Այսօր հայդուկապետ Նիկոլ Դումանի ծննդյան օրն է
-Սա մարդ չէ, սա դուման է (փոթորիկ) է,- ասում են քրդերը` հիացած ֆիդայու համարձակությամբ ու արիությամբ և երգեր են հյուսում նրա մասին: Այդ օրվանից Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը դարձավ Նիկոլ Դուման:
Հունվարի 12-ը դաշնակցական Նիկոլ Դումանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1867 թ. Արցախի Խաչեն գաւառի Ղշլաղ գյուղում, քահանայի ընտանիքում:
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչը իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին և ինքնապաշտպանության կազմակերպմանը։
Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ կազմակերպված ջարդերից հետո Նիկոլ Դումանը որոշեց ամբողջությամբ նվիրվել ազգային շարժմանը՝ դառնալով հայ ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը։ Նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ 1897 թվականին իրականացվեց Խանասորի հայտնի պատժիչ արշավանքը, որը նշանակալի դեր ունեցավ հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործում։
1905 թվականին, հայ-թաթարական ընդհարումների ընթացքում, Նիկոլ Դումանը կազմակերպեց հայ բնակչության պաշտպանությունը Երևանի նահանգում և Արարատյան դաշտում՝ դրսևորելով ռազմական հմտություններ և վճռականություն։ 1909 թվականին նա անցավ Պարսկաստան, որտեղ ղեկավարեց Թավրիզի պաշտպանությունը՝ ցույց տալով իր անզիջում նվիրումն ազգային գաղափարին։
Հիվանդության պատճառով, չկարողանալով մասնակցել 1914 թվականին ծավալված հայկական կամավորական շարժմանը, Նիկոլ Դումանը ստիպված եղավ հրաժարվել իր ակտիվ պայքարից։ Խոր տառապանքի և առողջական ծանր վիճակի հետևանքով նա ինքնասպան եղավ:
Նիկոլ Դումանի մահով մեր կյանքից հեռացաւ հեղափոխականի անկոտրում կամքն ու մարտական անպարտելի տաղանդը մարմնաւորող անզուգական Հայը, որ գաղափարական դպրոց էր նոր սերունդների համար։
