Մենք վճռական ենք պաշտպանելու մեր Եկեղեցին, որ չարժանանա Արցախի ճակատագրին․ Աշոտ Սարգսյան
Գլխավոր » Լրահոս » Մենք վճռական ենք պաշտպանելու մեր Եկեղեցին, որ չարժանանա Արցախի ճակատագրին․ Աշոտ Սարգսյան

Մենք վճռական ենք պաշտպանելու մեր Եկեղեցին, որ չարժանանա Արցախի ճակատագրին․ Աշոտ Սարգսյան

         

Տարբեր լրատվամիջոցներից հաճախ ենք տեղեկանում, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, որի իրավունքը չունի: Ինչպես հայտնի է երկրի Սահմանադրությունը պետության հիմնական օրենք է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը:

ՀՀ Սահմանադրության հոդված 18-ում նշված է.                                    

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Մեր պարագայում նման օրենք գոյություն ունի, ներկայացնենք միայն երկու հոդված.

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները:

Հոդված 2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով,  եւ նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

 Բացի դրանից գոյություն ունի «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որը տեղեկացնում է.

— Ղեկավարվելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրով, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգեւոր զարթոնքը, նրա դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները, ճանաչելով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար:  

Հիմա հարց է առաջանում, երբ Հայ Առաքելական Եկեղեցին կատարում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր բացառիկ առաքելությունը, այսինքն պայքարում է աշխարհիկ իշխանությունների կողմից հայկական մշակույթի զարգացմանը խոչընդոտող գործողությունների դեմ, ինչպես նաեւ նպատակաուղված եւ օրենքով նախատեսված միջոցներով պահպանում մեր ազգային ինքնությունը, դա նշանակում է, որ զբաղվո՞ւմ է քաղաքականությամբ: Եթե՝ այո՛, ապա մենք պետք է շնորհակալ լինենք Հայ Եկեղեցուն:

Եկեղեցին սովորաբար հանդես է գալիս որպես գաղափարաբանություն եւ կազմակերպության ամբողջություն: Մեր ազգային ինքնատիպությունը, անհատականությունը մեծապես կախված են եղել Եկեղեցու կազմակերպությունից: Հայ Առաքելական Եկեղեցին իր կազմակերպությամբ դարձել էր հայ պետություն, երբ Հայաստանը կորցրել էր պետականությունը: Այն եղել է հայկական թաքնված կազմակերպություն, իշխանություն, վարչություն՝ հաստատված հայության հոգեւոր-կամավոր հպատակության վրա:

Հայ Առաքելական Եկեղեցին բացառիկ դերակատարություն է ուեցել եւ ունի՝ պահպանելու եւ զարգացնելու մեր մշակույթը, լեզուն ու գրականությունը, արվեստները, դաստիարակությունը եւ սոցիալական զարգացումը: Մեծ է եւ Եկեղեցու դերը երկրի ինքնապաշտպանության գործում: Ահա այդ պատճառով էլ հայության թշնամիները, իսկ մեր պարագայում  Նիկոլը եւ իր ՔՊ-ական ոհմակը, քաջ գիտակցելով Եկեղեցու նաեւ քաղաքական ազդակ լինելու պարագան՝ իրենց սրերը ուղղել են նրա դեմ:

Նման ազգադավ ստահակներն հիշեցնենք, որ Եկեղեցին շենք-շինությունները չեն, ոչ էլ Ամենայն Հայոց Հայրապետը եւ հոգեւոր դասը ( Եկեղեցու սպասավորները), այլ Հայ Առաքելական Եկեղեցու բազմամիլիոն հավատացյալները: Մենք վճռական ենք պաշտպանելու մեր Եկեղեցին, որ չարժանանա Արցախի ճակատագրին:

                                                                                                 Աշոտ Սարգսյան

1