Ինչ աջակցություն է նախատեսվում տեղահանված փոքրաթիվ ընտանիքների համար
Կառավարությունը մշակել է նոր նախագիծ, որով առաջարկվում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների համար նոր ծրագիր սկսել։ Դա վերաբերելու է, այն տեղահանվածներին, ովքեր իրավունք ունեն այս պահի դրությամբ ստանալ բնակապահովության հավաստագրերը, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանալու:
Ըստ ԱՍՀ նախարարության` այդ ընտանիքները հիմնականում փոքրաթիվ, 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներն են, ովքեր ունեն, օրինակ՝ խորը հաշմանդամության կարգ, կամ ծանր հաշմանդամության կարգ, կամ բարձր տարիքի են։ Նրանց համար նոր ծրագրով առաջարկվում է այլընտրանք։
Եթե նրանք բավարարում են ծրագրի բոլոր պայմաններին, որոնք թույլ են տալիս նրանց օգտվել հավաստագրից (դա հիմնականում քաղաքացիության պահանջն է), բայց չեն կարողանալու, որովհետև այդ գումարը քիչ է լինելու, նրանց հնարավորություն կտրվի գրանցվել սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում, որպես պոտենցիալ շահառու։
<Քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տալ այդ բնակարանային ֆոնդը, որովհետև այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով, 10 տարի ժամանակով>,-ասել է Թորոսյանը Կառավարության նիստում։
Նախարարի խոսքով, եթե 10 տարվա ընթացքում իրենց բնակության վայրին մոտ գտնվող վայրում ունենան սոցիալական բնակարան, քաղաքացիներին կառաջարկվի որևէ փուլում տեղափոխվել այդ բնակարան, որպես ավելի կայուն ապրելու վայր, եթե նրանք հրաժարվեն այդ պահին՝ կզրկվեն այդ միջոցառումից, եթե համաձայնեն՝ կշարունակեն։
