Տեղահանված մեր հայրենակիցները ստիպված են  լինում վերջին գումարը վճարել, որ վերականգնեն փաստաթղթերն ու օգտվեն բնակարանային ծրագրից. Արսեն Սառաջյան
Գլխավոր » Լրահոս » Տեղահանված մեր հայրենակիցները ստիպված են  լինում վերջին գումարը վճարել, որ վերականգնեն փաստաթղթերն ու օգտվեն բնակարանային ծրագրից. Արսեն Սառաջյան

Տեղահանված մեր հայրենակիցները ստիպված են  լինում վերջին գումարը վճարել, որ վերականգնեն փաստաթղթերն ու օգտվեն բնակարանային ծրագրից. Արսեն Սառաջյան

Թե ինչ իրավական խնդիրների են բախվում տեղահանված արցախցիները և ինչպիսի իրավախորհրդատվական աջակցություն է նրանց ցուցաբերվում Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում գործող աշխատանքային խմբի կողմից՝ «Ապառաժ»-ը զրուցել է Արսեն Սառաջյանի հետ։

-Արցախցիների խնդիրներն առաջին հերթին կապված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և որպես հետևանք բնակարանային ծրագրից օգվելու հետ։ Չնայած ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարել են, որ բնակարան ձեռք բերելու հավաստագրից օգտվելու պարագայում՝ Արցախում «սև ցուցակ» կոչվածում ընդգրկված անձինք խնդիր չեն ունենալու, սակայն համենայնդեպս որոշակի խնդիրների են հանդիպում։ Հատկապաես դրանք արտահայտվում են այն դեպքում, երբ քաղաքացին սերտիֆիկատին զուգահեռ ցանկանում է նաև օգտվել հիփոթեքային վարկավորումից, քանի որ սերտիֆիկատով նախատեսվող գումարները մեծամասամբ չեն բավարարում բնակարան գնելու և բնակարանային խնդիրը լուծելու համար։

Այս պարագայում կառավարությունը որևէ լուծում չի առաջարկում և քաղաքացիներն իրենց խնդիրների հետ մնացել են մենակ։

Հաջորդ խնդիրը, որն էլի մեծ տարածում է ստացել արցախցիների շրջանում, դա աշխատանքային ստաժերի վերականգնման հետ կապված խնդիրն է։ Բոլորին հայտնի է, թե ինչպես է արցախցին իր բնակավայրից դուրս եկել։ Շատ դեպքերում մարդիկ նույնիսկ հնարավորություն չեն ունեցել տուն մտնել ու վերցնել անհրաժեշտ փաստաթղթերը և այդ պատճառով բազմաթիվ արցախցիներ չունեն աշխատանքային գրքույկ։ Այս պահին գործող և առաջարկվող միակ տարբերակը դատական կարգով վերականգնելու հնարավորությունն է։ Չնայած որ օրենսդրությունը նախատեսում է նաև նման պայմաններում (տարերային աղետներ, բնական կատակլիզմներ, ինչպես նաև պատերազմների հետևանքով ստեղծված իրավիճակ) հանձնաժողովի ստեղծում և ստաժների վերականգնում ավելի արագացված ու պարզեցված կարգով։ Սակայն փաստաթղթերի վերականգնման միակ ճանապարհն այսօր արցախցիների համար դատական կարգն է։ Հանուն արդարության պետք է նշել, որ որոշակի դրական փոփոխություններ կատարվել են Կառավարության համապատասխան որոշման մեջ և նախատեսվել են ստաժի հաշվարկման որոշակի լրացուցիչ ու դրական մեխանիզմներ, բայց դրանք վերաբերում են միայն այն դեպքերին, երբ մարդն ունի աշխատանքային գրքույկ։

Կապված քաղաքացիություն ստանալու հետ մեծ խնդիր է նաև արցախցիների անհրաժեշտ փաստաթղթերի՝ ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների վերականգնումը։

Տեղահանված արցախցիներին որևէ լրացուցիչ արտոնություն չի տրվում։ Արցախցին կրկին ստիպված է լինում նույն ճանապարհն անցնել, դիմել քաղաքացիական ակտերի գրանցման մարմիններին։ Եթե հնարավոր է լինում, վերականգնվում է տվյալ ակտային գրանցումը (ինչն էլ կազմում է շատ չնչին տոկոս), իսկ հակառակ դեպքում քաղաքացին ստիպված է լինում իր ակտային գրանցումը վերականգնել երկու ճանապարհով՝ կամ  նոտարական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու միջոցով կամ դատական կարգով։

Երկու դեպքերում էլ զգալի պետական տուրքեր են գործում, իսկ արցախցին, բոլորին հայտնի է, ինչ կարգավիճակում է գտնվում։ Արդյունքում ստիպված է լինում վերջին գումարը վճարել, որ վերականգնի փաստաթղթերն ու օգտվի բնակարանային ծրագրից։

Հաշվի առնելով, որ 2026 թվականի հունվարի 5-ից սկսած ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու վերաբերյալ թղթային դիմումներ չեն ընդունվում և մեր հայրենակիցները քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում առնչվում են մի շարք խնդիրների, ուստի մեր գործընկերները մեծ սիրով օգնում են լրացնել դիմումները։ Դիմումներն առցանց լրացնելու նորամուծությունը բավականին վատ է անդրադառնում, քանի որ քաղաքացիների  մեծամասնությունը չի կարողանում օգտվել նոր տեխնոլոգիաներից։ Նույնիսկ մինչև հիմա շատերի մոտ հին մոդելների հեռախոսներ են, որոնցով ինքնին հնարավոր չէ ըստ պահանջվող կետերի դիմումը լրացնել։

Հիմնական խնդիրները սրանք են, ինչի համար տեղահանված արցախցիները դիմում են Հայաստանի Հանրապետությունում Արցախի Մշտական ներկայացուցչություն։ Մենք մեր հնարավորությունների սահմաններում իրավական աջակցություն ենք ցուցաբերում։ Մեր աշխատանքային խումբը պատրաստակամ է, առկա  կարողությունների ու հնարավությունների չափով աջակցելու յուրաքանչյուր դիմողի։

Ապառաժ

1