«Ես չհանձնվեցի և ուզում եմ, որ մյուսներն էլ չհանձնվեն». արցախցի երաժիշտ
Դեկտեմբերի 31-ին Փարիզի կինոթատրոններում կցուցադրվի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆրանս-հայկական դրաման, որի հիմնական երգերից մեկը արցախցի երաժիշտ, ռեպեր, Վալերի Լյոկա Ղազարյանի <<Հասցեն իմ նույնն է>> երգն է։ «Nouvelles d’Arménie»-ի հետ զրույցում երգիչը կիսվել է ֆիլմում իր մասնակցության և իր ստեղծագործական ուղու մասին։
«Հայրենասեր ռեփերը՝ երկաթյա ոտքով ու սրտով՝ Արցախից»․ այդպես է իրեն նկարագրում 36-ամյա երաժիշտ Լյոկան։ Այժմ, բնակվելով Հայաստանում, նա շարունակում է գրել ու ձայնագրել երգեր, որոնք ծնվում են պատերազմի և վերապրման հիշողություններից։
2019 թվականին Լյոկան թողարկեց «Տուն տարեք» երգը, որը, ինչպես ասում է նա, ծնվել է իր սեփական ցավից ու կորստից։
«Տուն տարեք>>_ում ես խոսեցի իմ անձնական վշտի մասին, բայց մեկ տարի անց՝ 2020-ի պատերազմից հետո, դա դարձավ բոլորիս վիշտը», — պատմում է նա։
«Ինձ քանդել են շատ,
ես շարունակել եմ շարել,
շարունակել եմ ներել ,
շարունակել եմ լինել», — մեջբերում է նա սեփական տողերից, ապա ավելացնում. «Իմ երգերում շատ են վիշտն ու կորուստը, բայց դրանք իրականում կյանքի մասին են՝ ապրելու մասին»։
2020-ի պատերազմից հետո Լյոկայի համար դժվար էր շարունակել ստեղծագործական ուղին։ Ամիսներ շարունակ իրեն մեղավոր էր զգում, որ «Տուն տարեք» երգը կարծես «կանխատեսել» էր Արցախի ժողովրդի համար տան կորստի իրականությունը։
Այդ շրջանում Ստեփանակերտի ժամանակավոր կացարաններից մեկում նա հանդիպեց 91-ամյա ջութակահար Կիմա Գաբրիելյանին՝ Շուշիից տեղահանված։ Կիման հրաժարվել էր լքել իր տունը մինչև վերջին պահը, երբ ադրբեջանական զորքերը արդեն գրավել էին քաղաքը։ Չափազանց ծանր էր տանում որդու գերեզմանի կորուստը, հազարավոր զոհված երիտասարդ զինվորների հիշատակը, իր տան և իր սիրելի ջութակի կորուստը։ Լյոկան ընկերների հետ ջութակ պատվիրեց Երևանից ու նվիրեց Կիմային։ Միասին երգելու ու նվագելու խոստումը ապրեցրեց Կիմային, ինչն էլ իր հերթին ուժ տվեց երգչին. Կիմա տատիկի հետ երգելուց ելույթ ունենալու նրա հույսից ոգեշնչված՝ Լյոկան գրել է «Ես դեռ կամ» երգը, որտեղ հենց Կիման է նվագում ջութակով։ «Ես ուզում էի օրինակ լինել ուրիշների համար», — բացատրում է նա։ «Ես չհանձնվեցի և ուզում եմ, որ մյուսներն էլ չհանձնվեն»։
Երբ Լյոկան 2022 թվականին գրել է «Հասցեն իմ նույնն ա» երգը, ոչ այդ ժամանակ, ոչ էլ արդեն «Արտոյի երկիրը» ֆիլմի ստեղծագործական խմբին միանալիս, որ այն վերջում կդառնա ֆիլմի սաունդթրեքը։ Այն պահին նա արդեն ներգրավված էր ֆիլմի ստեղծման պրոցեսում և նույնիսկ փոքր դերով հայտնվում է էկրանին։
Ֆիլմի մի տեսարանում դեպի Մարտակերտ շարժվող ավտոբուսի ուղևորներից մեկը սկսում է երգել այդ երգը։ Այդ պահը խորապես ազդել է ֆիլմի ստեղծագործական թիմի վրա, և երգն, ի վերջո, ընտրվել է որպես ֆիլմի հիմնական սաունդթրեքներից մեկը։
Երգի հեղինակ-կոմպոզիտորը ևս Արցախում ծնված արվեստագետ է՝ Արտյոմ Վալտերը, որը, Լյոկայի նման, հաճախ ներշնչվում է հայրենիքի և ինքնության թեմաներից։ Արտյոմ Վալտերը գրում և կատարում է նաև արցախյան բարբառով՝ պահպանելու տեղական լեզուն ու մշակույթը։ «Նույնիսկ եթե մենք այլևս Արցախում չենք, մեր հասցեն նույնն է մնացել և միշտ էլ այդ նույնը կլինի՝ Արցախ», — ասում է Լյոկան։
Լյոկան «Հասցեն իմ նույնն ա» երգը կատարել է հայկական էստրադային երգիչ Սևակ Խանաղյանի հետ՝ մեծ համերգներ ունենալով Սոչիում, ԱՄՆ մի շարք քաղաքներում և, վերջապես, Նյու Յորքի Թայմս Սքվերում։ «Ես ինձ տեսնում եմ որպես Արցախի մշակութային դեսպան», — ասում է նա։ «Իմ յուրաքանչյուր երգ պատմություն է պատմում, և իմ անձնական ճանապարհով ես պատմում եմ մի ամբողջ ժողովրդի պատմությունը»։
Այսօր Լյոկան Հայաստանի Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում կառուցում է իր չորրորդ տունը՝ երեքը կորցնելուց հետո։ «Ամբողջ կյանքումս ստիպված եմ եղել թողնել իմ տունը», — ասում է նա։ «Ամեն անգամ հետս թողել եմ իմ հիշողությունները, մանկությունս, նույնիսկ մորս ու եղբորս գերեզմանները։ Դա նման է մանկության տրավմայի՝ մշտապես կիսակառույց տունն անընդհատ թողնելուն, որովհետև տունը միայն պատերը չեն։ Դա նաև ներսի ջերմությունն է, մոմի լույսով գիշերները, երբ հավաքվում էինք, գրում բանաստեղծություններ, ուրախանում միասին»։
Նրա համար տունը այն կյանքն է, որը շրջապատում է այդ պատերը՝ համայնքային այն ոգին, որ Արցախի հայերը կորցրին իրենց տների հետ միասին։ «Մեզ վրա ապրելու պարտականություն կա», — ասում է նա- Ապրելու նրանց համար, ովքեր իրենց կյանքը տվեցին, որ մենք դեռ ապրենք»։
Նա չի բացառում մի օր Արցախ վերադառնալու և այնտեղ նոր տուն կառուցելու հնարավորությունը։ Սակայն այժմ Մրգաշենի իր դեռևս անավարտ տանը կինը և ինքը սպասում են իրենց առաջնեկի ծնունդին՝ նոր կյանքի, որը, ինչպես ասում է նա, իմաստ է տալիս բոլոր այն տներին, որոնք դեռ պետք է կառուցի։

Lyoka during the filming of his song “Tun Tareq” in 2019, in the yard of their house in New Maraga, Artsak

Lyoka and Kima recording “Yes Der Kam” in studio, 2021 — Kima on violin, Lyoka collaborating on vocals and lyrics\
Հարցազրույցը հրապարակվել է «Nouvelles d’Arménie» ամսագրում։
