ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի արհեստական ձգձգումը առաջացնում է արցախցիների դժգոհությունը
Գլխավոր » Լրահոս » ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի արհեստական ձգձգումը առաջացնում է արցախցիների դժգոհությունը

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի արհեստական ձգձգումը առաջացնում է արցախցիների դժգոհությունը

Վերջին ժամանակաշրջանում բավականին ակտիվացել է արցախցիների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ցանկությունը։ Օնլայն հարթակների մեկնաբանություններից և առանձին մարդկանց կարծիքները լսելով՝ հասկանալի է դառնում, որ այն պայմանավորված է բնակապահովման ծրագրից օր առաջ օգտվելու հնարավորության հետ։ Քանի որ այլևս հնարավոր չէ և՛ բնակարանի վարձավճար վճարել, և՛ հոգալ կենցաղային մնացած հարցերը։ Առանձնապես մեծ խնդրի առաջ են կանգնել այն մարդիկ, ովքեր ոչ մի սոցիալական աջակցությունից չեն օգտվում։

Սակայն քաղաքացիություն ստանալն էլ այնքան հեշտ չէ։ Արցախցիներից շատերը դժգոհ են, որ այդ գործընթացը ձգձգվում է ամիսներով, ստեղծելով արհեստական դժվարություններ։

Ստեփանակերտ քաղաքից տեղահանված Անահիտն արդեն մեկ ամիս է, ինչ օնլայն հայտ է լրացրել քաղաքացիություն ստանալու համար։

-Քանի որ 2026 թվականի հունվարից այլևս թղթային դիմումներ չեն ընդունում, ես օնլայն եմ հայտ ներկայացրել, որին ի պատասխան հաղորդագրություն ստացել հայտը վարույթ ընդունելու մասին։ Անցել է ավելի քան 25 աշխատանքային օր, սակայն այցելության օր նշանակելու համար նոր հաղորդագրություն չեմ ստացել։ Երեք անգամ զանգահարել եմ թեժ գիծ, որպեսզի իմանամ, թե գործընթացն ինչ ընթացքում է, ինչումն է խնդիրը։ Վերցրել են տվայլներս, ասելով, որ կփոխանցեն համապատասախան բաժին, սակայն մինչև այսօր պատասախան չկա։ Քաղաքացիություն ընդունելու իմ շտապողականությունը կոնկրետ կապված է բնակապահովման ծրագրից օգտվելու հետ։ Այլևս հնարավոր չէ ողջ աշխատավարձս ուղղել տան վարձավճարին ու մնալ դատարկաձեռն։ Ունեմ երկու երեխա։ Նրանց տրամադրվող աջակցության գումարով ենք գոյատևում։ Ինձ նման շատ մարդիկ կան, ովքեր սպասում են քաղաքացիություն ընդունելուն։ Լսել եմ, որ փաստաթղթերը վերջնական հանձնելուց հետո ամիսներ անց միայն կարող է քաղաքացիություն շնորհվել։

1