Արցախցիների համար երկու սոցիալական ծրագրերը կերկարաձգվեն
Գլխավոր » Լրահոս » Արցախցիների համար երկու սոցիալական ծրագրերը կերկարաձգվեն

Արցախցիների համար երկու սոցիալական ծրագրերը կերկարաձգվեն

Արցախցիների առանձին խմբերի համար նախատեսված սոցիալական աջակցության 2 ծրագրեր նախատեսվում է երկարաձգել առնվազն 6 ամսով։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերին։

«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար, իսկ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ կազմել է 40000 դրամ, իսկ 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ կազմում է 30000 դրամ»,- հիշեցնում են նախարարությունից։

Սոցիալական աջակցության ամսական չափը ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40 հազար դրամ է, իսկ երկրորդ անդամից սկսած՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 հազար դրամ:

Նախարարությունից հայտնում են, որ արդեն իսկ մշակվել և պաշտոնական շրջանառության մեջ է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է աջակցությունների տրամադրման համար նախատեսված դիմումների ժամկետը սահմանել մինչև 2026 թվականի հունիսի 15-ը:

1