Արցախի իշխանությունները Եռաբլուր են այցելել
Արցախի իշխանությունները այցելել են Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհել Արցախյան շարժման նվիրյալների հիշատակին:
37 տարի առաջ այս օրը՝ 1988 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ պատմական նստաշրջանը: ԼՂԻՄ Գերագույն խորհրդի փետրվարի 20-ին որոշումը Խորհրդային միության համակարգում դարձավ առաջին պոռթկումը, որը չենթարկվեց «կենտրոնի» հակակշռին: Հենց այդ առանձնահատկությունից ելնելով է, որ Արցախյան փետրվարյան իրադարձությունները համարվում են անկյունադարձային ոչ միայն հայ իրականության մեջ, այլև Խորհրդային միության փլուզման հոլովույթում:
Փետրվարի 20-ի խորհուրդը փաստում է, որ յուրաքանչյուր հավաքական ուժ կարող է իր ինքնուրույն որոշմամբ ստիպել շատ ավելի ուժեղներին հաշվի նստել իր որոշման հետ և հանուն իրավունքի վերականգման իրականացնել հաճախ անիրականանալի թվացող նպատակներ:
