Պարոնա՛յք ու տիկնա՛յք պաշտոնյաներ, ձեր բոլոր ծրագրերն ու ջանքերը ձախողվելու են, քանի դեռ չեք ապահովում այդ ծրագրերի ներառականությունն ու հարգանքը Արցախի ժողովրդի իրավունքների ու ինքնության հանդեպ
Գլխավոր » Լրահոս » Պարոնա՛յք ու տիկնա՛յք պաշտոնյաներ, ձեր բոլոր ծրագրերն ու ջանքերը ձախողվելու են, քանի դեռ չեք ապահովում այդ ծրագրերի ներառականությունն ու հարգանքը Արցախի ժողովրդի իրավունքների ու ինքնության հանդեպ

Պարոնա՛յք ու տիկնա՛յք պաշտոնյաներ, ձեր բոլոր ծրագրերն ու ջանքերը ձախողվելու են, քանի դեռ չեք ապահովում այդ ծրագրերի ներառականությունն ու հարգանքը Արցախի ժողովրդի իրավունքների ու ինքնության հանդեպ

Քանի որ ՀՀ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, երեկ արցախցիների սոցիալ-տնտեսական ինտեգրման հիմնախնդիրներն են քննարկել՝ միաժամանակ նախընտրական ոգուն հարիր որոշ լուծումներ խոստանալով, այդ առումով մի քանի շեշտադրում անեմ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«1. Երբ անընդհատ ասում էինք, որ գրեթե զրոյական ներառականությամբ խնդրահարույց ծրագրեր են որոշվում ու իրականացվում կառավարության կողմից, որոնք որևէ կերպ շահառուների կարիքներն ու կարծիքները և փորձագիտական առաջարկները խորքային առումով հաշվի չեն առնում, իշխանությունները կա՛մ բոլոր ականջներն ու դռները փակում էին, կա՛մ էլ երբեմն-երբեմն ներառականության թատրոն բեմադրում՝ անհայտ արցախցիների հետ ձևական հանդիպումներ անելով, ինչպես երեկ արեց Փաշինյանը:

2. Երբ բնակարանային ծրագրի մեկնարկին ահազանգում էինք, որ վատ ծրագիր է, իսկ ընթացքում էլ ասում էինք, որ ձախողված է, մեզ բոլոր ձևերով թիրախավորում ու վիրավորում էին՝ չուզենալով որևէ կերպ ներառական գործընթացով լսել շահառուներին ու փորձագետներին: Հիմա Փաշինյանն ինքն է փաստում, որ արդեն գրեթե երկու տարի գործող ծրագրից օգտվել է միայն 1,700 ընտանիք, որը նախատեսված ընդհանուր թվի մոտ 7%-ն է:

3. Երբ մենք անընդհատ ահազանգում էինք, որ նախատեսված գումարները մեծապես չեն համապատասխանում բնակարանների շուկայական գներին, կրկին խուսափում էին իրականությանն առերեսվել՝ հղում անելով կադաստրում հայտարարագրված ոչ իրական գներին: Հիմա՝ երկար ուշացումից հետո որոշակի վերանայումներ են խոստանում Երևանից դուրս գտնվող բնակավայրերի համար, որն ինքնին լավ է հազարավոր ընտանիքների համար, բայց կիսատ ու ուշացած որոշում է, քանի որ բարձիթողի երկրորդային շուկան կրկին արձագանքելու է և մեծապես չեզոքացնի աջակցության չափի բարձրացումը:

4. Երբ ասում էինք, որ փոքրակազմ ընտանիքների, զոհվածների ընտանիքների և այլ լրացուցիչ խոցելի ենթախմբերի հատուկ կարիքներն ու կարգավիճակները լրիվությամբ անտեսում են՝ սոցիալական ու արդարության լրացուցիչ հիմնախնդիրներ հարուցելով, ծույլ, անտարբեր և ուլտրալիբերալ բյուրոկրատների տրամաբանությամբ ինչ-ինչ վարչարարական առերևույթ դժվարություններ էին մատնացույց անում:

5. Երբ առաջարկում էինք, որ խթանեն տների կառուցումը՝ երկրորդային շուկայից գնելու փոխարեն, որպեսզի շուրջ 2 մլրդ դոլլարով պետական պարտքի ավելացման արդյունքում գոնե հավելյալ արժեք ստեղծվի տնտեսության մեջ ու բնակֆոնդն էլ թարմանա, կրկին անիմաստ վարչարարական դժվարությունների մասին էին խոսում, որոնց կարգավորումն ու հաղթահարումը հենց պաշտոնատար անձանց պարտավորությունների մեջ են մտնում:

6. Երբ խորհուրդ էինք տալիս զբաղվածության արդյունավետ ծրագրեր իրականացնել և դրանք ինտեգրել բնակարանային ծրագրի հետ, որոշում կայացնողները կա՛մ կրկին չէին լսում, կա՛մ էլ որոշ խնդիրներ ընդունում էին՝ դրանից հետո ոչ մի բարելավում չապահովելով:

7. Երբ պնդում էինք, որ բնակվարձի համար տրվող աջակցության կրճատումը և սոցիալական հրատապ աջակցության ծրագիրը սխալ որոշումներ են, որոնք հանգեցնելու են արցախցիների շրջանում աղքատության մակարդակի էական բարձրացմանը, կրկին անտեսում էին ահազանգերը, ինչի հետևանքով առ այսօր էական ու մեծամասշտաբ խնդիրներ կան ոչ միայն աջակցության չափի, այլև՝ շահառուների արհեստական մերժման մասով, իսկ բնակվարձի աջակցության ծրագրի մասնակի երկարաձգումը տեղի է ունեցել զուտ նախընտրական նպատակներից ելնելով:

8. Երբ ահազանգում էինք, որ բոլոր արցախցիներին հակասահմանադրական որոշմամբ են զրկել ՀՀ քաղաքացու կարգավիճակից, ինչպես նաև առաջարկում էինք գոնե ՀՀ քաղաքացու խմբային ձեռքբերման մեխանիզմը կիրառել՝ զանգվածային ու ձգձգվող իրավախախտումներից ու վարչարարական քաշքշուկներից խուսափելու համար, կրկին որոշեցին ամենաբարդ ու ամենահյուծող մեխանիզմները կիրառել՝ զուգահեռաբար չմոռանալով առիթից առիթ թիրախավորել արցախցիներին՝ ՀՀ քաղաքացիության չդիմելու համար:

9. Երբ ահազանգում էինք հայ ժողովրդի արցախյան հատվածի դեմ թշնամանք ու խտրականություն հրահրող քաղաքականության ու հռետորաբանության վերաբերյալ, որը վարվում ու թույլատրվում է բարձրագույն մակարդակով՝ ապահովելով դրա հեղինակների ու կատարողների բացարձակ անպատժելիությունը նույնիսկ քրեական վարույթների առկայության պայմաններում, հիմա էլ  զարմանում են, թե ինչու են արցախցիները անվստահությամբ լցված իրենց ու իրենց հեղինակած կիսատ-պռատ ծրագրերի հանդեպ:

Եվ այս շարքը, ցավոք, շատ երկար է: Հիմա էլ «մտահոգված» Փաշինյանն ու իր պալատականները պնդում են, որ իրենք ցանկանում են աջակցել արցախցիներին Հայաստանում տնավորման ու հոգեբանական դժվարությունների հաղթահարման հարցում: Պարոնա՛յք ու տիկնա՛յք պաշտոնյաներ, ձեր բոլոր ծրագրերն ու ջանքերը ձախողվելու են, քանի դեռ անկեղծ, սրտացավ ու արհեստավարժ կերպով չեք ապահովում այդ ծրագրերի ներառականությունն ու հարգանքը Արցախի ժողովրդի իրավունքների ու ինքնության հանդեպ, որը հակասում է ձեզնից շատերի արժեհամակարգին, քաղաքական փիլիսոփայությանը և կառավարման սկզբունքներին»,- գրել է նա:

1