Ովքեր են աջակցություն ցուցաբերել արցախցիներին․ Նժդեհ Իսկանդարյանն անուններ է հնչեցրել
Գլխավոր » Լրահոս » Ովքեր են աջակցություն ցուցաբերել արցախցիներին․ Նժդեհ Իսկանդարյանն անուններ է հնչեցրել

Ովքեր են աջակցություն ցուցաբերել արցախցիներին․ Նժդեհ Իսկանդարյանն անուններ է հնչեցրել

ԱՀ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը անուններ հրապարակեց՝ արցախցի որ գործարարներին է դիմել աջակցության համար ու ով ինչպես է արձագանքել.

Սամվել Կարապետյանն արձագանքել ու աջակցություն է տրամադրել Հայկազովի բենզինի պահեստի պայթյունից զոհված 238 ընտանիքների և սեպտեմբերի 19-ին ու 20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական 22 անձանց։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Ընդհանուր թվով 260 անդամների մասին է խոսքը։ Կարապետյանները 50.000 դրամ աջակցություն են ցուցաբերել յուրաքանչյուրին։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին ու իր թիմինն։

«Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ն 5 միլիոն դրամ է հատկացրել, Գագիկ Ծառուկյանը ևս գումար է հատկացրել 3 միլիոն դրամ, Լևոն Քոչարյանը՝ 2 միլիոն է փոխանցել, ընդ որում՝ ունենք պայմանավորվածություն. ցանկություն է հայտնել պարբերաբար աջակցել այս ծրագրին։ «Արցախ» բանկը 1 միլիոն 600 հազար դրամ է փոխանցել, Արդշինբանկը 3 ուսանողների ուսման վարձն է վճարել՝ 1 միլիոն 330 հազար դրամ։ Սիրուշոն ևս արձագանքել է մեր կոչին, 1 միլիոն դրամ է փոխանցել»,-հայտնել է Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ եղել են արցախցիներ, որոնք ևս աջակցություն են տրամադրել, սակայն ցանկացել են մնալ անանուն։
Իսկանդարյանը հավելել է, որ ամենա խոցելի խումբը բենզինի պայթյունից զոհվածների ընտանիքներն են, որոնք կարգավիճակ չունեն, մինչ օրս ՀՀ կառավարությունը մատների արանքով է նայում։

«Բացի այն 260 ընտանիքները, որոնց Սամվել Կարապետյանն է աջակցություն տրամադրել, մենք ևս 120 ընտանիքների տարբեր դրամական միջոցներ ենք հատկացրել։ Հիմնականում դրանք սոցիալական, բժշկական ոլորտներում են եղել։ Ունեցել ենք քաղաքացիներ, որոնք կարգավիճակ չունեն, բայց հայտնվել են ծանր իրավիճակում։ Բարեգործական հիմնադրամն առաջիկայում էլ շարունակելու է իր աշխատանքը»,-ասել է նա։

1