Վերադարձ՝ վերադարձի հույսով
1917 թվականին Շուշիում լույս տեսնող և ապա 1990-ականներին վերածնված «Ապառաժը» հայ մամուլի այն եզակի պարբերականներից է, որը ծնվել է ազգային զարթոնքի ու պատմական բեկումնային ժամանակաշրջանում։ Այն եղել է ոչ միայն լրատվական հարթակ, այլև գաղափարական դիրքորոշում, ազգային մտքի ու պայքարի խոսնակ։
Տասնամյակների ընթացքում «Ապառաժը» անցել է դժվար ճանապարհ․ պատերազմներ, լռեցում, վերածնունդ և կրկին ընդհատում։ Սակայն ինչպես իր անունն է հուշում, այն կանգուն է մնացել՝ դիմակայելով ժամանակի մարտահրավերներին։
Այսօր «Ապառաժը» վերադառնում է՝ ոչ միայն անցյալը հիշեցնելու, այլ ներկան բացահայտելու և ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու նպատակով։ Վերադարձ՝ վերադարձի հույսով․ հույս՝ խոսքի ազատության, ազգային արժանապատվության և հայ հասարակության առողջ ինքնագիտակցության վերականգնման։
Այսօր, ցավոք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խոսքը վտանգավոր է, իսկ լռությունը` հանցավոր։
«Ապառաժը» շարունակելու է իր առաքելությունը՝ բարձրաձայնել այն, ինչ լռեցվում է, պաշտպանել ազգայինը, քննադատել ապազգայինը և լինել հանրային մտքի հարթակ՝ անկախ ժամանակավոր շահերից։
«Ապառաժը» շարունակելու է օրակարգում ունենալ Արցախի հարցն ու արցախահայության իրավունքների պայքարի ուղին։
Վերադարձը սկիզբ է։ Վերադարձ լինելու է։
«Ապառաժ»-ի խմբագրական
19 դեկտեմբեր, 2025թ.
