ՀՕՄ Արցախի մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվել էր արցախյան ուտեստների օր
Դեկտեմբերի 20-ին Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղի նախաձեռնությամբ արցախյան ուտեստների օր էր կազմակերպվել, ներկայացվել էր արցախյան խոհանոցն իր համեղ ուտեստներով։ Միջոցառումը համեմված էր ասմունքով, երգերով ու պարերով։ Արցախյան օրն իր մաղթանքներով, երգով Արցախի այայի կերպարով զարդարեց ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանը։
ՀՕՄ-ի Հայաստանի Արցախի միավորի ատենապետուհի Մելանյա Բալայանն իր խոսքում գնահատել է արցախցի ՀՕՄ-ուհիների՝ Արցախում կատարած աշխատանքը և խոսել նրանց առաքելության մասին՝ ստեղծված նոր պայմաններում։
Նա կոչ է արել չհուսահատվել, սրբությամբ պահել հայկականը, ազգայինը։ «Մեր ժողովրդին ուժ կորով ու իմաստնություն եմ մաղթում՝ չտրվելու պահական երևույթներին ու կեղծ արժեքներին։ Գնանք իրական արժեքների հետևից, պաշտենք իրական արժեքները»,- նշել է նա։
ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանը կարևորել է այդպիսի հանդիպումներ կազմակերպելը՝ իրար ուժ տալու, առօրյա հոգսերը միասին հաղթահարելու համար։
«Առանց Արցախ հենարան չկա, մենք պետք է վերադարձնենք մեր հենարանը։ Մեր ազգային ոգեղեն արժեքների ոսկե շղթան չի կտրվի»,- շեշտել է նա։
ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանն էլ խոսել է իրար հաճախակի տեսնելու, հավաքվելու կարևորության մասին։
«Արդարությունը վաղ թե ուշ կհաղթի, կարող է մի քիչ ուշանալ, բայց չպետք է հուսահատվել, պետք է ղարաբաղյան լեզուն, մշակույթը կենդանի պահել, որպեսզի մի օր միասին գնանք Ղարաբաղ»,- ասել է նա։
Իսկ սեղանին Արցախյան խաշիլն էր, ժենգյալով հացը, պյուտը, թերթերուկը, փախլավան։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ուտելիքների պատրաստման եղանակները, դրանց նվիրված զրույցներ ու խաղիկներ։
