Արցախի դպրոցներում հնչել է վերջին զանգը

Այսօր՝ մայիսի 23-ին, ԼՂՀ բոլոր դպրոցներում հնչել է դպրոցական վերջին զանգը: Տոնական տրմադրություն է տիրում ամենուր:
Ընդհանուր առմամբ, այս տարի Արցախում դպրոցին հրաժեշտ են տվել 1257 12-րդ դասարանցիներ: Վերջին դաս էր նաեւ հիմնական դպրոցների՝ 9-րդ դասարանի 1169 աշակերտների համար:
Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում նույնպես ազդարարվեց 2014-2015 թթ. ուսումնական տարվա ավարտը:
Դպրոցի շրջանավարտները վերջին անգամ դպրոցական բեմ բարձրացան՝ գիտակցելով, որ այսուհետ մտնում են կյանքի նոր փուլ, որը որքան հետաքրքիր, նույնքան էլ բարդ է ու պատասխանատու: Շրջանավարտները հրաժեշտի խոսքեր հղեցին իրենց ուսուցիչներին, հուզիչ երգերի, բանաստեղծությունների, հումորային կատարումների միջոցով շնորհակալություն հայտնեցին իրենց կրթելու ու դաստիարակելու, այսօր արդեն նոր կյանքի շեմին հասցնելու համար:
Դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ստելլա Առաքելյանն aparaj.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարվա շրջանավարտներն այն սերունդն են, ովքեր պատերազմ չեն տեսել եւ ծնվել են իրենց ծնողների կերտած ազատ ու անկախ Արցախում:
‹‹Թող այս սերունդը, որոնք նկուղներում վերջին զանգ անցկացրած սերնդի զավակներն են երբեք պատերազմ չտեսնեն, ապրեն բարգավաճ ու խաղաղ հայրենիքում: Դրանից առավել հրաշալի մաղթանք չկա, որը կցանկանայի նրանց››,- նշեց նա: