Չափահաս հայերի մի մասին դեպի ծովն են տարել, մյուսներին՝ երեխաների աչքի առաջ գլխատել
Գլխավոր » Հասարակական » Չափահաս հայերի մի մասին դեպի ծովն են տարել, մյուսներին՝ երեխաների աչքի առաջ գլխատել

Չափահաս հայերի մի մասին դեպի ծովն են տարել, մյուսներին՝ երեխաների աչքի առաջ գլխատել

Հմայակ Տոնոյանի պատմությունը

1907 թ., Կարս

Ռիտա Դավթյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: 7 տարեկանում նա կորցրել է հորն ու մորը և միայն թուրք հարևանի օգնությամբ ողջ մնացել: Նա պատմել է, որ թուրքերը նախ տան չափահաս անդամներին են հավաքել, ոմանց դեպի ծովն են տարել, ոմանց էլ՝ երեխաների աչքի առաջ գլխատել:

 

«Պապիկս՝ Համայակ Սիմոնի Տոնոյանը, այն քչերից մեկն էր, որ փրկվել էին Ցեղասպանությունից: Նա պատմում էր, որ 8 տարեկան էր, երբ սկսվեց արհավիրքը: Նրանք ընտանիքով ապրում էին Կարսում: Հայրը՝ Տոնոյան Սիմոն, մոր անունը չեմ հիշում: Պապս պատմում էր, որ երբ այդ խառնաշփոթը սկսվեց, ոչ մեկը չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Նախ տան չափահաս անդամներին էին հավաքում, ոմանց դեպի ծովն էին տանում, ոմանց էլ՝ երեխաների աչքի առաջ գլխատում: Բայց պապս ասում էր, որ նրանք ուներին մի թուրք հարևան, որ տարիներ շարունակ ապրել էր իրենց հարևանությամբ: Երբ այդ հարևանը տեսել է այդ ամենը, նա պապիս՝ Հմայակին, և նրա քրոջը՝ Զարնուշանին, որը 15 տարեկան աղջնակ էր, թաքցնում է իրենց տանը, քանի որ պապս հիշում էր, որ այդ «շները» թուրքերի տները չէին մտնում, քանի որ նրանք լավ գիտեին՝ որտեղ են ապրում հայ ընտանիքները:

 

«Եվ ինչ տեղի ունեցավ, երբ զինված թուրքերը հեռացան մեր թաղամասից»,- պատմում էր պապս: «Նրանք Զարնուշանին հագցրին թրքուհուի շորեր, իսկ ինձ էլ կապեցին ոչխարի փորի տակ, քանի որ ես փոքրամարմին էի, և տարան դեպի Արաքս: Երբ թուրք զինվորները նրանց հարցուփորձ էին անում, նրանք ասացին, որ ոչխարներին տանում են ջուր խմելու»:

 

Երբ նրանք հասել են Արաքսի ափ, պապիս և նրա քրոջը թողել են այդտեղ և իրենք անմիջապես հեռացել, քանի որ նրանք նույնպես վախենում էին և ասում, որ իրենք մեղավոր չեն: Պապս ասում էր, որ չգիտեր, թե ոնց են անցել գետը: Միայն հիշում էր, որ գետն անցնելիս կորցրել էր իր տրեխը, իսկ քանի որ քույրն իրենից մեծ էր, ամեն կերպ փորձում էր օգնել իրեն: Թուրքերը զգուշացրել էին, որ նրանք հանկարծ հետ չգան և չփնտրեն իրենց ծնողների և եղբայրներին: Պապս հիշում էր եղբայրներից միայն մեկի անունը՝ Հակոբ Տոնոյան:


Անցնելով Արաքսը՝ հանդիպել են մարդկանց, ովքեր նրանց տարել են Լենինականի (այժմ՝ Գյումրի) որբանոց: Քույրն իմացել է, որ իրենք հորաքույր ունեն, ով ապրում է Վրաստանում, և նրանք սկսել են փնտրել իրենց հորաքրոջը: Չափահաս դառնալուց հետո Զարնուշանը (Զարնիշան) գնացել է Վրաստան և այնտեղ ամուսնացել, իսկ պապս մնացել է որբանոցում, քանի որ նրան թույլ չէին տվել գնալ քրոջ հետ:

 

Պապս, իմանալով քրոջ տեղը, մի օր փախչում է որբանոցից և հասնում Սադախլու: Այնտեղ նա հարձուփորձ անելով գտնում է քրոջը, սակայն քանի որ քույրն ամուսնացած էր, պապիս հորեղբոր աղջիկը՝ Սիրանուշը, որը նույնպես Վրաստանում էր ապրում, պապիս տանում է իր տուն: Չափահաս դառնալուց հետո պապս փորձում է ինքնուրույն ապրել: Նա գնում է Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղ: Այնտեղ նա դիրք ու շնորհք է վայելել և իր խելացիությամբ ու շնորհքով դարձել է գյուղապետ: Այնուհետև հանդիպել է կնոջն, ով Արևելյան Հայաստանից հյուր էր գնացել իր մորաքրոջը, սիրահարվել և ամուսնացել է տատիս հետ: Տատս՝ Մարուս Բագրատի Հարությունյանն էր: Նրանք ունեցել են զավակներ՝ Սերոժ, Կառլեն, Ռոլանդ, Ռաֆիկ, Ռազմիկ և Ռայա Տոնոյանները:

 

Պապս շատ է փորձել գտնել իր հարազատներին, հայտարարություն տալով «Հայրենիքի ձայն» թերթում, պատմում է Ռոլանդի կինը՝ Անժելա Տոնոյանը (Լալազարյանը): Նա միշտ փնտրում էր իր հարազատներին և մինչև վերջին պահը հույս ուներ, որ որևէ մեկը ողջ մնացած կլինի և ինքը կգտնի նրան: Երբ ամեն օր այցի էինք գնում պապիս ու տատիս, պապս բռնում էր ձեռքս, համբուրում և ասում «եկար ղուրբանեմ»: Երբ հիշում եմ այս խոսքերը, միշտ արտասվում եմ ու կարոտում նրան, քանի որ մի ուրիշ մարդ էր պապս, յուրահատուկ, և նրա աչքերի մեջ միշտ կարոտ ու թախիծ կար: Իսկ երբ շրջում էր ձեռքս, կոպեկանոց էր դնում բռիս մեջ: Երբ հացի էր նստում, սկզբից ուտում էր միսը, հետո մնացածը: Երբ հարցնում էի, թե ինչու է այդպես անում, ասում էր կարող է այդ «շները» հարձակվեն, գոնե մի կտոր միս կերած կլինեմ: Աչքը միշտ ճանապարհին ու կարոտն աչքերին:

 

1957-ին պապս իր ընտանիքի հետ Վրաստանի Խոժոռնի գյուղից տեղափոխվում է Արևելյան Հայաստան և բնակություն հաստատում Իջևան քաղաքում: Բայց նրա տղաներց Սերոժ Տոնոյանը չի ցանկանում լքել իր ծննդավայրը և մինչ այժմ ապրում է Խոժոռնի գյուղում: Քույրը նույնպես մնում է այնտեղ: Պապս ապրում էր Էրգրի կարոտը սրտում»:

 

 
1