապի Սարգսյան ազգանունը Իրանում փոխեցին Աբատ ազգանվան՝ մի շարք խնդիրներից խուսափելու համար:

 

‹‹Աբատ›› պարսկերենից թարգմանաբար նշանակոււմ է՝ ‹‹շեն››, ‹‹շենացնող››: ‹‹Այս ազգանունը պատահական չենք ստացել: Ընտանիքս շրջանում բավական մեծ շինարարական աշխատանքներ է իրականացրել, երկհարկանի դպրոց հիմնել: Դրանից էլ ստացանք Աբատ ազգանունը: Ես ընտանիքիս առաջին սերունդն եմ, որ հայրենիքից հեռու եմ ծնվել, սակայն հայրս կարողացել է այնպես անել, որ հայրենիքի գաղափարը միշտ արթուն  մնա ընտանիքում, ինչն էլ հետագայում ազդեց թե՛ իմ մասնագիտության ընտրության, թե՛ ապագայում ֆիլմերիս թեմատիկայի ընտրության վրա: Հայրս ինձ սովորեցրել է հոսանքին հակառակ ուղղությամբ լողալը… ››:

 

Մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվել է իր նախասիրություններով, քանի որ, ինչպես նա է ասում, ամեն ինչ  պատկերներով է տեսնում, կյանքը պատկերներով եմ պատկերացնում:

 

1992 թվականին Թեհրանում ավարտելով համալսարանի ռեժիսուրայի բաժինը՝ աշխատել է որպես երկրորդ ռեժիսոր Իրանի լիամետրաժ- գեղարվեստական  կինոյում, աշխատել է նաեւ որպես ռեժիսորի առաջին ասիստենտ, ֆիլմի տնօրեն, պրոդյուսեր եւ այլն:

 

Նկարահանել է տասնյակից ավել փաստագրական ֆիլմեր, սերիլաներ  եւ այլն:

 

1999 թվականին նկարահանել է Արցախի ազատագրված տարածքների պատմական հուշարձանների մասին պատմող ֆիլմ: Կարճամետրաժ ֆիլմեր է նկարել հայկական գաղութի մասին, շոշափել գաղութի հարցերը: Ունի նաեւ Իրանի հասարական հիմնախնդիրների մասին կարճամետրաժ ֆիլմեր:

 

Այսօր Անահիտ Աբատն Իրանի ֆիլի ասպարզում կայացած ռեժիսոր է: Նա Իրանի կինոտան արհմիության նախագահն է: Մինչ այդ երկու շրջան կինոտան արհմիության փոխնախագահն է եղել:

 

Ականտես է եղել Ջուղայի խաչքարերի եւ գերեզմանոցների ոչնչացմանը եւ  նկարահանել Ջուղայի եւ ջուղայաբնակների մասին պատմող ֆիլմ:  Ջուղայի խաչքարերի մասին լրատվամիջոցներում հայտնված տեսանյութի հեղինակը հենց Անահիտ Աբատն է:

 

‹‹Կյանքիս ամենատխուր դրվագներից մեկը, ցավոք սրտի, այդ բարբարոսության ականտես լինելն է: Հարյուրամյակների մշակույթ ոչնչացվեց եւ լցվեց Արաքս գետը: Ոչ մեկին չէի ցանկանա ականատեսը լինել նման դաժանության››,- պատմում է նա:

 

Պատասխանելով հարցին, թե արդյոք կին ռեժիսորի համար (նամանվանդ, այնպիսի հասարակությունում ինչպիսինն է Իրանը)  դժվա՞ր չէր, Անահիտ Աբատը պատասխանեց.

 

‹‹Կարծում եմ՝ աշխարհի ամեն երկրում դժվար է կին ռեժիսոր դառնալը. գու՞ցե պապերիս թողած կողահաստությունն է, որ ինձ օգնել է հաջողության հասնել: Չեմ ստի ասելով, որ դա հեշտ էր, քանի որ այս տարիներին 10 անգամ ավելի շատ եմ աշխատել քան իրանցի գործընկերներս, քան իմ բնագավառի տղամարդիկ: Աշխատել եմ, որպեսզի իմ բնագավառում կայանամ: Ուրիշ ելք չկա, քան շարունակական եւ հետեւողական աշխատանքի միջոցով հաջողության հասնելը››:

 

Խոսելով իրանական ֆիլմի, գրաքննության մասին՝ Աբատը նշեց, որ ռեժիսորի համար թեմա ընտրելն ամենադժվար գործն է՝ անկախ այն բանից, թե որ երկրում ես ապրում :

 

‹‹Գրաքննությունը, իհարկե, վատ բան է, սակայն Իրանում  գոյություն ունեցող օրենքների չափանիշների  մեջ  արվեստագետները ելքեր գտնում են:

 

Երանի աշխարհի ոչ մի երկրում սահմանափակումներ չլինեն, սակայն արվեստագետներն այդ սահմանափակումներում գտնում են իրենց արտահայտման եղանակը:

 

Թերեւս, այդ սահամանափակումների շնորհիվ էլ, որ իրանական կինոն իր ազգային կինոկերպարը գտել եւ կայացել է:

 

Այսօր իրանական կինոն յուրահատուկ դպրոց ունի աշխարհում: Այն չի զիջում աշխարհի կինոարտադրության հզորագույն երկրներին…››:

 

Անդրադառնալով հայկական կինորավեստին՝ Անահիտ Աբատը նշեց, որ Հայաստանը ունեցել է այնպիսի մեծեր, ովքեր չեն զիջում  աշխարհի լավագույն ռեժիսորներին:

 

‹‹Մենք ունեցել ենք Բեկնազարյանի նման մի տաղանդ, ով ոչնչով չի զիջում Էյզենշտեյնին , ոչնչով չի զիջում իր ժամանակակից մեծերին: Նրա ‹‹Խասփուշ›› ֆիլմը, իրոք, այդ ժամանակի աշխարհի լավագույն ֆիլմերից է, որը, ցավոք սրտի, անծանոթ է համամարդկային կինոմշակույթին: Եթե ցանկանանք մինչեւ 1930 թվականը  աշխարհի լավագույն ֆիլմերը մատնանշել, ապա, անպայման, ‹‹Խասփուշը›› դրանցից մեկն է››,- ասաց նա:

 

Ըստ ռեժիսորի՝ հին հայկական ֆիլմերի եւ այսօրվա իրանական ֆիլմերի հաջողության գրավականն այն է, որ ռեժիսորները չեն համեմատվում ուրիշ երկրների ռեժիսորների հետ:

 

‹‹Այդ մարդիկ  այդպիսի հրաշք գլուգործոցներ են ստեղծել, որովհետեւ  իրենց աչքը, ոգին, սիրտը, ճաշակը  ականջներն իրենց տան մեջ, բակում, ժողովրդի հետ է եղել, ոչ թե նայել են հեռուներ, ուրիշ տեղեր:  Որեւէ մեկի հետ չեն համեմատվել,  չափվել, ցանկացել նմանվել , եղել են իրենք իրենցով, իրենց համ ու հոտով: Երբ չինացին ֆիլմ է նկարում իր նիստ ու կացի մասին, չի մտածում՝ արդյո՞ք հնդիկը կամ ամերիկացին  հասկանում է դա, թե ոչ: Նա նկարում է ինքն իրեն, համամարդկային կոնտեքստում››,- նշում է նա:

 

Ռեժիսորի կարծիքով՝ իրանական ֆիլմը աշխարհի սարդոստայնում յուրահատուկ տեղ է զբաղեցնում, այն կարծես թե ասում է՝ սա իմ բոստանն է,  իմ ծաղիկները, սա իմ ծաղիկների հոտն է, սա  երկրիս մաղող անձրեւն է, սա իմ խոտերի բույրն է. դրա համար իրանական ֆիլմը հաջողել է:

 

Հ.ԳԻրանական կինոարվեստում հայերը շատ մեծ դերակատարություն են ունեցել: Առաջին եւ երկրորդ իրանական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերն ամբողջապես հայ է նկարահանել, իրանի կինոդպրոցը հայ է հիմնել , առաջին պաստառը հայ է նկարել: Իրանի կինոթանգարանում ամենաբարձր մակարդակի գնահատականով ամբողջը ցուցադրված է:

 

Արմինե Նարինյան

 

 

1