Տեղի է ունեցել «Հայաստանի պատմություն» գրքաշարի 6-րդ «Ղարադաղ» հատորի շնորհանդեսը
Գլխավոր » Լրահոս » Տեղի է ունեցել «Հայաստանի պատմություն» գրքաշարի 6-րդ «Ղարադաղ» հատորի շնորհանդեսը

Տեղի է ունեցել «Հայաստանի պատմություն» գրքաշարի 6-րդ «Ղարադաղ» հատորի շնորհանդեսը

2020թ․ փետրվարի 27-ին մահկանացուն կնքեց մեր ժամանակների մեծ հուշարձանագետ, Հայկական լեռնաշխարհում և աշխարհի այլ վայրերում գոյություն ունեցող հայկական պատմական հուշարձանների մասիտ տեղեկացնող, Սամվել Կարապետյանը։ Նրա թողած ժառանգությունը մեծ գանձ է մեր ժողովրդի համար։

Փետրվարի 26-ին Երևանում՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) նստավայրի Արմեն Հախնազարյանի անվան դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի պատմություն» գրքաշարի 6-րդ «Ղարադաղ» հատորի շնորհանդեսը։ Ներկա էին ՀՃՈՒՀ բարեկամներ, գիտնականներ, հայկական ճարտարապետությամբ հետաքրքրվողներ, արցախցի հուշարձանագետներ՝ Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, «Հայաստանի պատմություն» գրքաշարի բաժանորդներ, հյուրեր։

Ներկաներին ողջունեց ՀՃՈՒՀ վարչական հարցերի և հրատարակությունների գծով համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։ Ներկայացրեց հիմնադրամի պատմությունը։ Մեր պատմական հայրենիքի շուրջ 400.000 քառակուսի կիլոմետր մակերես զբաղեցնող Պատմական Հայաստանի (Մեծ և Փոքր Հայքեր) մեծագույն հատվածը դարերի ընթացքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների պատճառով ներկայումս ներառված չէ Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ, որի հետևանքով էլ հայկական պատմական հուշարձանների զգալի մասը հատկապես Թուրքիային, Ադրբեջանին և Վրաստանին բռնակցված տարածքներում ենթարկվում է միտումնավոր ոչնչացման: Եվ այդ հուշարձանները՝ նախնյաց հիշատակները, գոնե թղթի վրա փրկելու մղումով 1969-1970 թթ. ճարտարապետ Արմեն Հախնազարյանը ձեռնամուխ է լինում Արևմտյան Հայաստանի (այժմ՝ Արևելյան Թուրքիա) հուշարձանների ուսումնասիրման և վկայագրման գործին: 1982 թ. Գերմանիայի Աախեն քաղաքում հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հասարակական կազմակերպությունը: ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայում, 1996 թ․ սկսեց գործել ՀՃՈՒ կառույցի մասնաճյուղը։ Հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 1998 թ․ և գրանցվել որպես հասարակական կազմակերպություն, իսկ 2010-ից՝ հիմնադրամ։ Մինչև 2020 թվականը՝ իր մահկանացուն կնքելը, Սամվել Կարապետյանը եղել է ՀՃՈՒ հիմնադրամի Երևանյան մասնաճյուղի տնօրենը։

«Հայաստանի պատմություն» գրքաշարի հեղինակը նույնպես Սամվել Կարապետյանն է։ Նախատեսած է՝ 9-10 տարիների ընթացքում տպագրել գրքաշարի 36 հատոր՝ Հայոց այբուբենի հնչյունների քանակով և ներկայացնել Հայկական լեռնաշխարհի 36 գավառների պատմությունն ու մշակույթը, պատմական հուշարձանները։ 2022 թ․ հունվարի դրությամբ լույս է տեսել գրքաշարի առաջին 5 հատորը՝ Ա․ «Հայոց ձոր»-2015թ․, Բ․ «Սալմաստ»-2017թ, Գ․ «Արծկե»-2018թ․, Դ․ «Մռավականք»-2019թ․, Ե․ «Խնուս»-2022թ։ Եվ արդեն լույս է ընծայվել 6-րդ «Ղարադաղ» հատորը՝ Էմմա Աբրահամյանի համահեղինակությամբ։

Գրքաշարի «Ղարադաղ» հատորի կայացման մասին ներկայացրեց համահեղինակ Էմմա Աբրահամյանը՝ Ս․ Կարապետյանի կինը, ով նաև ՀՃՈՒՀ տնօրենների խորհրդի նախագահն է։ Նախ տեղեկացրեց՝ փետրվարի 27-ին ամուսնու հիշատակի օրն է։ 6 տարի առաջ Ս․ Կարապետյանը կնքեց մահկանացուն։ «Ղարադաղ» հատորի վրա շատ է աշխատել, իրեն օգնել են հիմնադրամի աշխատակիցները՝ իրենց թիմը։ Ասաց նաև՝ այժմ աշխատում են հաջորդ հատորների վրա։ Ցուցադրվեց նաև ֆիլմ, որում Ս․ Կարապետյանը պատմում է՝ ինչպես են կարողացել ուսումնասիրել Իրանի տարածքում գտնվող Ղարադաղը։ Չնայած բազում դժվարություններին՝ Սամվելն ու իր թիմը, ինչպես այլ տարածքներում, այստեղ ևս կարողացել են աշխատել, գտնել, ուսումնասիրել ու չափագրել, լուսանկարել հայկական հուշարձանները։ Գրեթե 500 էջ ունեցող մեծածավալ գրքում առկա են բազում լուսանկարներ, փաստեր հայկական Ղարադաղի մասին։ Է․ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց նաև նրանց, ովքեր իրենց տրամադրել են փաստաթղթեր, լուսանկարներ, այլ նյութեր, որոնք օգտագործվել են գրքում։

Անդրադարձ եղավ Ղարադաղի տարածքում հայկական դպրոցների, եկեղեցիների, իշխանական տների մասին։

Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին, բաժանորդներն ստացան իրենց գրքերը, ներկաներին նվիրվեցին Նոր Ջուղայի եկեղեցիներին և Ղարադաղ գավառը ներկայացնող պաստառ: Եղավ նաև հյուրասիրություն։

Զոհրաբ Ըռքոյան

1